Մաթեմատիկան միջազգային լեզու է, որով խոսում են բոլոր գիտնականները․ ՄԱԹԵՄարդ արշավը կխրախուսի աղջիկների մուտքը STEM ոլորտ

«ՄԱԹԵՄարդ երիտասարդ աղջիկը, ի վերջո, կարողացավ մաթեմատիկական սուպեր կարողությունների շնորհիվ հաղթահարել խնդիրներն ու օգնել ընկերներին դուրս գալ անելանելի իրավիճակից»,- պատմում է ՄԱԹԵՄարդ աշխատարանի դասընթացավար, նկարիչ Տիգրան Մանգասարյանը, որը Երևանի ու Սիսիանի դպրոցահասակ աղջիկներին 10 օր շարունակ սովորեցնում էր կոմիքս նկարել։

ՄԱԹԵՄարդը կոմիքսների գլխավոր հերոսուհին է, որն աղջիկների նկարչական ու երևակայական աշխարհում հայտնվում է տարբեր փորձություններով լի իրավիճակներում։

 «Մեր կոմիքսների սյուժեում գիտնականները փորձում են հակավիրուս ստեղծել, որպեսզի սպանեն  երկրում տարածված մահացու վիրուսը։ Այնպես է պատահում, որ լաբորատորիայում կոլբաներն ընկնում-կոտրվում են, և նյութերը խառնվում են իրար։ ՄԱԹԵՄարդը փորձում է մաթեմատիկայի միջոցով մշակել նոր հակավիրուս ու փրկել աշխարհը»,-պատմում է ՄԱԹԵՄարդ աշխատարանի մասնակից Անահիտ Կարապետյանը։

Անահիտը մեկն է այն 40 աղջիկներից, որոնք փետրվարի 21-25-ը Երևանում և փետրվարի 28-մարտի 4-ը Սիսիանում մասնակցում էին #ՄԱԹԵՄարդ աշխատարանին։ #ՄԱԹԵՄարդ արշավը նախաձեռնել էին ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԻԼՏԿ հիմնադրամը՝ ԿԳՄՍ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ։ Մարտի 14-ին՝ Մաթեմատիկայի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված արշավը նպատակ ուներ խրախուսել  կանանց և աղջիկների մուտքը կրթության ու կարիերայի STEM (գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական) ոլորտ։

«Այսօր դպրոցներում ավելի շատ աղջիկներ կան, քան երբևէ, բայց նրանք միշտ չէ, որ ունենում են իրենց ընտրությամբ կրթություն ստանալու այն նույն հնարավորությունը, որն ունեն տղաները»,- ընդգծում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գենդերային հավասարության հարցերի պատասխանատու Նվարդ Մանասյանը՝ ավելացնելով, որ շատ հաճախ կանանց և աղջիկներին հետ են պահում նախապաշարմունքներն ու սոցիալական նորմերը։ Ըստ նրա՝ աղջիկները պատշաճ ներկայացված չեն հատկապես կրթության և կարիերայի STEM բնագավառում, հետևաբար անհրաժեշտ է նմանօրինակ նախաձեռնություններով խրախուսել նրանց մուտքը STEM:

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տիեզերական ճառագայթների բաժանմունքի գիտաշխատող Հռիփսիմե Մկրտչյանը #ՄԱԹԵՄարդ աշխատարանի մենթորներից է։ Սիսիանում պատանիներին ներկայացնում էր՝ ինչ է ամպրոպը, և ինչպես ՄԱԹԵՄարդը կկարողանա ճիշտ հաշվարկների միջոցով բարձրացնել Սևանա լճի մակարդակը։

Հռիփսիմեն ասում է, որ մաթեմատիկան հիմնաքարային գիտություն է։ «Այլ կերպ ասած՝ այն միջազգային լեզու է, որով խոսում են բոլոր գիտնականները։ Իսկ այդ լեզվի բացակայությունը մեծ խոչընդոտ կլիներ բոլոր գիտությունների համար»,- ասում է երիտասարդ ֆիսիկոսը՝ նշելով, որ նմանօրինակ նախաձեռնություններով պետք է հաճախ խրախուսել երիտասարդների մուտքը գիտական ոլորտ։

#ՄԱԹԵՄարդ աշխատարանի մենթոր Մարիա Նիկողոսյանը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կենսաինֆորմատիկայի խմբի  գիտաշխատող է։ Ասում է՝ եթե չլիներ մաթեմատիկան, կենսաինֆորմատիկա գոյություն չէր ունենա։ Իսկ եթե գոյություն չունենար կենսաինֆորմատիկան, քաղցկեղի հետազոտությունները, օրինակ, չէին լինի այնքան արդյունավետ, որքան հիմա։ 

«Պատանիները պետք է իմանան՝ ինչ մասնագիտություններ կան աշխարհում, և մաթեմատիկան ինչ դեր ունի այդ մասնագիտություններում։ Նման նախաձեռնությունների  շնորհիվ նաև պատանիների մասնագիտական կողմնորոշման հարցն է լուծվում»,- նշում է Մարիան։

#ՄԱԹԵՄարդ աշխատարանի ընթացքում ստեղծված կոմիքսները կմշակվեն ու գիրք կդառնան։ Նախատեսվում է պատկերապատումների ժողովածուն թողարկել հոկտեմբերի 11-ին՝ Աղջիկ երեխաների միջազգային օրը։