Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. պետբյուջե է վերականգնվել ավելի քան 121 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պարենային և ոչ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող երկու ՍՊ ընկերությունների սեփականատերը և գործունեությունը փաստացի ղեկավարող անձը, իսկ 2011-2022 և 2020-2022 թթ. ընկած ժամանակահատվածներում՝ նաև ընկերությունների տնօրենը, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները, 2020 թվականի ապրիլ ամսից 2022 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում թաքցրել է ՍՊ ընկերությունների հարկման օբյեկտը. վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրենի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանքը։

Նախաքննության ընթացքում հարկային մարմին են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ և պետական բյուջե է վճարվել 121.200.000 ՀՀ դրամ։

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- ասված է հաղորդագրության մեջ։