Սուրբ Աթոռում՝ առանց սուրբ նպատակների

Սուրբ Աթոռում՝ առանց սուրբ նպատակների
Սուրբ Աթոռում՝ առանց սուրբ նպատակների

2012թ. օգոստոսի վերջերին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, քննադատության թիրախում հայտնվեց նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ու նախարար Էդվարդ Նալբանդյանը: Քննադատողները պնդում էին, որ հայ դիվանագետներն ու անձամբ Նալբանդյանը տեղեկացված չեն եղել, և միայն արտահանձնումից օրեր առաջ են մամուլից իմացել Բուդապեշտ-Բաքու զազրելի գործարքի մասին:

Ի պատասխան քննադատությունների, հայ պաշտոնյաները ընդգծում էին, որ իրենք տեղյակ են եղել գործի ընթացքին, փորձել են կանխել Սաֆարովի արտահանձնումը, սակայն չի ստացվել: Բացի այդ, ֆինանսների պակասի պատճառով Հայաստանը չի կարող աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ Հունգարիայում, դեսպանություն ունենալ:

Անկասկած, Հայաստանը ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 երկրներում դեսպանություններ ունենալու ֆինանսական հնարավորություններ ու դիվանագիտական ներուժ չունի: Բայց եթե անգամ Հայաստանը դեսպանություն ունենար Բուդապեշտում, ամենայն հավանականությամբ, Հունգարիա-Ադրբեջան գործարքը կկայանար և Ռամիլ Սաֆարովը կվերադառնար Բաքու, քանի որ մարդասպանին արտահանձնելու որոշումը քաղաքական էր: Հետևաբար, այս հարցում Հայաստանի դիվանագետներին և պաշտոնյաներին քննադատելը այնքան էլ արդարացված չէ:

Մյուս կողմից, երբ Հայաստանը նոր դեսպանություն է հիմնում որևէ երկրում, ապա անհրաժեշտ է հայ հարկատուներին բացատրել, թե ինչու է տվյալ երկրում կարևոր և առաջնային դիվանագիտական ներկայացուցչություն ունենալը: Խոսքը, անկասկած, այն պետությունների մասին չէ, որտեղ դեսպանություն ունենալը պարզապես պարտադիր է՝ Վաշինգտոն, Փարիզ, Բրյուսել, Մոսկվա, Թեհրան, Բեյրութ, Թբիլիսի և այլն: Խոսքը, օրինակ, Դանիայի, Մեքսիկայի, Ինդոնեզիայի, Վիետնամի ու Վատիկանի մասին է:

2013 թ. մարտի 7-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանություն ստեղծելու մասին» Հայաստանի նախագահի հրամանագրի նախագծին:

Անկասկած, Վատիկանի հետ հարաբերությունների խորացումը չափազանց կարևոր է: Մյուս կողմից, սակայն, Սուրբ Աթոռում դեսպանություն հիմնելու որոշումը անակնկալ էր: Հայաստանը 1990-ականներից դեսպանություն ունի Իտալիայում: Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը ևս տեղակայված կլինի Հռոմում, քանի որ Վատիկան պետությունը Հռոմի տարածքում է:

Վատիկանի և Իտալիայի միջև կնքված պայմանագրով՝ Իտալիայում նշանակված դեսպանը չի կարող դեսպան լինել նաև Վատիկանում, և մինչև վերջերս համատեղության կարգով Փարիզում Հայաստանի դեսպանն էր «ծածկում» Վատիկանը: Առհասարակ, փոքր երկրները մի քաղաքում երկու դեսպանատուն ունենալու շռայլթյուն իրենց թույլ չեն տալիս: (Հետաքրքրական է, որ Մեծ Բրիտանիան Վատիկանի իր դեսպանությունը տեղակայել էր Իտալիայում իր դեսպանության շենքում, ինչի առթիվ Սուրբ Աթոռը բողոքի նոտա էր հղել):

Ֆինանսական և դիվանագիտական ներուժի պակասի պատճառով է, որ, օրինակ, Աթենքում Հայաստանի դեսպանը համատեղության կարգով դեսպան է նաև Ալբանիայում, Կիպրոսում, Սերբիայում: Հայաստանի մի շարք դեսպաններ համատեղության կարգով դեսպան են նաև այլ երկրներում: Սա շատ բնական է, և անգամ հարուստ երկրներն են մեկ դեսպանությունով «ծածկում» մի քանի մայրաքաղաքներ: Ավելին, անցյալ տարի աշխարհի հարուստ երկրներից Մեծ Բրիտանիան և Կանադան համաձայնության եկան մի շարք երկրներում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները միավորելու շուրջ:

Արդեն հայտնի է նաև Վատիկանում Հայաստանի դեսպանի անունը՝ Միքայել Մինասյան՝ փեսան: Ակնհայտորեն, Սուրբ Աթոռում դեսպանություն հիմնելու որոշումը կայացվել է հապշտապ կարգով, եթե չասենք, որ այն բացվել է հենց Մինասյանի համար:

2013թ. բյուջեով նախատեսված էր դեսպանություններ բացել Մեքսիկայում, Ինդոնեզիայում և Վիետնամում, բայց ոչ Վատիկանում: Մեքսիկայում, Ինդոնեզիայում և Վիետնամում դեսպանատներ բացելու համար պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 1 միլիոն դոլար:

Հայաստանը դեսպանատներ սկսել է հիմնել 1992-ից ի վեր: Այսօր Հայաստանը դիվանագիտական ներկայություն ունի աշխարհի շուրջ չորս տասնյակ երկրներում: Որոշ դեպքերում խիստ վիճելի է դեսպանություններ ունենալու նպատակահարմարությունը: Բերենք մեկ օրինակ միայն: 2011թ. Հայաստանը դեսպանություն բացեց Դանիայում, իսկ դեսպան նշանակվեց 32-ամյա Հրաչյա Աղաջանյանը, որը դիվանագիտական փորձ չուներ, արտգործնախարարության համակարգում չէր աշխատել: Տպավորություն էր ստեղծվում, որ Կոպենհագենում Հայաստանի դեսպանությունը բացվում է հենց Հրաչյա Աղաջանյանի համար:

Արդյոք Դանիան առաջնահերթ նշանակությո՞ւն ունի Հայաստանի համար: Հայաստան-Դանիա երկու տասնամյակների դիվանագիտական հարաբերությունների պատմությունը ցույց է տալիս, որ և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտում համագործակցությունը եղել է ցածր մակարդակի վրա:

Նույնը վերաբերում է նաև Վատիկանին: Արդյոք հնարավոր չէ՞ր, որ Իտալիայում Հայաստանի դեսպանը համատեղության կարգով դեսպան լինի նաև Սուրբ Աթոռում. չէ՞ որ երկու տասնամյակ Փարիզում Հայաստանի դեսպանը համատեղության կարգով դեսպան է եղել նաև Վատիկանում:

2013 թ. պետական բյուջեով Հայաստանի արտգործնախարարությանը հատկացվել է ավելի քան 10,5 միլիարդ դրամ կամ շուրջ 260 միլիոն դոլար: Արտերկրում Հայաստանի դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման համար այս տարվա բյուջեով հատկացվել է 7,6 միլիարդ դրամ կամ ավելի քան 18,5 միլիոն դոլար:

Հարյուրավոր հայ դիվանագետներ իրենց ընտանիքներով ժամանակավորապես բնակվում են այլ պետություններում: Նրանց համար վարձակալված բնակարանների համար վճարվում է Հայաստանի բյուջեից՝ մեր, հարկատուների հաշվին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, վարձակալված ամենաթանկ բնակարանը գտնվում է Փարիզում, որտեղ ժամանակին բնակվում էր այն ժամանակվա դեսպան, այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ նույն բնակարանում այսօր բնակվում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը: Բնակարանը գտնվում է Էյֆելյան աշտարակի հարևանությամբ: Ամեն ամիս այդ բնակարանի համար վճարվում է ավելի քան 6000 եվրո: Ի դեպ, հավաստի տեղեկություններով՝ Փարիզում Հայաստանի դեսպանատանը նախկին դեսպան Էդվարդ Նալբանդյանը իր աշխատասենյակի բանալին այդպես էլ չի հանձնել ներկայիս դեսպանին, որպեսզի Փարիզում եղած ժամանակ ինքը միայն օգտվի դրանից:

Անկասկած, հայ դիվանագետները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան ու ապահովված լինեն կենցաղային բարվոք պայմաններով: Սակայն, մյուս կողմից, պաշտոնական տվյալներով՝ 36 տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող Հայաստանի համար այս միլիոնները ճոխություն են:

Թաթուլ Հակոբյան

Civilnet.am