Հայաստանի ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում էթեև Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կան դժվարություններ, խնդրահարույց կետեր, սակայն բանակցությունները փակուղում չեն
:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ
Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ագրեսիվ հայտարարություններին:Արթուր Հովհաննիսյանը նկատեց, որ մինչև այս տարբեր մեկնաբանություններ են հնչել Ադրբեջանից՝ տարբեր մակարդակներով:
«Բայց դա չպետք է մեզ մոտ տպավորութուն ստեղծի, թե բանակցությունները մտել են փակուղի: Ոչ, բանակցությունները շարունակվում են: Բնականաբար, բանակցություններում կան դժվարություններ, խնդրահարույց կետեր, որոնց շուրջ քննարկումներն ավելի բարդ են և ժամանակատար: Բայց մենք փակուղի մտնելու մասին չենք խոսում, շարունակում ենք բանակցությունները»,-ասաց պատգամավորը:Ըստ նրա՝ գլխավոր բանակցողները շարունակում են աշխատանքները Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի հասցնելու համար: Պատգամավորի վստահեցմամբ՝ գործընթաց միշտ կա, կարող են լինել դժվարություններ, բարդություններ, սակայն գործընթացը տեղի է ունենում:Հովհաննիսյանը բանակցություններից դետալներ չհայտնեց:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանն այս փուլում միջնորդի կարիք չի՞ տեսնում՝ Հովհաննիսյանն ասաց.
«Մենք ասել ենք, որ շարժվում ենք երկկողմ խոսակցությունների տրամաբանությամբ: Տեղի են ունեցել հանդիպումներ: Մեկ անգամ բավականին մեծ, ներկայացուցչական կազմով վարչապետն է Ալիևի հետ ուղիղ հանդիպել: Ընդունում ենք ցանկացած գործընկերոջ աջակցությունը, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկը մերժելուն՝ պատգամավորն ասաց, որ Հայաստանը, բնականաբար, լավ չի վերաբերվում, երբ հանդիպումները մերժվում են, հանդիպումները խաղաղության գործընթացն ավելի ամրացնելու և առաջ տանելու համար են: