«Ռուսաստանի իշխանությունները վստահեցնում են, որ թույլ չեն տա ազգամիջյան հակամարտությունը տեղափոխվի Մոսկվա». «Ռաշա Արմենիայի» խմբագիր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Russia-armenia.info լրատվական կայքի խմբագիր, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը

– Տարբեր տեղեկություններ են ստացվում, որ նախօրեին Մոսկվայում ադրբեջանցիների տարբեր խմբեր հարձակումներ են գործել հայերի վրա: Ի՞նչ է կատարվում այս պահին: 

– Այս պահին կա ինֆորմացիա, որ երեկ երեկոյան և այս գիշեր տեղի են ունեցել հանցագործություններ, որոնց հետևանքով տուժել են շատ հայեր: Փաստացի տեղի են ունեցել հանցագործություններ ազգային հողի վրա: Շուրջ 50 մարդ ձերբակալվել է, և նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Կան տեղեկություններ, որ Պետերբուրգում նույնպես եղել են նման դեպքեր: 

Քիչ առաջ մենք հանդիպում ենք ունեցել Ռուսաստանում պետական իշխանության ներկայացուցիչների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, ներկա էին Մոսկվա քաղաքի ոստիկանության ղեկավարը, Մոսկվայի մարզի ոստիկանության ղեկավարի տեղակալը, ԱԴԾ-ի Մոսկվայի քաղաքային վարչության ղեկավարը, որը համարվում է ՌԴ ԱԴԾ-ի ղեկավարի տեղակալը: Հայկական կողմից մասնակցում էր նաև գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը: 

Նրանք ասացին, որ իրենք ամեն բան գիտեն, պետք չի իրենց որևէ բան ներկայացնել: Բառացիորեն ասվեց՝ փոխանցեք հայկական համայնքին, որ ռուսական իշխանությունը կձեռնարկի բոլոր միջոցները, կհարուցվեն քրեական գործեր, մեղավորներին անպայման կպատժեն, նաև կարտաքսեն Ռուսաստանից:

Ասացին, որ թույլ չեն տա, որ բազմազգ Մոսկվայում նման դեպքեր տեղի ունենան, որ ազգամիջյան հակամարտությունը տեղափոխվի Մոսկվա կամ Ռուսաստանի այլ քաղաքներ: Նրանք նշեցին, որ որոշ տեղեկություններ ունեն, որ հայ համայնքը ևս պատրաստվում է ինչ-որ տեղ հավաքվել, ինչ-որ ակցիաներ անել, և հիմա ձեր միջոցով ասում ենք՝ փոխանցեք ձեր հայրենակիցներին, որ պետք է գործել բացառապես օրենքի շրջանակներում:

Ասացին, բոլոր հանցագործներին օրենքի շրջանակներում կպատժեն: Նրանք խոստացան, որ կստուգեն բոլոր հնարավոր մասնակիցներին, կստուգեն, թե երբ և ինչպես են նրանք ստացել ՌԴ քաղաքացիություն, կզրկեն նրանց քաղաքացիությունից:

Ասացին նաև, որ հանդիպում են ունեցել նաև ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ և ասել նույն բանը, որ բոլոր մեղավորներին խիստ պատժելու են: Մոսկվայի մարզի ԱԴԾ ղեկավարը նշեց, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը ևս շատ դժգոհ է ստեղծված իրավիճակից: Հանդիպման վերջում գեներալ Տեր-Գրիգորյանցն ասել է, որ չի կարելի թույլ տալ Մոսկվայում ազգամիջյան ջարդեր լինեն: 

– Իսկ ի՞նչ քայլեր էին իրենք առաջարկում, որ իրավիճակը փոխվի, մարդիկ ապահով լինեն:

– Նրանք խոստացան, որ ամեն ինչ կանեն, որ կարգուկանոնը հաստատվի: Ասացին, որ պատժելու են շատ խիստ, չեն թողնի որ մայրաքաղաքը ազգամիջյան հակամարտությունների թատերաբեմ դառնա:

Այդ միտքը 10 անգամ կրկնեցին: Ասացին՝ փոխանցեք ձեր հայրենակիցներին, հայ երիտասարդությանը, որ որևէ հանցագործություն չգործեն և չտրվեն որևէ սադրանքի: Ասացին, որ անկախ նրանից ով է՝ հայ է, ադրբեջանցի, յուրաքանչյուր դեպքում՝ մեղավորներին գտնելու են ու պատժեն, որովհետև ՌԴ տարածքում պետք է գործեն ռուսական օրենքները: 

– Հիմա կարո՞ղ ենք հանգիստ լինել, որ հայերը Մոսկվայում և ընդհանրապես Ռուսաստանում ապահով են: 

– Այո, հիմա ավելի հանգիստ է:

– Իսկ գիշերը այդ դեպքերի ժամանակ ռուս իրավապահները նորմալ արձագանքե՞լ են, որովհետև տեսակետներ են հնչում, որ ամբողջ գիշերվա ընթացքում ոստիկանները ուշ են արձագանքել այդ դեպքերին:

– Բանն այն է, որ այս հանդիպմանը նրանք չցանկացան մեզ լսել, ասացին՝ մենք ամեն ինչից տեղյակ ենք, ուզում ենք միայն ասել, որ սադրանքների չգնաք, ինչ պետք է՝ մենք անում ենք, և ամեն մեկն իր պատիժը կստանա: Իսկ դա նշանակում է, որ կլինի հետաքննություն, տուժողները կստանան փոխհատուցում: Ես այդպես եմ հասկանում, քանի որ այդպես է նախատեսում ռուսական օրենսդրությունը:

Մանե Հարությունյան

MediaLab.am