Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ԱՄՆ մի շարք հատվածներում, որոնք ենթարկվել են տորնադոների հարվածներին: Նախագահ Բայդենը որոշ տեղերում դաշնային արտակարգ դրություն է հայտարարել և խոստացել աջակցություն։ Հարյուր հազարավոր մարդիկ շարունակում են մնալ առանց ջեռուցման ու լույսի:
Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Ավերիչ տորնադոները հարվածել են ամերիկյան մի քանի նահանգներ, որի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, որոնց հիմնական մասը Կենտուկի նահանգից են: Այս պահին զոհերի թիվը հասնում է 80-ի, սակայն սպասվում է, որ այդ թիվը կավելանա, քանի որ շարունակվում են փրկարարաորոնողական աշխատանքները:
Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային ծառայության ղեկավար Դին Քրիսվելը ABC-ի հետ զրույցում նշում է, որ դեռևս կան հույսեր, որ հնարավոր կլինի փլատակների տակից դուրս բերել ողջ մնացած մարդկանց, և որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են տուժած բոլոր նահանգներում: Ըստ նրա՝փրկարարարական աշխատանքներին կհաջորդեն վերականգնողական աշխատանքները:
Մենք իսկապես ցանկանում ենք կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես ենք կարող օգնել այս համայնքներին իրենց անմիջական կարիքների, ապաստանի տրամադրման և երկարաժամկետ բնակարանային կարիքները հոգալու հարցերում, որոնց կարիքը իսկապես ունեն այս համայնքներն ու այստեղ բնակվող ընտանիքները, նշել է ծառայության ղեկավարը:
Արբանյակից արված լուսանկարները ցույց են տալիս Արկանզաս և Կենտուկի նահանգներում փոթորիկների կատարած ավերածությունները, որոնք հողին են հավասարեցրել ողջ համայնքներ: Ձմեռային ցուրտ եղանակային պայմաններում անօթևան մնացած մարդիկ, ովքեր բնական այս աղետի արդյունքում կորցրել են իրենց տները, այժմ ապաստանում են ժամանակավոր կացարաններում:
NBC-ի «Meet the Press»-ի եթերում Կենտուկիի դեմոկրատ նահանգապետ Էնդի Բեշիրը ասում է, որ այդ նպատակով ստեղծվելու են 13 ժամանակավոր կացարաններ: Այս պահին գործում են վեցը, ասում է նահանգապետը, ով վստահություն հայտնեց, որ միասնաբար կկարողանան հաղթահարել բնական այս աղետի արդյունքում ստեղծված ծանր իրավիճակը և կվերակառուցեն տուժած տարածքները:
Առայժմ Կենտակին միակ նահանգն է, որը աջակցություն է խնդրել վարչակազմից: FEMA-ի ադմինիստրատոր Դին Քրիսվելն ասում է, որ գործակալությունը այնտեղ ունի մոտ 100 աշխատակից, ներառյալ որոնողափրկարարական խմբերը, բայց պատրաստվում է ավելացնել թիվը՝փրկված մարդկանց անվտանգ վայր տեղափոխելու համար: ABC-ի եթերում նա ընդգծել է, որ իրենց առաջնահերթությունը շարունակում է մնալ մարդկանց անվտանգ և ապահով ապաստանով ապահովելը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին ամերիկյան վեց նահանգներ ենթարկվեցին ուժեղ փոթորիկների հարվածներին: Կենտակիում արձանագրված տորնադորներից մեկը ունեցել է ավելի քան 320 կիլոմետր ժամ արագություն: Ըստ արտակարգ իրավիճակների գերատեսչության ղեկավարի՝ FEMA-ի նպատակներից մեկն է համայնքներին տեղեկացնելը բնական այս աղետի ռիսկերի և դրանց ընթացքում գործողությունների մասին. սա կարող է օգնել նվազեցնել զոհերի թիվը ապագա հնարավոր բնական աղետների ժամանակ: