Նիկոլ Փաշինյան․ Հանուն և ընդդեմ բլեֆի

Մհեր Արշակյան

Երեկ ինձ փողոցում ծանոթ-անծանոթ հաճախ էր հարցնում՝ Նիկոլ Փաշինյանն իսկապե՞ս հիվանդ է կորոնավիրուսով, թե՞ բլեֆ է անում։ 

Ես, իհարկե, անձամբ կորոնավիրուսը չեմ, որով վարակված է Նիկոլ Փաշինյանը, ես նույնիսկ թեստը չեմ, որը փաստել է, որ Փաշինյանը վարակված է, ես բժիշկը չեմ, որն անձամբ է արձանագրել թեստի դրական պատասխանը, բայց ես նաև արկածախնդիր չեմ հարյուր հազարավոր մահերի վիճակագրությունից հետո հայտարարել, թե կարելի է ինքդ քեզ վարակակիր հռչակել Աստված գիտե թե՝ ինչու։

Ուստի ասում էի՝ իհարկե, մարդն ինչո՞ւ պիտի խաբի այդպիսի պատուհասի մասին (օգտվեմ առիթից՝ վարչապետին առողջություն)։

Դու աջ ու ձախ կհայտարարե՞ս, որ վտանգավոր ես մարդու առողջության համար, երբ քեզ հաճելի է շփումը մարդկանց հետ։ Չես հայտարարի։ Հենց այնպես երբեք նման բան չես հայտարարի։ 

Եվ միայն երեկոյան հասկացա, թե ինչու են մարդիկ վարչապետի «ինքնախոստովանության» մեջ բլեֆ տեսել։

Բանն այն է, որ երբ նրանք լսում են, որ իրենց հարազատը կորոնավիրուս ունի, իրենք հոգու խորքում առաջինը նախապատրաստվում են այն տանջալից միայնությանը, որին առաջիկա 14-21 օրերին դատապարտված է հարազատը։

Որքան էլ սարսափելի է պատկերացնել, նրանք իրենց հարազատին մի փոքր, մտքի ամենածայրով անխուսափելիորեն տեսնում են «մի քիչ մեռած»։ Դե, նրանք այնպիսի բաներ են լսել կորոնավիրուսի մասին, որ այն ինչ-որ իմաստով մեր համաքաղաքացիներին նույնիսկ դատավճիռ է թվում, թեպետ հիվանդների 80 տոկոսը այն համարյա ոտքի վրա է տանում։ 

Այսպես ուրեմն, երեկոյան ես համացանցում տեսա, որ պարետատան նիստից հետո թեստի դրական պատասխանի «դափնեկիր» Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել մարդամեջ։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Montag, 1. Juni 2020

Ճիշտ է՝ անվտանգության բոլոր կանոնները պահպանած, բայց՝ մարդամեջ։ Ու դա քիչ է, իր հետ է նաև առողջապահության նախարարը, որին, որքան տեղյակ եմ, ուղղակի հիվանդանալ չի կարելի։

Հլը մի հատ հասկանանք՝ պարետատան նի՞ստ։ Հիվանդ վարչապետի մասնակցությա՞մբ։

Այսինքն՝ բոլորը մի միջավայրո՞ւմ։ Կանխավարկածը ո՞րն է՝ որ ոչ պարետը, ոչ էլ նախարարը չեն վարակվի, որովհետև անվտանգության գերմիջոցառումնե՞ր են իրականացվել նիստից առաջ, ընթացքում և հետո, երբ ճեպազրույց էին իրականացնում։

Այդ գերմիջոցառումների մեջ է վարչապետը վարակվել։ Վարակված չլիներ, կմտածեինք, թե գերմիջոցառումների «դոզայի» տակ են։ Բայց հանրապետության ամենապահպանվող մարդը վարակվել է ու տանը չի մնացել։

Երեք օր առաջ էլ նրա կինն էր դստեր ձեռքը բռնած կենդանաբանական այգի գնացել։ 

Լավ, դուք ո՞ւմ եք ասում՝ մնացեք տանը։ Ի՞նչը նկատի ունեք, երբ ասում եք՝ մնացեք տանը։ Հիմա պա՞րզ է, թե ինչու է ժողովուրդը մտածում, թե վարչապետի ուշքն ու միտքը ժողովրդին տանը պահելն է, ու դրա համար ինքն էլ է իրեն ու ընտանիքին հիվանդ հայտարարել, որ մնան տանը, բայց ինքը լավ էլ շփվում է աջ ու ձախ նույնիսկ թեստի դրական պատասխանից հետո։

Մեկուսանում են նման դեպքերում։ Ամբողջ աշխարհում։ Այդպես է վարվել նույնիսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, երբ վարակվեց կորոնավիրուսով։ 

Հասկանո՞ւմ եք՝ մենք ամբողջ օրը վարչապետից, առողջապահության նախարարությունից, բժիշկներից, որոնց այս ամիսներին հերոս են անվանում, լսում ենք մի բան՝ մնացեք տանը, մենք մնացինք աշխատելու հանուն ձեզ, դուք մնացեք տանը հանուն մեզ։ 

Բնականաբար, կարող եք հակադարձել՝ բայց բժիշկներն էլ տանը չեն մնում տանը մնալու կոչեր անելուց հետո։ Որովհետև եթե մնային, ո՞վ պետք է զբաղվի հիվանդներով։

Այստեղ խնդիր կա։

Բժիշկները, ըստ էության, կոչման և պարտքի բերումով գնում են վտանգին ընդառաջ, ու հարց է՝ առո՞ղջ դուրս կգան այդ ամենի տակից, թե՞ ոչ։

Նրանք «վիշապի երախ» են մտնում, որովհետև մասնագիտացած են հենց «երախի» հետ աշխատելու մեջ։ Նրանք ասում են՝ տանը մնացեք, որպեսզի իրենց իսկ համակարգն էլ կոլապսի չենթարկվի, ոչ միայն որ մարդիկ չհիվանդանան։

Բժիշկները չեն կարող լայվերով կաթիլային միացնել, լայվերով խնամել, հակաբիոտիկներ բաժանել։ Նրանք պետք է անձամբ աշխատեն «միջուկային պայթյունի» հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Իսկ Ավինյանը, Թորոսյանը (Թորոսյանի պարագան ինձ հասկանալի է) և Փաշինյանը հաստատ 4G-ի դարում կարող են պարետատան աշխատանք համակարգել կամ հակառակ դեպքում իրենց քաղաքացիների հետ չխոսել վերջնագրով։ 

Ես էլի դեմ չեմ, որ վարչապետն աշխատի, մասնակցի պարետատան և կառավարության նիստերին, անձամբ և թիկնազորով դիմակավորված և ձեռնոցներով, սոցիալական համապատասխան հեռավորությամբ դուրս գա քաղաքի փողոցներ և հասկանա, թե ինչպես են մեր համաքաղաքացիները պահպանում անվտանգության կանոնները։

Բնավ դեմ չեմ։ Բայց դրանից առաջ ցուցակ հրապարակեք, թե ովքե՞ր իրավունք ունեն կորոնավիրուսով դուրս գալ մարդամեջ և ովքեր չունեն այդ իրավունքը։

Էջմածնեցի էն խեղճ կնոջ օրը չընկնենք մեր կորոնավիրուսով։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am