Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախային կրակ է արձակել թիկունքային ապահովման մեքենայի վրա․ ՊՆ


Հուլիսի 31-ին, ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։

Մասնավորապես` թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն: Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է:

Հայկական կողմից տուժածներ չկան: Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։