ԵՏՀ Ագրոարդյունաբերական վարչության տնօրենը խոսել է հայկական գինու՝ միջազգային շուկա դուրս գալու հեռանկարների մասին

Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանը որակական առաջընթաց է գրանցել գինեգործության բնագավառում, ինչը գլխավորապես պայմանավորված է խոշոր ներդրումներով, ինչպես նաև խաղողագործությանը և խաղողի նոր տեսակների մշակմանը հատկացված ավելի մեծ ուշադրությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ է մրցունակ հայկական գինեգործությունը և ի՞նչ հեռանկարներ ունեն հայ գինեգործները դուրս գալու ոչ միայն Եվրասիական տնտեսական միության, այլև երրորդ երկրների շուկաներ, Արմեն Հարությունյանը պատասխանել է, որ գինու յուրաքանչյուր շշի որակը կախված է հսկայական թվով գործոններից, որոնցից գլխավորը գինի արտադրողի վերաբերմունքն է իր գործին:

«Եթե սիրեն այդ գործը՝ վերջնական արդյունքը շատ որակյալ կլինի, և շուկան կգնահատի այդ ապրանքը», – ասել է Արմեն Հարությունյանը:

ԵՏՀ Ագրոարդյունաբերական վարչության տնօրենը նկատել է, որ գինեգործության բնագավառում դրական առաջընթաց է նկատվում հետխորհրդային ողջ տարածաշրջանում, և դա արդյունքն է այն բանի, որ նախկին Խորհրդային հանրապետությունների կառավարություններն ավելի մեծ ուշադրություն են դարձնում գյուղատնտեսության նշված մասնաճյուղին, քանի որ գինին, ընդհանրապես, մրցունակ ապրանք է շուկայում:

Հարությունյանի խոսքով՝ մրցակցությունը գինեգործության ոլորտում ընթանում է մի կողմից «հին երկրների» միջև՝ ինչպիսիք են Ֆրանսիան և Իտալիան, և մյուս կողմից՝ «նոր աշխարհի» միջև, որի ներկայացուցիչներն են Ավստրալիան, լատինաամերիկյան երկրները, որոնք զգալի հաջողությունների են հասել նշված բնագավառում:

Հարությունյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ի մյուս երկրներում նույնպես առաջընթացը գինեգործության ոլորտում ակնհայտ է:

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ Ագրոարդյունաբերական վարչության ղեկավարն ասում է, որ իր տպավորությամբ՝ վերջին 20 տարիներին Հայաստանը որակական առաջընթաց է գրանցել գինեգործության բնագավառում, ինչը կատարված հսկայական աշխատանքի և, մասնավորապես, խաղողագործության բարելավման և տեղական էնդեմիկ նոր տեսակների մշակման արդյունքն է: Այդ տեսակներն, ըստ Հարությունյանի, իրենց տեղն են գտնում աշխարհի լավագույն շուկաներում:

«Քանի որ այս ոլորտը շատ մրցակցային է, ինձ թվում է, որ անհրաժեշտ է աշխատել ինչպես կրթական նախագծերի տեսանկյունից, այնպես էլ՝ կիրառել այն ավանդական մեթոդները, որոնք կարող են որպես տարբերվող գործոն ծառայել՝ գինու այլ տեսակների հետ համեմատ: Հայաստանում այդ մեթոդներից է, օրինակ, գինու արտադրությունն, այսպես կոչված՝ կարասներում, ոչ թե տակառներում:

Թեև, կաղնու տակառների մեջ գինի արտադրելու հրաշալի պրակտիկա նույնպես կա: Բայց պետք է ասեմ, որ եթե խորհրդային տարիներին Հայաստանն ավելի շատ աշխատում էր կոնյակի արտադրության ուղղությամբ, և ձեռքբերումներն այդ ոլորտում, կարծում եմ, ակնհայտ են, ապա վերջին 20 տարվա ընթացքում որակական տեղաշարժ է եղել գինեգործության բնագավառում:

Ըստ իս՝ դա պայմանավորված է ինչպես խոշոր ներդրումներով, այնպես էլ խաղողագործությանը, խաղողի որակին հատկացված ավելի մեծ ուշադրությամբ», – մեկնաբանել է ԵՏՀ Ագրոարդյունաբերական վարչության տնօրենը՝ ընդգծելով նաև այն հիմնադրամի դերը, որն առաջ է մղում հայկական գինին միջազգային շուկաներում:

«Հայկական գինեգործության հաջողությունը նաև ճիշտ դիրքավորման արդյունքն է, քանի որ Հայաստանն իսկապես ունի գինեգործության հետ կապված պատմություն, և եթե այն ճիշտ մատուցվի ամբողջ աշխարհին, ապա, ինձ թվում է, հայկական գինեգործությունը հրաշալի արդյունքների կհասնի: Բայց պետք է նաև աշխատել տեղի շուկայի վրա գինու սպառման ծավալներն ավելացնելու համար:

Եվ գինու, որպես խմիչքի, ճիշտ դիրքավորումը կնպաստի նրան, որ մեր երկրներում արտադրվող գինիները հանրամատչելի կլինեն ինչպես ԵԱՏՄ շուկայում, այնպես էլ երրորդ երկրների շուկաներում», – ասել է Արմեն Հարությունյանը՝ շեշտելով, որ գինեգործության բնագավառում հսկայական աշխատանք է կատարվում եվրասիական ողջ տարածաշրջանում, և այս ոլորտում մեծ ներուժ կա: