Հնարավոր չէ ստեղծել կառավարման կայացած համակարգ՝ մարդու հոգեբանական հատկություններն անտեսելով. Ռուբեն Աղուզումցյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կառավարման մասնագետ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը

– Պարո՛ն Աղուզումցյան, վերջին օրերին ադրբեջանական հարձակման հետևանքով սահմանային լարվածություն կա երկրում, մարդիկ անհանգիստ են, կա անորոշություն: Ինչ եք կարծում, արդյոք իրավիճակին համարժեք կառավարո՞ւմ է իրականացվում:

– Ես այսպես հարցը կձևակերպեի՝ ինչքանո՞վ է կառավարման համակարգը արդյունավետ: Կառավարման գնահատումն անհրաժեշտ է իրականացնել արդյունավետության տեսանկյունից, ի վերջո, կառավարման նպատակը մարդկանց, հանրության բարեկեցությունն ապահովելն է: Այդ տեսանկյունից, սովետական տարիներին, օրինակ՝ կառավարման համակարգում լինելու համար պետք է երկար ճանապարհ անցնեիր՝ հոկտեմբերիկ, պիոներ, կոմերիտական, կուսակցական, այսինքն՝ ճանապարհ էիր անցնում, որ հասնեիր ինչ-որ բանի: Առանց այդ ճանապարհի անհնարին էր կառավարիչ դառնալ: Ստացվում էր՝ կյանքի փորձ ձեռք բերելով՝ կառավարման համակարգում հայտնվում էին մարդիկ, որոնք համապատասխան հմտություններ ունեն:

Զարգացած երկրներում շատ վաղուց կիրառում են հոգեբանական մոտեցում, երբ մշակվում է կառավարիչի համար հատուկ հոգեբանական բնութագիր՝ ինչ հատկություններ են անհրաժեշտ համակարգում արդյունավետ ծառայելու համար: Համակարգ ընդունվող անձը անպայման անցնում էր հոգեբանական ընտրության փուլերով, արդյունքում՝ կառավարման համակարգերում պատահական մարդիկ չէին հայտնվում:

Մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա՝ կառավարման համակարգը պահանջում է անպայման, որպեսզի լինի կայունություն, այսինքն՝ կառավարիչը ունենում է մի հստակ ժամկետ կառավարելու համար, որպեսզի իր ծրագրերը կյանքի կոչի, կիսատ չթողնի: Եթե այդ ժամկետը խախտվում է, կառավարման համակարգը անարդյունավետ է դառնում:

– Դուք տեսականորեն ներկայացրիք՝ ինչ է անհրաժեշտ կառավարման համակարգի արդյունավետ կենսագործունեության համար: Բայց գործնականում Հայաստանում ինչպե՞ս է դա իրականացվում:

– Այ, օրինակ, ժամանակին Հայաստանում առանձին ձեռնարկություններ օգտագործում էին հոգեբանական մեթոդներ: Դա կամայական էր, որ ընկերությունն ուզում էր՝ կիրառում էր: Դա ենթադրում է, որ պաշտոնին նշանակելու համար տեղի է ունենում բազմաստիճան փորձաքննություն, որին մասնակցում են հոգեբաններ:

Բայց հիմա Հայաստանի պետական կառավարման համակարգում դա գոյություն չունի:

– Ես ճի՞շտ հասկացա, որ, օրինակ՝ նախարարի, պատգամավորի թեկնածու առաջադրելուց առաջ պետք է նրան ուսումնասիրել:

– Այո՛, ճիշտ եք հասկանում: Հայտնի է, թե, օրինակ, նախարարները ինչ գործառույթներ են կատարում, նրանց պաշտոնից բխող պարտավորությունները հայտնի են, բայց նրանց ներկայացվող հոգեբանական պահանջները հաշվի չեն առնվում:

– Դուք պատկերացնո՞ւմ եք՝ վարչապետը նախարարի պաշտոնում անձին նշանակելիս հաշվի առնի նրա հոգեբանական հատկությունները, այդ թվում՝ կայունության աստիճանը և անձնային այլ հատկություններ:

– Ոչ՛, ես կարծում եմ, որ նման բան չի իրականացվում, հակառակ դեպքում ես շփվում եմ մասնագիտական մեծ շրջանակի հետ և իրազեկ կլինեի:

Վստահ եմ, որ նախարարի կամ տարբեր պաշտոնյայի տվյալ պաշտոնում նշանակելիս հաշվի չեն առնվում շատ նրբություններ: Ես սա ասում եմ՝ նկատի ունենալով կառավարման այն ոճը, որն ընտրել է գործող կառավարությունը: Օրինակ՝ մարդկանց հաճախ պաշտոններից ազատում են, նշանակում այլ պաշտոնի կամ ուղարկում պահեստայինների շարք: Այդպես հնարավոր չէ ստեղծել կայացած համակարգ, որը համապատասխան կլինի ժամանակի պահանջներին:

– Եթե որևէ անձի նախարարի պաշտոնում նշանակելու քաղաքական որոշում կա, ինչպե՞ս է հնարավոր դիտարկել նրա հոգեբանական կայուն կամ անկայուն լինելու հնարավորությունը:

– Կադրային քաղաքականությունը պետք է հիմնվի դրա վրա, եթե մենք ուզում ենք արդյունավետ կառավարում ապահովել բոլոր ուղղություններով: Օրինակ՝ նախկինում ներքին գործերի ակադեմիայի սովորողների ընտրության հարցում հոգեբանական ընտրության նման պահանջներ գործել են: Բայց դա չի եղել մասսայական:

Կան պաշտոններ, որոնցում նշանակելու համար պատադիր է համապատասխան կրթությունը, այդպես էլ կան պաշտոններ, որոնցում անձին նշանակելու համար պետք է պահանջվեն անձնային, մասնագիտական հատկություններ: Մեզանում անձնային հատկությունների նկատմամբ պահանջը շատ է ստորադասվում: Օրինակ, կառավարման համակարգում կան տարբեր աստիճանի կառավարիչներ, որտեղ ստորին մակարդակի կառավարիչները հիմնականում կատարողներ են, իսկ վերին մակարդակի կառավարիչները, որոնք գործ ունեն մարդկանց կառավարման հետ, նրանց դեպքում անձնային հոգեբանական որակների կարևորությունը մեծանում է:

– Այդուհանդերձ, պարո՛ն Աղուզումցյան, Հայաստանում այս օրերին որքանո՞վ է ճգնաժամային կառավարում իրականացվում:

– Կառավարման համակարգում հոգեբանական աջակցությունը, որը պետք է ընդգրկեր հանրության բոլոր շերտերը, չի գործում: Եթե դու ուշադրություն ես դարձնում միայն քո սրտին, դրա աշխատանքին, ապա մյուս օրգանները կարող են անուշադրության մատնվել, ի հետևանք՝ հյուծվել: Այդպես է նաև պետության կառավարման համակարգում:

Կառավարման ժամանակ պետք է առաջնություն տալ մարդուն: Մենք մեր հասարակության մեջ մարդուն, անկախ նրա մասնագիտությունից, առաջնություն տալի՞ս ենք, թե՞ ոչ: Ի վերջո, ամենամեծ արժեքը մարդն է: Այս սկզբունքը հաշվի առնելով պետք է կառավարում իրականացնել, հակառակ դեպքում ստացվում է տնավարի կառավարում, մինչդեռ պետությունը տնավարի չեն կառավարում:

Պետության կադրային քաղաքականությունը անմիջականորեն կապված է հոգեբանական գիտության հաստատված օրինաչափությունների գործնական կիրառման հետ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am