Համերի հիշողություն. Ալինը

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց:

Համը մարդու հիշողության հյուսվածքի կարևոր մասնիկներից է, իսկ սննդային հիշողության շերտերը վերականգնելը յուրատեսակ խթան է մեր ինքնաճանաչման տեսանկյունից: Անապատային չոր տեղանքներից մինչև լեռնային գոտիներ, տաք ծովափերից մինչև սաստիկ ցուրտ տարածքներ՝ մարդիկ ստեղծում են սննդային ավանդույթներ՝ բնորոշ և հատուկ իրենց ապրելավայրին: Հենց այդպես է սնունդը դառնում ինքնաճանաչման բաղադրիչ ու ողջ կյանքում ճամփորդում մարդու հետ, որից կարող են խլել տունը, հայրենիքը, թանկ իրերը, բայց ոչ երբեք՝ սննդային հիշողությունը: 

Համերի հիշողության հետևից գնալով՝ հայտնվեցի «Հալեպ» խանութների ցանցի հիմնադիր Ալին Մասրլյանի տանը, որ Հայաստան է տեղափոխվել 1998 թվականին ու իր հետ բերել ոչ միայն սննդային հիշողությունների մի սիրուն փունջ, այլև նոր սննդային մշակույթ: 

– Ճաշ կեփեմ, կհյուրասիրեմ, ամուսնուս ասում են՝ մեկ է, հացդ ուտվում է: Արևմտահայաստանում ընդունված բան կա՝ մեկի հացը հանգիստ կուտես, մյուսինը՝ կոկորդիդ կմնա: 

Ալինը հիշում է, որ իր մանկության տարիներին՝ ճիշտ ժամը 2-ին, տան դուռը բացվում էր՝ հոր ճաշի ժամն էր: Աշխատանքից տուն վերադառնալիս հայրը սիրում էր հավաքել բոլորին, և երբ այս ավանդույթը սկսեց խախտվել զավակների՝ համալսարան ընդունվելուն պես, նա նեղսրտում էր, թե ճաշի ժամը խախտել են, որովհետև դրա հետևանքով բոլորով հաց կիսելու ավանդույթն էր խախտվում: 

Անապատում ապրող մարդու համար ամեն բան հստակ է՝ անեզր տարածության մեջ նա յուրաքանչյուր բան կարող է տեսնել, գոգավորություններ ու անհարթություններ չկան՝ ինչպես լեռներում: Անապատի մարդու բնավորությունն ու սննդային սովորությունները այդ պատճառով է, որ պարզ են: Նրան շատ բան պետք չէ՝ միսը խաշում է, հացը թխում է, և նա պետք չունի բարդ ուտեստներ պատրաստելու: 

– Այդ մարդու սննդային ամեն սովորույթ և վարք միջավայրից են գալիս, իսկ լեռներում մենք լուրջ խնդիր ունենք՝ պոկելով ու չարչարվելով պիտի ստանաս սնունդդ: Բնությունը ջանքն է ուզում մարդու: 

Երբ 1998-ին շինարար Ալինը տեղափոխվեց Հայաստան, նրան թվում էր, թե իր արմատն այնտեղից՝ Սիրիայից պոկել են ու բերել արմատ ձգելու մի տեղ, որի հետ շատ կռիվ ուներ: Առաջին տարին ամենադժվարն է՝ այն կողմնորոշիչ է ու կտրուկ, որովհետև կա՛մ կգիտակցես, որ հողը «վարդագույն» չէ, այն սեր ու գուրգուրանք, ջանք է պահանջում, կա՛մ կհոգնես հողից ու կուզես երկիրդ այդպես էլ քո հուշերում մնա տատիդ ու պապիդ պատմած վարդագույնով: 

– Ուր էլ որ երթաս, մշակույթը, սովորույթն ու սնունդը ճամփորդելու են քեզ հետ: Դրանք քեզնից չեն կարող խլել, քանի դեռ պահում ես: 

Ալինի երգեցիկ արևմտահայերենը՝ խառնված արևելահայերենի հետ, ոչ մի կերպ չի խանգարում լսողին: Ընդհակառակը՝ յուրահատուկ կերպով ընդգծում է նրա բազմաշերտ, բաց ու պատրաստակամ լինելը տարբեր փորձարարությունների առաջ: Իր մանկության տանն էլ էր այդպես. արաբական ու արևմտահայկական բաղադրատոմսերը ձուլվում էին իրար, բայց չէին խանգարում, այլ օգնում էին Ցեղասպանությունից փրկված հայերի ընտանիքին պահպանել ոչ միայն իրենցը, այլև ընդունելու նորը: 

– Տատիկդ, մայրդ ինչ անում են, բերում ես քո խոհանոց, մի քիչ էլ քո երանգն ես ավելացնում, ու ստացվում է բոլորովին նորը: 

Ջարդ տեսածի տրավման չի անցնում անգամ նրա սերունդների միջից, որոնք լոկ պատմություններ են լսել: Ալինը, որ գիտի, թե ինչու են իր մորը Անահիտ կոչել (մորական պապի քույրը, որի անունը Անահիտ էր, Ցեղասպանության ժամանակ հղի վիճակում նետվել է պատշգամբից բռնաբարությունից խուսափելու համար), անկախ ամեն ինչից՝ կրում է տրավման: 

– Հող է, կերթա, ետ կուգա: Ո՛չ, այդպես չէ: Ես, որ լսել եմ այդ պատմությունները, տեսել եմ տատիկիս, որ թրքախոս էր, որովհետև իրեն փրկելու համար անդադար ասվել էր՝ թուրքերեն խոսիր, ես չեմ կարող հողը զուտ որպես տեղանք ընդունել: Տատս նեղվում էր՝ ասում էր՝ հայ եմ, ինձ հայերեն սովորեցրեք, ինձ հետ հայերեն խոսեք: 

Ալինի սննդային հիշողությունների մեծ մասը կապված է հենց տատի հետ, որ երբեք ուտելիք չէր թափում, արաբական մշակույթում դա բացարձակ ընդունված չէ: Ալինի պատմելով՝ տանը ձեթով ճաշեր չէր սիրում, ու նա մերժում էր ձեթային ուտեստները, անգամ աղցանի վրա ձեթ չէր լցնում: Երկու բան գիտեր քաղցր՝ արաբական լոշիկի վրա արդար յուղ էր քսում, վրան՝ շաքար ու դարչին, փաթաթում էր ու տալիս թոռներին: – Երկրորդն արմավի դոշաբով ու թահինով մածուկն էր՝ ինձ համար աշխարհի ամենահամեղ նուտելան: 

Երբ թշնամին գալիս է, ու տեղահանության հետևանքով մի ամբողջ երկիր պառակտվում է, յուրաքանչյուր շրջան փորձում է սննդի միջոցով իրեն բնորոշն ու հատուկը պահել: Տեղահանված մարդը սննդային պարզություն է ուզում. նա ի վիճակի չէ թանկ, շքեղ ուտեստներ պատրաստել: Ամենաարագը, ամենահարմարը ու մատչելին է պատրաստում, որովհետև այդ իրեն են տեղահանել, այդ ինքն է քնել իր տանը ու արթնացել՝ իր ստեղծածը ուրիշին տալու վախը սրտում. նա շատ հոգս ունի հոգալու: 

Ալինը տատի բաղադրատոմսով պատրաստում է պանրով քյուֆթան, որ հետաքրքրական նախապատմություն ունի: Երբ հացը իրենց տանը հնանում էր, չէին թափում, այլ ավելացնում էին պանիր, փափկած լոլիկ, սոխ, պղպեղ, խառնում էին իրար ու քյուֆթայի տեսք տալիս: Ալինի տատը մահացել է 1975 թվականին, ու համարյա 50 տարի անց նա շարունակում է պատրաստել նրա սարքածը՝ դրանով իսկ օգնելով սննդին ճամփորդել ու փոխադրվել արդեն իր երեխաների հիշողության մեջ: 

Երբ գաղութի մեջ ես ապրում, գաղութատերը իր սննդային մշակույթն էլ է մտցնում քոնի մեջ: Այն հետագայում ձուլվում է տեղացու ճաշացանկին, ու ստեղծվում է մի բան, որ ոչ մեկին չի պատկանում. այդպիսին է սնունդը: Երբ անգլիացիները Հնդկաստան գնացին, իրենց հետ տարան քարի համեմունքը, որ հիմա շատերի մոտ հենց Հնդկաստանի հետ է ասոցացվում, այնինչ անգլիական բանակի խոհարարների հնարքն էր քարին, որ այնքան սուր բույր ուներ, որ մի քանի համեմունքի փոխարեն կարող էր օգտագործվել: 

– Երբեմն դժվար է հասկանալ՝ որն էր հայուն պատկանում, որը՝ այլ ազգի: Պիտի շատ ուսումնասիրենք, խորանանք, որ հասկանանք, թե մեծ գաղութատիրական երկրում, որտեղ ասորիներ, թուրքեր, հույներ և շատ այլ ազգեր կան, որը որին էր պատկանում, բայց ես նեղվում եմ, երբ հստակ գիտեմ, որ դա իմն է, ու այլ ազգեր իրենց են վերագրում: 

Նրա տանը սննդային հիշողություն փոխանցողները կանայք էին, այդ նրանց միջոցով էր սնունդը դառնում միջոց ընտանիքին համախմբելու, իրենց նախապապերի ու տատերի պատումը վերհիշելու: 

Ալին Մասրլյանը Հայաստան բերեց համեմունքների ու սննդի նոր մշակույթ, որը, ըստ նրա, շատ դժվարությամբ մտավ մեր կենցաղ: Որպեսզի սնունդը տեղակայվի նոր միջավայրում ու դառնա դրա մի մասը, շատ կարևոր է հասկանալ՝ ժողովուրդը պահպանողակա՞ն է, թե՞ բաց է ընդունելու նորությունները: Առանցքային դեր ունի նաև եկվորի պատրաստակամությունը հակառակ տեսանկյունից:

– Տղաս մանկապարտեզում շատ սակավակեր էր ու միշտ ասում էր՝ չեմ սիրում ձեր ուտելիքները: Իսկ աղջիկս, վա՜յ, խենթանում էր «սրճագույն փիլավի»՝ հնդկաձավարով փլավի համար: Մեկն արագ ընդունում է այն, ինչ միջավայրը տալիս է, մյուսն էլ շարունակում է համառել: 

Ալինն իր տղայի մանկապարտեզ գնաց ու հատուկ խոհարար-տատիկից սովորեց բորշչ պատրաստել, հետո յուրացրեց ավելուկը, խաշլաման և այլն: Նրա խոհանոցը շատ լեցուն է՝ եվրոպական, ասիական, միջինարևելյան և այլն, բայց պատրաստում է ոչ թե որովհետև շատ է սիրում, այլ պարզապես որովհետև մայր է՝ սննդային հիշողության գլխավոր փոխանցողը: 

Ղադայիֆի խմոր՝ մեջտեղը ընկույզ, դարչին, մեխակ ու մեղրով տորթ՝ շատ ընդունված մեզանում: 

Ալինի խոհանոցում նստած՝ մտածում էի, որ ինչպես նրա արևմտահայերենն է ներդաշնակ արդեն բնական դարձած արևելահայերենի հետ, այնպես էլ այս մեղրով տորթը հարմար տեղավորվել է արևելյան անուշեղենի կողքին: 

Բաղադրատոմսերի տետրը, որ ցույց է տալիս, իր մեջ հիշողություն է պարունակում. այնտեղ գրի առնված յուրաքանչյուր բաղադրատոմսի մեջ մի պատում կա: 

Հանկարծ հասկանում եմ, որ ես այդպիսի տետր չունեմ, որովհետև ինձ համար ամեն բան հասանելի է՝ կփնտրեմ համացանցում ու վերջ, իսկ այն, ինչ մանկության սննդային հիշողության մասն է, փնտրելու կարիք չունեմ՝ այն ինձ հետ ճամփորդում է, ինչպես Ալինի տատի մեկ դար առաջ պատրաստածը: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան

MediaLab.am