Արցախում իրականացվում են սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացներ

Ապրիլի 2-ին Արցախում մեկնարկել են սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացներ՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ ու Հայ օգնության ֆոնդի հովանավորությամբ:

Արցախում առաջին սոցիալական աշխատողների ծրագրի բացմանը ներկա է գտնվել նաև ԱՀ սոցիալական գերատեսչության նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանը:

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ փոխնախարարը ողջունելով ներկաներին՝ իր խոսքում ընդգծել է, որ պատերազմից հետո ճգնաժամային իրավիճակում հայտնված երկրում անչափ կարևոր դերակատարում ունի սոցիալական աշխատողը, ում աշխատանքը շատ հաճախ նաև հոգեբանական գործունեության ընդգրկմամբ է իրականանում, ուստի անհրաժեշտ է, որ նման գործով զբաղվելու պատրաստակամություն հայտնած անձինք գիտակցումով և նվիրվածությամբ լծվեն այն առաքելությանը, որի իրականացումը հանձն են առնել:

Վ. Առաքելյանը վստահեցրել է, որ դասընթացավարների հետ համատեղ, պատրաստակամ է աջակցել վերապատրաստվողներին՝ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և ոլորտին առնչվող տեղակատվություն փոխանցելով նրանց:

Դասընթացին մասնակցել են նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակիցները: