«Պարոն վարչապետ, կոռուպցիայի դեմ եք պայքարում հետաքրքրվեք, թե ձեր դրած գումարն ո՞ւր է և ինչի՞ վրա է ծախսվել»․ Անահիտ Բախշյան

«Մարտիկ» հիմնադրամի գումարների շուրջ ստեղծված խնդրի վերաբերյալ «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

֊Տիկին Բաշխյան, «Մարտիկ» հիմնադրամի գումարների կասկածելի ծախսի մասին «Մեդիալաբի» հրապարակումից հետո դուք հրապարակային մի շարք հարցադրումներ ներկայացրեցիք, ինչպես նաև իրավիճակի ուսումնասիրությամբ էիք զբաղվում: Ի՞նչ եք բացահայտել։

֊Իմ ուսումնասիրությունը շարունակելի է, իսկ վերջին հրապարկումը, որն արել եմ, վերաբերում է նրան, որ հիմնադրամի հաշվետվություններում, որոնք, ի դեպ, 2011 թվականից են տեղադրված azdarar.am կայքում, այնինչ 2002 թվականին է հիմանդրամը հիմնադրվել, միայն դրամային հաշիվներն են: Դոլարի մասին ոչ մի տեղեկություն չկա: Դա այն դեպքում, երբ հիմնադրամի կանոնադրությամբ ասվում է, որ հիմնադրամի մասնակից կարող են դառնալ 100 դոլար վճարում կատարած անձինք: Նաև Արթուր Աղաբեկյանն իր վերջին հարցազրույցում շեշտեց, որ «Մարտիկ» հիմնադրամի հաշվեհամարին կա 1 մլն դոլարից ավելի գումար: Հիմա, ես հարցնում եմ՝ այդ հիմնադրամը 2002 թվականին հիմնադրվել է Հայխնայբանկում, որը չկա: Այսօր ո՞ր բանկում է այդ հաշիվը դրված, ինչո՞ւ դոլարային հաշվետվություն չկա, և դրանից բխող շատ հարցեր կան: Ոչ մի արձագանք չեմ ստացել: Այդ բոլոր հրապարակումները ես ուղարկել եմ նաև պարոն Աղաբեկյանի օգնականին, բայց ոչինչ չեն պատասխանել ինձ:

֊Եթե քառօրյա պատերազմը չլիներ, կարծես այդ հիմնադրամի գումարների մասին հիշող էլ չէր լինի: Այդպիսի տպավորությո՞ւն է:

֊Ես փաստում եմ, որ այսօր «Մարտիկ» հիմնադրամն ընդամենը թղթի վրա կա, բայց իրականում չգիտեմ՝ կա, թե չկա: Այդ հիմնադրամի կայք-էջում 2002 թվականից հետո որևէ տեղեկատվություն չկա հիմնադրամի մասին: Հիմնադրամի նպատակային գործունեության մասին ոչ մի տեղեկություն չունեն: Անցել է 14 տարի:

֊Իսկ կարո՞ղ ենք փաստել, որ սա կոռուպցիայի դասական օրինակ է, այն դեպքում, երբ կառավարությունը հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

֊Կարող ենք փաստել, որ իշխանությունները բանատեղ չեն դնում այս հրապարակումներին: Այսքան հրապարակումից հետո ես չգիտեմ՝ ինչ-որ մեկը հետաքրքրվել է այս հիմնադրամի գործունեությամբ, թե՞ չէ: Երկրորդ, սա հերթական անգամ փաստում է այն մասին, որ կոռուպցիայի դեմ պայքարն ընդամենը բլա-բլա-բլա է, և իրականում ոչ մեկը չի փորձում կոռուպցիան արմատախիլ անել: Ընդհակառակը, այն, որ չեն արձագանքում այս նյութերին, փաստում է, որ ուզում են լռեցնել, թաքցնել, փակել թեման: Այսինքն՝ բոլորովին շահագրգռված չեն՝ բացահայտելու այդ կոռուպցիան:

Հիմնադրամում մասնակցություն ունեն 12 403 մարդիկ, այդ անունների ցանկն սկսվում է Ռոբերտ Քոչարյանով, մարդիկ ներդրում են արել, հայտնի չէ, ով երբ, ընդամեը անուն-ազգանունների շարք է գրված: Եթե 100 դոլար ներդնելով՝ կարող են դառնալ մասնակցիներ, դա նշանակում է, որ առնվազն 1 մլն 240 հազար 300 դոլար դրված է այդ հաշվեհամարին: Այդ մարդկանց թվում են նաև զինվորականներ, որոնց պարտադրել են փոխանցումներ կատարել: Մարդիկ գրում են այդ մասին, որ իրենց պարտադրել են: Այդ մարդկանց մի մասը, ովքեր արտասահմանում են, ահազանգում են ու հարցնում՝ ո՞ւր են այդ գումարները:

2002 թվականին Արթուր Աղաբեկյանը հայտարարել է, որ ազգի հոգապահուստն է այդ գումարը, և պետք է Հայաստանի համար դժվարին ու օրհասարական պահին այդ գումարը ծախսվեր: Դա առանձնապես մեծ գումար չէ, որ Հայաստանը փրկեր, բայց ուզում ենք հասկանալ՝ թեկուզ իր կանոնադրական նպատակաների համար ծախսվել է, թե՞ ոչ:

-Ի՞նչ նպատակով պետք է ծախսվեին այդ գումարները, ի՞նչ տեղեկություն կա:

-Այնտեղ մեծ-մեծ խոստումներ են տրվել, որ զինվորականներին ոլորտի մասով լավ կրթություն պետք է տրվեր, պետք է ռազմական տեխնիկայի զարգացում լիներ: Փաստորեն ասում է՝ մայր գումարը չենք ծախսել: Իսկ տարվա տոկոսների համար էլ գրված է՝ կանոնադրական նպատակների համար: Ոչ մի բան չգիտենք: Այն, որ ես գրել եմ շարունակելի, ես շարունակելու եմ ըստ տարիների այդ հաշվետվությունները վերլուծել:


-Ի՞նչ քայլեր պետք է արվեն առաջնահերթ՝ այս հարցում հստակություն մտցնելու ու հասարակության կասկածները փարատելու համար: 


-Նախ, պետք է բարձրաձայնեն, ասեն՝ կարդում ենք, գիտենք, և այս-այս նպատակների համար է գումարը ծախսվել: Այսինքն՝ պետք է հասկանանք, այս հրապարակումներն իրենք ինչ-որ բանի տեղ դնո՞ւմ են, թե՞ ոչ: Երկրորդ, պետք է հրապարակեն, թե այդ ի՞նչ կանոնադրական նպատակների համար է ծախսվել, օրինակ, 2015 թվականի ավելի քան 58 մլն դրամը: Կանոնադրական նպատակներին ուղղված ծախսեր են գրել, ի՞նչ նպատակներ: Մի կարևոր բան եմ ուզում շեշտեմ՝ 2015 թվականին հիմնադրամում աշխատավարձ են ստացել 7 հոգի՝ գործադիր տնօրենն ու աշխատակազմը՝ ավելի քան 14 մլն դրամ գումար: Բայց «Մարտիկ» հիմնադրամի կայքը 2002 թվականից հետո չի թարմացվել: Ինչի՞ համար են աշխատավարձ ստանում 7 հոգի: Ս. Սեդրակյանը՝ հիմնադրամի տնօրենը, ո՞վ է: Աուդիտ անող կազմակերպությունը՝ «Աուդիտ սերվիսը» գրել է, որ ամեն ինչ իդեալական է, խարդախություն կամ սխալ չկա: Գրել են՝ «Համոզված ենք, որ ձեռք ենք բերել համապատասխան ու բավականաչափ աուդիտորական ապացույցներ՝ մեր կարծիքն արտահայտելու համար: Մեր կարծիքով՝ ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացնում 2015 թվականի ծախսերը»: Որակավորող աուդիտոր՝ «Աուդիտ սերվիս» ՍՊԸ տնօրեն՝ Գոռ Դավթյան, որակավորված աուդիտոր՝ Գայանե Թովմասյան: Այս որ ստորագրել են այս աուդիտի եզրակացությունը, ինչո՞ւ հիմա ձայն չեն հանում: Դե թող ձայն հանեն, եթե ճշմարիտ են, թող բացատրեն ի՞նչն է ճշմարիտ:

Ես շարունակելու եմ ուսումանսիրություններս, փուլերով հրապարակելու եմ: Սա ահազանգ է, ես ուզում եմ, որ բոլորը միանան, այդ ձայնը բարձրանա, դառնա մի կրիտիկական զանգված, որ խոսեն: Սերժ Սարսգայնի անունն է այնտեղ, Հովիկ Աբրահամյանի անունն է: Հայտնի անուններ են գումար փոխանցողների ցուցակում՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Ամենայն Հայոց կաթողիկոս, Արթուր Աղաբեկյան, Միքայել Հարությունյան, Վլադիմիր Գասպարյան, Յուրի Խաչատուրով, Սեյրան Օհանյան, Ալիկ Միզաբեկյան, ում պաշտոնանկ արեցին, և այլն: Այս անունների 1134 համարի տակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունն է:
Պարոն վարչապետ, կոռուպցիայի դեմ եք պայքարում, դուք ներդրում եք արել «Մարտիկ» հիմադրամում, անվազն պետք է ձեր ներդրման նպատակային օգտագործման ճանապարհը պարզեք: Եթե կոռուպցիան ուզում եք վերացնել, նաև սկսեք այդտեղից, հետաքրքրվեք, թե ձեր դրած գումարն ո՞ւր է և ինչի՞ վրա է ծախսվել:

Էմմա Մանուկյան

Լուսանկարը՝ disabilityinfo.am

Medialab.am