«Իշխանությունները գյումրեցու մեջ սպանել են նպատակ ու երազանք ունենալը». Վահան Թումասյան

«Իշխանությունները գյումրեցու մեջ սպանել են նպատակ ու երազանք ունենալը». Վահան Թումասյան
«Իշխանությունները գյումրեցու մեջ սպանել են նպատակ ու երազանք ունենալը». Վահան Թումասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գյումրիի «Շիրակ» կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:

– Պարո՛ն Թումասյան, 1988-ի ավերիչ երկրաշարժից 29 տարի է անցել, իշխանությունը չկարողացավ վերջնական լուծում տալ Գյումրիում անօթևանության խնդրին: Ի՞նչ իրավիճակ է այսօր:

– Անցած 29 տարիների ընթացքում իշխանություններին հաջողվեց Գյումրիում քաղաքաշինական խնդիրներն ավելի բարդացնել՝ վերածելով սոցիալական և հոգեբանական խնդիրների: Եթե մենք հետերկրաշարժյան տարիներին ունեինք միայն քաղաքաշինական խնդիրներ, ապա այսօր քաղաքաշինական խնդիրները բարդացել են, դարձել խոր սոցիալական խնդիրներ: Մարդու տարրական սոցիալական իրավունքները Գյումրիում ոտնահարված են: Մարդիկ ապրելու հասարակ պայմաններից զուրկ են:

Այս իրավիճակի համար ես միայն ներկայիս իշխանություններին չեմ մեղադրում, մեղավոր են բոլոր իշխանությունները: Մեր բախտն իրականում չբերեց, քանի որ երկրաշարժի ժամանակահատվածին համընկան ԽՍՀՄ փլուզումն ու Արցախյան պատերազմը: Երրորդ` ունեցանք իշխանություններ, որոնք փորձ չունեին և չէին կարող այդ հսկա խնդրի տակից դուրս գալ: Եվ Գյումրիում զրկանքները շարունակվեցին տասնամյակներ, ինչի հետևանքով այսօր քաղաքում ունենք մոտ 2000 ընտանիք, որոնք ապրում են բնակարանային տարրական պայմաններից զուրկ միջավայրում՝ կա՛մ վագոն տնակներում, կա՛մ էլ կիսաքանդ շենք-շինություններում: Մոտ 10 հազար մարդու մասին է խոսքը:

– Այդ ընտանիքներից քանի՞սն են երկրաշարժի հետևանքով անօթևանները:

– Անօթևան ընտանիքների մոտ կեսը երկրաշարժի հետևանքով է դարձել անօթևան, մյուս կեսն անօթևան է երկրաշարժի անուղղակի հետևանքներով: Այսինքն՝ եթե երկրաշարժը չլիներ, Գյումրիում այսօր նման խնդիր չէր լինի: Մի մասն անօթևան է երկրաշարժի հետևանքների չվերացման պատճառով: Եվ այդ հետևանքների չվերացումը բերում է սոցիալական բարդությունների, որոնք ավելի երկարաժամկետ են ու ավելի ծանր: Ստեղծվել է իրավիճակ, որ պետության ուժերից այլևս վեր է այս խնդիրների լուծումը:

Այսօր Գյումրիում տնակային ավաններում ապրողներին կարելի է երկու խոշոր խմբի բաժանել՝ միայնակ տարեցներ և բազմազավակ ընտանիքներ: Նրանց մեծ մասը առանց տղամարդկանց ընտանիքներն են: Աղքատությունը տնակային ավաններում խոր հիվանդություն է առաջացրել, հիվանդ երեխաները չեն շարունակում ուսումը, որովհետև հեռանկար չեն տեսնում: Ամենադաժան բանն այն է, որ իրենք այդ ծայրահեղ աղքատությանը համակերպվել են: Եվ ի՞նչ պետք է անի երեխան, եթե աղքատության մեջ է և ուսումը չի շարունակում: Պետք է իր նմանի հետ ամուսնանա, և աղքատությունը վերարտադրվում է: Բարոյահոգեբանական այն բոլոր երևույթները, որոնք կան մեր հասարակությունում, այսօր խտացված են տնակային ավաններում: Եվ փաստորեն մենք այսօր Գյումրիում երկու քաղաք ունենք՝ տնակային ավաններ, որտեղ ինքնամեկուսացված ու թերարժեքության բարդույթներով տառապող անձինք են, և ունենք քաղաք, որը կամաց-կամաց փոքրանում է, աշխատունակ տարիքի անձինք արտագաղթում են: Ստացվում է, որ աղքատ խավը քաղաքում գերակշռող է դառնում:

– Իշխանության ներկայացուցիչներն այսօր Գյումրիում էին՝ շքեղ ավտոմեքենաների շարասյունով: Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում է լուծել գյումրեցիների խնդիրները, ասում է՝ ուղղակի պետք է համբերել ու լավատես լինել: Իշխանությունների պահվածքն ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակում:

– Ես ուզում եմ լավատես լինել, որ իրենք պարզապես անիրազեկ են: Ես հասկանում եմ, որ իրենց մոտ այդ գիտակցությունը չկա, որովհետև իրենք չեն տեսել աղքատություն: Իրենք չգիտեն, թե ինչ է աղքատ երեխա: Իրենց խոսքերում իշխանություններն անկեղծ չեն, որովհետև անկեղծ պատասխանը մարդու հայացքից էլ է երևում: Հասկանում ենք, որ իշխանությունների խնդիրն է հասարակությանը խոստումներով կերակրելը, բայց նաև այդ կերակրելու կողքին իրենք չեն գիտակցում, թե ինչ է կատարվում: Աղքատության, ճգնաժամի ու աղետի հետևանքներն ու խորությունն իրենք այսօր չեն գիտակցում: Եթե գիտակցեին, հաստատ գոնե կլռեին: Կասեին՝ գիտեք ինչ, մեր ուժերից վեր են այդ լուծումները: Ավելի անկեղծ կլիներ, եթե այդպես ասեին և համայն հայությանը կոչ անեին միավորվել ու լուծել այդ խնդիրները:

– Իսկ գյումրեցին կարո՞ղ է սպասել, մի քիչ էլ համբերել, ինչպես վարչապետն է հորդորում:

– Ուզեն-չուզեն` մարդիկ սպասելու են: Բայց ոչ թե սպասում են, որ լավ է լինելու, այլ իրենք համակերպվել են այդ ծանր վիճակին: Նաև մարդիկ արտագաղթում են, բայց Գյումրիից արտագաղթում է հիմնականում այն խավը, որը կարող է իր կյանքն ինչ-որ կերպ նաև Գյումրիում դասավորել: Այսինքն՝ ծայրահեղ ծանր աղքատ խավը չի արտագաղթում: Իշխանությունները գյումրեցու մեջ սպանել են նպատակ ու երազանք ունենալը: Իրենք ոչ միայն ի վիճակի չեն արտագաղթելու, այլ նաև արտագաղթելու ցանկություն էլ չունեն: Իրենք համակերպվել են, որ պետք է գնան խանութ ու պարտքով հաց վերցնեն, թոշակ ու նպաստ ստանան, պարտքը տան, գան «Շիրակ» կենտրոնից վառելափայտ տանեն: Սա վտանգավոր միտում է, և մեկ ընտանիքի մասին չէ խոսքը: Մենք 22 բնակարան միայն այս տարի ենք տվել նման ընտանիքներին, բայց խնդիրը մեծ է:

– Լուծումն ինչպե՞ս եք տեսնում:

– Իշխանությունները պետք է խոստովանեն, որ խնդրի լուծումն իրենց ուժերից վեր է: Խնդիրը հնարավոր է լուծել համայն հայության ուժերով: Բայց որպեսզի համայն հայությունը կանգնի և կարճ ժամանակում լուծի, իշխանությունը պետք է դա խոստովանի, դա ամոթ չէ: Քանի դեռ իշխանությունը չի տեսել աղքատ ընտանիքին, չի տեսել հիվանդ երեխային, ով տաքության մեջ է, և դեղորայք ու հաց չկան, չի կարող աղքատությունը պատկերացնել: Ես կոչ եմ անում իշխանություններին` Գյումրիի կենտրոն գալու փոխարեն պատահական տնակ մտնել, զրուցել մարդկանց հետ: Դա կօգնի իրենց գործին, պետք է իջնել շքեղ մեքենայից, մտնել նման ընտանիքներ, տեսնել սոված ու ցրտին առանց վառելիքի ապրող երեխաներին:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am