«Արդյոք ԱԱԾ ղեկավարները Հայաստանի շահե՞րն են սպասարկել ու սպասարկում. լյուստրացիա պետք է անել». Ստյոպա Սաֆարյանը՝«Դոսյե»-ի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը

Պարո՛ն Սաֆարյան, «Դոսյե» կենտրոնի հրապարակման համաձայն՝ Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում, գործակալները նաև հատուկ ուշադրությամբ հետևել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ձեզ։ Այս բացահայտումներն ի՞նչ են ցույց տալիս։

Այնպես չէ, որ այդ զեկույցում տեղ գտած ինֆորմացիայի մեծ մասն անակնկալ էր կամ գաղտնիք։ Կան քաղաքական ուժեր, հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք երբևիցե չեն թաքցրել Հայաստանի արտաքին քաղաքականության համար իրենց ռուսական նախապատվությունը։ Այսինքն՝ այս առումով «Դոսյեն» որևէ նոր ինֆորմացիա չի տալիս։

«Դոսյե»-ի այս զեկույցից ի՞նչը պետք է մեզ համար կարևոր լինի։ Նախ՝ առաջինը մտահոգիչ է այն պնդումը, որ Հայաստանի տարբեր պետական մարմիններում կան գործակալներ։ Եվ թերևս դրա ապացույցն է այն, որ ԱԳՆ-ի տրամադրության տակ եղած փաստաթուղթը՝ կլինի դա ուկրաինական, թե հայկական, հայտնվում է ռուսական հատուկ ծառայությունների աղբյուրի ձեռքին, որից հետո արդեն հայտնվում է «Դոսյե»-ի ձեռքին։

Եվ պետք է պարզել՝ արդյոք այդ փաստաթղթի արտահոսքն իրականացվել է Հայաստանի՞ց, թե՞ Ուկրաինայից։ Գոնե այս առումով կարելի է հերքել մեր մասը։

Երկրորդ՝ գործակալների անունները՝ Կանդիդատ, Միշա, Սվետլանա Մաքսիմովա, որը նաև հետևում է ինձ։ Այս առումով, իհարկե, այդ անձանց բացահայտելը կարևոր է։

– ԱԱԾ նախկին ղեկավարների անունն է հիշատակվում նաև այս հրապարակման մեջ։ Սա մտահոգի՞չ չէ։

– Այո՛, հաջորդ կարևոր խնդիրն է, որ աղբյուրը նշում է Ազգային անվտանգության ծառայության երեք նախկին ղեկավարների անունները՝ փաստացի ակնարկելով, որ նրանք շատ վստահելի են եղել ռուսական կողմի համար։ 

Վստահելի լինելը դեռ ոչինչ, խնդիրն այն է, որ ԱԱԾ նախկին տնօրեններից մեկը՝ Կառլոս Պետրոսյանը, ով աշխատել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, Ռուսաստանում շատ կասկածելի հիմքերով հանդիսանում է բնակարանի սեփականատեր՝ 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան ձեռք բերելով։ 

Հետևաբար, սրանք հարցեր են, որոնք մտորելու տեղիք են տալիս։ Այդ ո՞ր ծառայությունների դիմաց է նա կազմակերպություն գրանցում ու արժանանում նման բարձր հովանու։ 

Ակնհայտորեն մենք խնդիր ունենք՝ իսկապես պարզելու, թե արդյոք մեր Ազգային անվտանգության ծառայության ղեկավարները Հայաստանի շահե՞րն են սպասարկել ու սպասարկում։ 

Եվ եթե զեկույցում գրվածը ճիշտ է նրանց մասով, և նրանք նույնպես ռուսական հատուկ ծառայությունների կոնտակտներ ու աղբյուրներ են հանդիսանում, ապա հարց է ծագում՝ ի՞նչ անել նրանց կադրերի հետ, որոնք շարունակում են աշխատել այդ համակարգում և կարող են իրենց հերթին ինֆորմացիոն արտահոսքեր կազմակերպել, ազդել որոշումների կայացման վրա։

Իմ ուշադրությունը թերևս գրավեց ԱԱԾ նախկին ղեկավարներից Արթուր Վանեցյանի վերաբերյալ տեղեկատվությունը։ Նրա ղեկավարման օրոք ԱԱԾ-ից անհետացան փաստաթղթեր, և վարչապետը պատճառաբանություն բերեց, թե ինչո՛ւ հնարավոր չէր այդ պահին լյուստրացիա՝ գաղտնազերծում անել։

Հետևաբար՝ հարց է ծագում՝ Արթուր Վանեցյանը դա արել է միտումնավո՞ր՝ ուղղակի փորձելով խոչընդոտ ստեղծել, լավ իմանալով, որ չկա լյուստրացիա անցկացնելու դրական պատասխան, բայց և չկա մերժում։ Հարց է ծագում՝ ուղղակի այդպիսի տեխնիկական բնույթի խոչընդոտ ստեղծելով՝ նա չի՞ կասեցրել այդ պրոցեսը։ 

Ընդ որում, հիշեցնեմ, որ ես հրապարակային նամակով դիմել էի, որին ի պատասխան վարչապետն այսպիսի հայտարարություն արեց, որ ԱԱԾ-ից անհետացել են փաստաթղթեր, ինչի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն։ 

Մենք չգիտենք, թե ինչպես ավարտվեց այդ ծառայողական քննությունը, բայց նաև մի բան գիտենք՝ այդ նույն ԱԱԾ պետն էր, որին գաղտնալսեցին։ Հիմա թե որքանո՞վ նա օգնեց այլ ծառայությունների, որոնց համար ինքը վստահելի էր, սա արդեն իշխանությունները պետք է պարզեն։

– Ի՞նչ է ենթադրում պարզելը, լյուստրացիա՞։

– Ես առաջարկում եմ ուղղակի և գտնում եմ, որ դրա լուծումը լյուստրացիան է։ Այստեղ միայն Ռուսաստանի հատուկ ծառայությունների խնդիր չէ, որովհետև այդպիսի գործակալներ կարող են լինել ցանկացած երկրից։ Մենք այդ զեկույցում տեսնում ենք միայն Ռուսաստանը։

Բայց եթե համակարգն այսպես է կառուցվել, որտե՞ղ է երաշխիքը, որ ամեն երկիր՝ սկսած մեր հարևան երկրներից, վերջացրած գործընկեր երկրներով, Հայաստանում չունեն գործակալներ, որոնք ազդում են իշխանության որոշումների վրա, արտահոսքեր են տալիս, փոխանցում կարևոր փաստաթղթեր։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am