Կորոնավիրուսով հիվանդներ ցանկացած տեղ կարող են լինել. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հայտարարությունը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը․

«Ապրիլի 23-ի երեկոյան, երբ ամբողջ հայ ազգը մեկ էր եղել՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, թեկուզև այս մեկուսացված վիճակում, որոշ լրատվականներ ավելի կարևորեցին Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասին ոչ հավաստի տեղեկատվություն հրապարակել, որի նպատակը կենտրոնի աշխատանքները վատաբանելն էր։

Ցավալի է, որ լրատվամիջոցը չի գիտակցում, որ վնասում է ոչ թե Ուռուցքաբանության ազգային կենտրոնին, այլ անուղղակիորեն հարվածում է այս օրերին ամենախոցելի խմբերին․

Նախ, քաղցկեղով հիվանդներին, ովքեր առանց այն էլ կյանքի և մահու պայքարի մեջ են, և ստիպված են պարբերաբար այցելել կլինիկա իրենց անհրաժեշտ բուժօգնությունը ստանալու համար։ Վախի մթնոլորտի տարածումը լրատվամիջոցի կողմից, մեղմ ասած, անմարդկային է այս անձանց նկատմամբ։

Երկրորդ, բուժաշխատողներին։

Երբ ամբողջ աշխարհը մեծարում և խոնարհվում է բուժաշխատողների առաջ, մեր «սիրելի» լրատվամիջոցը փորձել է կենտրոնի բուժաշխատողներին ներկայացնել որպես եսասեր, վախկոտ և անհավատարիմ։

Ոչ, հարգելիներս, վստահեցնում ենք, որ ձեզ չի հաջողվի վարկաբեկել անձնվիրաբար աշխատող մեր նվիրյալ բուժանձնակազմին․ սանիտարից մինչև գլխավոր բժիշկ։ Մենք թույլ չենք տա թուլացնել մեր որևէ պացիենտի կյանքի պայքարը։ Մենք նրանց կողքին ենք, և անելու ենք առավելագույնը, որ նրանք ոչ միայն զերծ մնան հնարավոր վարակից, այլև հաղթեն այն ծանր հիվանդությանը, որի դեմ միասին պայքարում ենք։

Կորոնավիրուսով հիվանդներ ցանկացած տեղ կարող են լինել, սա մեր ժամանակի մարտահրավերն է, որը կհաղթահարենք, եթե պայքարենք միասին։ Խնդրում ենք, ցանկացած նյութ հրապարակելիս, մտածեք, ում եք իրականում վնասում և ում «օգուտ» տալիս․․․

Հ.Գ․ Պաշտոնապես հայտարարում ենք, որ կենտրոնը պաշտպանված է ներհիվանդանոցային վարակներից և սպասարկում է պացիենտներին բացարձակ անվտանգ պայմաններում»։