ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանում

ՀՀ ԱԳ նախարար  Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանում
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանում

Նյու-Յորք, Սեպտեմբեր 25-«Պարոն նախագահ, Ամեն տարի ազգերի մեծ ընտանիքը հավաքվում է ի մի բերելու Կազմակերպության ձեռքբերումները, և համատեղ խորհելու աշխարհի առջև ծառացած առկա խնդիրների լուծումների շուրջ, արձանագրելու՝ ինչի շուրջ են միավորված ազգերը, և ինչն է դեռ իրենց տարանջատում:
Այսպես, 65 տարի շարունակ, Գլխավոր ասամբլեան իրականացնում է այդ դժվարին, բայցև՝ վեհ առաքելությունը, որի իմաստը այդքան հստակ ձևակերպել էր Գլխավոր Ասամբլեայի ամենաառաջին նիստի առաջին իսկ բանախոսը 1946թ. հունվարի 10-ին՝ պահպանել խաղաղությունն ու անվտանգությունը, համագործակցության միջոցով ստեղծել կայունության և բարեկեցության պայմաններ՝ ապահովելու համար ժողովուրդների միջև խաղաղ ու բարեկամական հարաբերություններ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և սեփական ճակատագիրը տնօրինելու ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա։

Այդ օրվանից Գլխավոր ասամբլեան զգալի առաջընթաց է արձանագրել: Նրա անդամների թիվը գրեթե քառապատկվել է՝ 51-ից հասնելով 192-ի, կայացվել են կարեւորագույն որոշումներ, ընդունվել են պատմական փաստաթղթեր, հին խնդիրները իրենց տեղը զիջել են նորերին, և Ասամբլեան զգալիորեն ընդլայնել է իր գործունեության դաշտը՝ ներառելով նորանոր մարտահրավերներ, որոնք վերաբերում են միջազգային անվտանգությանը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանն ու զինաթափմանը, մարդու իրավունքներին, աղքատությանը, ահաբեկչությանը, կլիմայական փոփոխություններին, ֆինանսական ճգնաժամին և այլն։

Միով բանիվ՝ շատ բան է փոխվել, այդ թվում՝ դարը։ Այսուհանդերձ, չնայած վերջին տասնամյակների բոլոր զարգացումներին, իրավիճակն այն տարածաշրջանում, որտեղ Հայաստանն է, ինձ մղում է կրկին անդրադառնալ այն հեռավոր, բայց նաև մոտ 1946-ի հունվարի 10-ին արտահայտված նպատակներին, որոնք առավել քան օրակարգային են մնում մեր գործողություններում:

Ինչպե՞ս կարելի է պահպանել խաղաղությունն, անվտանգությունն ու կայունությունը, երբ տասնյակ անգամ բազմապատկվում են ռազմական ծախսերը, երբ պարբերաբար հնչում են ուժի կիրառման և պատերազմի սանձազերծման սպառնալիքներ:

Ինչպե՞ս կարելի է ապահովել ժողովուրդների միջև խաղաղ ու բարեկամական հարաբերություններ, երբ քարոզվում է անհանդուրժողականություն և ատելություն, երբ պարտադրվում են փակ սահմաններ և շրջափակում:

Ինչպե՞ս կարելի է ապահովել ժողովուրդների իրավահավասարությունն ու սեփական ճակատագիրը տնօրինելու նրանց իրավունքը, երբ մերժվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը` ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը:

Պարոն նախագահ, Ես կցանկանայի անդրադառնալ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև առկա հակամարտությանը:

Երկու տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը: Նրանք պայքարել են ազատության իրենց իրավունքի համար` դիմակայելով Ադրբեջանի սանձազերծած դաժան պատերազմին: 70 տարի շարունակ նրանց հալածում էին, ձգտում բնաջնջել իրենց իսկ պատմական հայրենիքից: Այդ նպատակով Ադրբեջանն անգամ դիմել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների օգնությանը:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված էր պայքարելու հանուն իր ինքնորոշման իրավունքի իրացման, քանի որ մերժում էին անգամ իր գոյություն ունենալու իրավունքը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության

Կանոնադրության մեջ ամրագրված հիմնարար և անքակտելի իրավունք է:

Հուլիսին Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված խորհրդատվական որոշումը վերահաստատեց այս կազմակերպության հիմնադիրների իմաստնությունը, առ այն, որ աշխարհում խաղաղության և կայունության ապահովման հիմնարար սկզբունքներից մեկը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որևէ կերպ չի կարող ստորադասվել միջազգային իրավունքի այլ սկզբունքներին:

Եկեք իրատես լինենք:

Որևէ մեկը չի կարող մեկընդմիշտ ասել, որ սա ինքնորոշման իրականացման վերջին դեպքն է: Որևէ մեկը չի կարող կանգնեցնել պատմության առաջընթացը. հակառակ դեպքում այս կազմակերպությունում չէին լինի 192 անդամ երկրներ հիմնադրման ժամանակ եղած 51-ի փոխարեն:

Պարոն նախագահ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային գործընթացն առաջ է ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` միջազգային մանդատ ունեցող միջնորդությամբ, որոնք շարունակում են հետևողական ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում, տարածքային ամբողջականություն:

Հուլիսի 17-ին Ալմաթիում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նրանք վերահաստատել են, որ առաջարկված սկզբունքները և դրույթները մշակվել են որպես մեկ ամբողջություն, և որևէ մեկին մյուսների հանդեպ գերակայություն տալու ցանկացած փորձ անհնար կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:

Հայաստանը լիովին համամիտ է այս տեսակետին` շարունակելու բանակցությունները դրա հիման վրա` փնտրելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում: Ցավոք, Ադրբեջանը մերժում է նշված երեք սկզբունքներից երկուսը և ձգտում գլխիվայր շուռ տալ ոչ միայն բանակցային գործընթացի էությունը, այլ նաև խեղաթյուրել հակամարտության բնույթը տարբեր միջազգային հարթակներում, ներառյալ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, ինչպես այստեղ նորից տեղի ունեցավ մոտ երկու շաբաթ, նաև երկու օր առաջ:

Այդ երկիրը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը` հակամարտության հետևանքները ներկայացնելով որպես դրա պատճառներ:

Ադրբեջանի կողմից չդադարող ռազմատենչ հռետորաբանությունը, հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները և Ադրբեջանի ռազմական բյուջեի աննախադեպ աճը միայն սրում են իրավիճակը` մեծացնելով տարածաշրջանում արդեն իսկ փխրուն կայունության շուրջ մտահոգությունները:

Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու և հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկները:

Նման դիրքորոշմամբ Ադրբեջանը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը: Նավթային եկամուտներից ստացվող գումարները ուղղվում են ռազմական նոր ավանատյուրաների ֆինանսավորմանը:

Մենք բոլորս էլ գիտենք նման արկածախնդրության հետևանքները:

Ադրբեջանը պետք է զերծ մնա կարգավորման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափից ու շրջանակներից այլ ձևաչափեր տեղափոխելու շարունակական փորձերից և սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններից ու գործողություններից, որպեսզի բանակցային գործընթացը կարողանա առաջ ընթանալ առավել կառուցողական և արդյունավետ ուղիով:

Այսօր, երբ մարդու իրավունքների պաշտպանությունն ու խրախուսումը համարվում է քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հայեցակարգը, այլ քաղաքակրթական արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության միտումնավոր, շարունակական վնասումը կամ ոչնչացումը պետք է դատապարտվի նույն հաստատակամությամբ, ինչպես ժողովրդի դեմ բռնությունը:

Ադրբեջանի կողմից 1998-2005թթ. Նախիջևանում հայ վարպետների կողմից նրբորեն փորագրված 9-16-րդ դարերի խաչքարերի ոչնչացումը այդ ոճրագործության ակներև արտահայտությունն է:

Միջնադարյան հազարավոր նմանատիպ հսկա քանդակներ են հողին հավասարեցվել Ադրբեջանի կառավարության ամենատես աչքի հսկողության ներքո, և այդ տարածքը կառավարության արտոնած ծրագրով վերածվել է ռազմական տարածքի:

Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլեւս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:

Պարոն նախագահ, Հայաստանի նախաձեռնությունը առանց որևւէ նախապայմանի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ վայելում էր միջազգային հանրության ամբողջական աջակցությունը:

Անցյալ տարի, ինտենսիվ բանակցություններից արդյունքում ձեռք բերվեցին համաձայնություններ և ի վերջո ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները:

Մենք վստահելի ներդրում կատարեցինք այդ մերձեցման գործում, սակայն Թուրքիան, դժբախտաբար, հետ կանգնեց իր պարտավորություններից և ոչ միայն զերծ մնաց ստորագրված արձանագրությունների վավերացումից, այլև վերադարձավ գործընթացի մեկնարկից առաջ նախապայմանների լեզվին: Հետևաբար, մինչ օրս հայ-թուրքական սահմանը շարունակում է մնալ միակ փակ սահմանը Եվրոպայում:

Պետք է լավ մտադրությունները ապացուցել գործով, այլ ոչ` միայն բառերով:

Հայաստանը պատրաստ է առաջ շարժվելու, երբ Թուրքիան կրկին պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները առանց որևէ նախապայմանի:

Պարոն նախագահ, Այն ժամանակ, երբ մենք քննարկում ենք մեր ժողովուրդների համար առավել բարեկեցիկ և պաշտպանված աշխարհ ստեղծելու բոլոր ուղիները, բացթողում կլինի չխոսել պաշտպանելու պատասխանատվության մասին:

Որպես ժողովուրդ մենք վերապրել ենք մարդկության դեմ ամենասարսափելի ոճրագործությունը` ցեղասպանությունը, 95 տարի առաջ:

Մենք չափազանց կարևորում ենք բոլոր միջազգային ջանքերի առաջխաղացումը` ուղղված ցեղասպանության և մարդկության դեմ ոճրագործության կանխարգելմանը:

Քաջալերող է այն, որ Գլխավոր քարտուղարի «Նախազգուշացում, գնահատում և պաշտպանության պատասխանատվություն» զեկույցի շուրջ հետագա քննարկումները նախատեսված են Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ինչը կհանգեցնի մի այնպիսի բանաձևի ի հայտ գալուն, որը թույլ կտա օգտագործելով Միավորված Ազգերի համակարգում առկա բոլոր հնարավորություններն ու կարողությունները անհրաժեշտ և անհապաղ քայլեր ձեռնարկել նախազգուշացնելու, գնահատելու և կանխարգելելու համար այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ոճիրների և ցեղասպանության:

Ներկա և գալիք մարտահրավերներին դիմակայելու ՄԱԿ-ի կարողությանը նպաստելու նպատակով մենք պետք է ընդլայնենք մեր ջանքերը ՄԱԿ-ի բարեփոխման գործընթացն առաջ մղելու, առկա ռեսուրսների կիրառումն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու, «Մեկ ՄԱԿ» քաղաքականությունը գործի դնելու և տարածաշրջանային հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար, ի լրումն մեր գործողություններին աշխարհով մեկ:

Այսօր աշխարհը զարգանում է ավելի արագ, քան երբևէ: Անվտանգության, քաղաքական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ մարտահրավերներին դիմակայելու համար մենք պետք է պարզապես միավորենք մեր ջանքերը, ռեսուրսները և քաղաքական հաստատակամությունը դրանց հաղթահարման և միջազգային զարգացման օրակարգն առաջ մղելու նպատակով:

Շնորհակալություն