Ով չաշխատի, նա ուտի՞

Վահրամ Թոքմաջյան

Երևան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարգևատրվել է նույնիսկ պաշտոնից ազատվելու պահին:

Մեկ միլիոն ութ հարյուր հազար դրամ: Ուղիղ այսքան գումար նա իր հետ տարավ՝ երկու տարի ըստ էության ոչինչ չանելու համար: 

Ո՞ւր էիր Աստված, երբ պարգևատրվում էր…

Չէ՛, ավելի լավ է. «Մինչ դու գնացեր և պարգևականք ընդ քեզ տարար, ավերակացն շենքեր ինչպե՞ս կառավարվեն»:

Պարգևավճարների հարցը միշտ լինելու է օրակարգում, քանի դեռ Հայաստանի սոցիալական կյանքում դրական տեղաշարժեր չկան:

Այդ հարցն ունի բազմաթիվ սուր կողմեր, տարատեսակ ձեռնածությունների հիմքեր, տեղի ու անտեղի շահարկումներ: Ես կփորձեմ զերծ մնալ խնդրի վայնասունային մատուցումից և կանդրադառնամ հասարակական, քաղաքական և իրավական բաղադրիչներին:

Պարգևատրում հասկացությունն հայոց մեջ բավականին հին արմատներ ունի: Օրինակ՝ ավատատիրության շրջանում «պարգևականք»-ը պետական պաշտոնյաներին կամ զինվորականներին ծառայության դիմաց հանձնվող հողերն էին։

Եթե ստացողը մահանում էր, ապա կարիք կար նվիրատվությունը վերականգնելու, իսկ եթե նա դադարեցնում էր ծառայությունը, ապա արքունիքը հետ էր վերցնում այդ կալվածքները։

Այդ ծառայությունները բազմապիսի էին:

Միջնադարի տրամաբանությամբ սա չափազանց նորմալ երևույթ էր: Պետությունն ասոցացվում էր թագավորի անձի հետ, իսկ նա ոչինչ չէր խնայելու մտերիմ շրջապատին գոհացնելու համար: Այդ տարածքներում ապրող բնակիչների կարծիքը նույնիսկ հարցնող չկար: Պետության տրամաբանությունն էր այլ:

Նախորդ իշխանության օրոք մենք ժառանգել էինք այդ միջնադարյան սկզբունքի վերապրուկները: Խոսքը դրամական պարգևատրման մասին չէր, քանի որ նրանցից շատերը նույնիսկ իրենց աշխատավարձի քարտի կոդը չգիտեին:

Դրա կարիքը չէին զգացել: Նրանք այլ պարգևատրումներ էին ստանում: Օրինակ՝ մի քանի հազար դրամով գնում էին հանրության սեփականություն մի քանի հեկտար այգի և այլն: Ճիշտ է, մի քիչ թիթիզ դրվագներ էին ավելացել թղթաբանության հետ կապված, բայց դա էությունը չէր փոխում:

Ի՞նչ է ասում օրենքը: Իսկ օրենքն ասում է, որ պարգևատրումը միանվագ վճար է, որը տրվում է աշխատողին՝ հիմք ընդունելով նրա` տվյալ տարվա ծառայողական գործունեության կամ հատուկ առաջադրանքների վերաբերյալ անմիջական ղեկավարի եզրակացությունը:

Այստեղ բանալի բառերն են եզրակացություն և տարի: Դուք հաստատապես չեք կարող ինձ ցույց տալ ղեկավարի տված եզրակացությունը յուրաքանչյուր ամիս պարգևատրելու հիմքերի համար:

Եկեք նաև համաձայնենք, որ մեր պետական աշխատողները տարեկան արդյունավետ աշխատանքով չեն փայլում, էլ ուր մնաց թե յուրաքանչյուր ամիս փայլեն: Տրամաբանությունն է՝ դե, փողը կա, գոնե մի խմբի գոհացնելու համար բաժանենք: Ու բաժանվում է հռեկոպալ, առանց հիմքերի՝ հնարավորություն տալով տարատեսակ շահարկումների:

Կանխելու համար ասեմ, որ ես դեմ չեմ ցածր կամ միջին օղակներում պարգևավճարների բաժանմանը և նույնիսկ աշխատավարձերի բարձրացմանը: Աշխատավա՞րձ ասացի: Ստեղնաշարս չորանար՝ նման բան չգրեի: Ա՛յ հենց այստեղ է թաքնված շան գլուխը:

Փաստացի ստացվում է, որ պետական համակարգում աշխատողները ամեն ամիս ստանում են 30, 50, երբեմն՝ 100 տոկոս պարգևավճար, լրավճար կամ այլ հավելավճար: Յուրաքանչյուր ամիս:

Սա շատ կարևոր է:

Իսկ ինչո՞ւ միանգամից չեն ձևակերպում աշխատավարձի բարձրացում: Չեն ձևակերպում, որովհետև ուսուցիչը, ոստիկանը, բժիշկը, փողոց մաքրողը, պետության այլ՝ «մանր-մունր» ծառայություններ մատուցողները կասեն՝ եղբա՛յր, բա մերն էլ բարձրացրու: Մենք էլ ենք մարդ, հո աղոթքով չենք սնվում:

Ահա այստեղ է խնդիրը: Սրան գումարած իշխող կուսակցության տարբեր տրամաչափի պատգամավորներ, միմյանց հերթ չտալով, աղաղակում են այն մասին, թե ինչ խղճուկ աշխատավարձ է ստանում պատգամավորը, թե ինչքան կարևոր է այդ պարգևատրումը, որ առանց այդ պարգևատրման անգամ հիփոթեքի տոկոսները չեն հասցնում, և որ դա բխում է իրենց նախընտրական խոստումներից: Հավաստիացնում եմ ձեզ, որ իշխող դաշինքի նախընտրական ծրագրում այդ մասին բառ անգամ չկա:

Հավաստիացնում եմ ձեզ, որ նրանց մեծ մասը պրոֆեսիոնալներ չեն ու պարզապես բյուջեի միջոցներն են քամուն տալիս, հավաստիացնում եմ ձեզ, որ միջին վիճակագրական ակտիվ ուսուցիչը, բարեխիղճ բժիշկը, օրենք պաշտպանող ոստիկանը պակաս ծառայություն չեն մատուցում այս պետությանը, քան պատգամավորները: Ավելին ասեմ, ա՛յ նրանք իրենց ոլորտներում պրոֆեսիոնալներ են:

Հաջորդ ձանձրալի միֆը՝ պարգևավճարները կանխում են կոռուպցիան: Չկա նման բան ու չի կարող լինել:

Կոռուպցիայի դեմ պարգևավճարներով չեն պայքարում: Պայքարում են այլ գործիքակազմով, որն առանձին խոսակցության թեմա է:

Այս նույն տրամաբանությամբ մենք կարող ենք լեգիտիմացնել ուսուցչի, դայակի, դաստիարակի, դասախոսի, բժշկի և այլոց կոռուպցիոն գործարքները, քանի որ նրանք յուրաքանչյուր ամիս 30-50 տոկոս պարգևավճար չեն ստանում:

Իշխող դաշինքը պետք է հասկանա մի պարզ ճշմարտություն. պատգամավորը, նախարարը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա չեն կարող աշխատավարձի 30-100 տոկոս հավելում ստանալ, քանի դեռ իր ոլորտում այդ նույն աշխատավարձը չի բարձրացել միջինը 30 տոկոսով:

Պարզապես չի կարող: Ո՞ր լավ աշխատանքի համար պետք է ստանա: Կամ ո՞վ ասաց, որ ջուրը բերանն առած ու սրանից-նրանից օրենքի կետ թռցնող պատգամավորն ու իրականում օրենք գրող պատգամավորը պետք է նույն արշինով չափվեն:

Եթե սոցիալական արդարություն չկա խորհրդարանական երկրի խորհրդարանում, չի կարող սոցիալական արդարություն լինել երկրում ընդհանրապես:

Սա է խնդիրը: Եկեք կյանքի կոչենք հեղափոխության օրակարգը, սոցիալական ոլորտում գրանցեք զգալի առաջընթաց, որպեսզի ՀՀ շահառու քաղաքացին զգա այն իր կյանքում, կենցաղում, ու հետո՝ ուզում եք բարձրացնենք պետական պաշտոնյայի աշխատավարձը 100 տոկոսով, որովհետև իրականում նա լավ է աշխատել:

Իսկ քանի դեռ չի աշխատել, քանի դեռ իր ոլորտում փոփոխություն չկա, քանի դեռ հանրության բարեկեցությունը չի փոխվել, քոռ կոպեկի հույս չպետք է ունենա:

Առաջ՝ որդուս, հետո՝ մորթուս: Այս առածն այժմ կիրառվում է հակառակ կերպ՝ առաջ մորթուս…

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am