ԱԽ քարտուղարն Ալիևի հայտարարությունները համարում է ԼՂ հարցի՝ գոյաբանական խնդիր լինելու ապացույց

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, թե իբր Զանգեզուրն ու Երևանն ադրբեջանական պատմական հողեր են, համարում է Լեռնային Ղարաբաղի հարցի գոյաբանական խնդիր լինելու ապացույց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

«Ալիևի ներկայիս հռետորաբանությունն ընդամենն ապացուցում է հայկական կողմի այն պնդումների իրավացիությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը գոյաբանական խնդիր է ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանը սեփական ուժերով և դաշնակցային ներուժով ունակ է պաշտպանելու մեր պետության տարածքային ամբողջականությունը։ Ցանկանում եմ հստակ պարզաբանել, որ հայկական Զանգեզուրի վերաբերյալ Ալիեւի ցանկացած հայտարարություն արմատապես խեղաթյուրում է կրակի դադարեցման մասին ստորագրված հայտնի հայտարարությունը»,- նշել է Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ պատմությունը ցույց է տվել, որ անգամ գրեթե յոթանասունամյա լռության պայմաններում Արցախի հայերը ոչ մի ակնթարթ չեն մոռացել իրենց իրավունքների մասին։

«1988թ.-ին նրանք պահանջատեր դարձան իրենց իրավունքներին և նվաճեցին ազատությունը։ Այսպիսով, տարածաշրջանի կայունությունը և զարգացումը պայմանավորված է նրանով, թե որքանով է իրականությունն արտացոլում պատմական արդարությունը»,- ասել է Արմեն Գրիգորյանը: