«Հեղափոխությանը ասում եմ Այո, ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ»․ Նիկոլ Փաշինյանը բանաստեղծություն է գրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին բանաստեղծություն է գրել, որը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում։

«Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին:

Հանրաքվե

Հեղափոխությանը ասում եմ Այո, 
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝ 
Իր վաղվա օրվան ժպիտով նայող, 
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:

Արդարությանը ասում եմ Այո, 
Ոչ մի հրոսակ որ չխուսափի, 
Հանցանքին արժան պատասխան տալու
Եւ հատուցելու ահեղ սարսափից:

Ազատությանը Այո եմ ասում, 
Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի, 
Երկար տարիներ դավերով բազում, 
Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:

Այո եմ ասում Նոր Հայաստանին, 
Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ: 
Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք, 
Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:

Հեղափոխությանը ասում եմ Այո, 
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ, 
Իր ապագային ժպիտով նայող, 
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ»: