Արցախի գույները` երկնքից. «Այնքան ուժեղ են զգացողությունները, որ մարդիկ չեն ուզում իջնել օդանավից»

Արցախի գույները` երկնքից. «Այնքան ուժեղ են զգացողությունները, որ մարդիկ չեն ուզում իջնել օդանավից»
Արցախի գույները` երկնքից. «Այնքան ուժեղ են զգացողությունները, որ մարդիկ չեն ուզում իջնել օդանավից»

Ադրբեջանական կողմի համար բուռն քննարկումների եւ մտահոգությունների առիթ դարձած տեսահոլովակը, որը հավաստում էր Ստեփանակերտի օդանավակայանի կենսունակությունը,  զբոսաշրջիկների եւ էքստրիմի սիրահարների համար բացահայտում է Արցախի գույներն ու գեղեցկությունը՝  երկնքից:

Արդեն երկու ամիս է՝ Ստեփանակերտի օդանավակայանը փոքրիկ օդանավերով անցկացնում է ավիացիոն տուրեր: Սա հնարավորություն է ընձեռում թռիչքի սիրահարներին բարձունքից հիանալ Շուշիի, Գանձասարի, Տիրգրանակերտի, Ստեփանակերտի, Ամարասի, Դրմբոնի գեղեցկությամբ:

Այս նախաձեռնության հեղինակը ԼՂՀ Կառավարությանն առընթեր գործող Քաղացիական ավիացիայի վարչությունն է: Պատասխանատուները հավաստում են, որ երկու ամսվա ընթացքում ուղեւորների պակաս չի եղել, ովքեր Արցախը վերևից տեսնելու և նրա երկնքում թռչելու հաճույքն են վայելել:

ԼՂՀ Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը ասում է, որ տուրերից հիմնականում օգտվում են երևանցիներն ու արցախցիները, հետաքրքրված են նաեւ Արցախը բացահայտող օտարերկրյա զբոսաշրջիկները:

«Երևանից որ եկել էին, երկնքի սիրահար մարդիկ էին: Նրանց մի մասը պարապլաններով է թռչում, մի մասը ավիասպորտսմեններ են: Սա նոր, ինքնատիպ տպավորություններ է տալիս այդպիսի ռոմանտիկ մարդկանց համար: Ես ինքս էլ եմ երբեմն թռչում»,-ասում է Ադբաշյանը:

Տուրերը անցկացնող միակ օդաչուն՝ Սամվել Թավադյանը, ասում է, որ շաբաթը 10-15 մարդ է գալիս թռչելու Ստեփանակերտի օդանավակայանից:

«Հետաքրքությունն ու ոգևորությունը շատ մեծ է:  Հետաքրքրվում Ֆրանսիայից, Կանադայից, Ամերիկայից: Տուրիստները, որ գալիս են Ղարաբաղ հանգստանալու ու որ տեսնում, կամ լսում են օդանավերով տուրերի մասին, մեծ ցանկություն են ունենում փորձելու եւ բաց չթողնելու այդ հնարավորությունը»,-ասում է 21 տարվա փորձ ունեցող օդաչ Թավադյանը:

Նրա խոսքով՝ սա մեծ հնարավորություն է տալիս նորովի ծանոթանալու Արցախին:

«Մարդիկ ուզում են շատ բան տեսնել Արցախում, բայց ժամանակի առումով չեն հասցնում շատ տեղեր գնալ: Իսկ այսպես կես ժամում, կամ մեկ ժամում կհասցնեն Ղարաբաղի կարևոր տեսարժան վայրերը տեսնել»,-ասում է Թավադյանը:

Հիմնական այցելուները երիտասարդներ են: Արցախի երկնքում ճախրելու համար 1 րոպեի դիմաց պետք է վճարել 1000 դրամ: Ոլորտի մասնագտների խոսքով՝ սա կրկնակի անգամ էժան է՝ համեմատած արտերկրում նման ծառայություններ մատուցող ընկերությունների հետ:

 30-ամյա պարապլանիստ Արմեն Սարգսյանը գրեթե ամեն շաբաթ այցելում է Արցախ՝ իր հետ տանելով խմբեր, ովքեր հետարքրված են նման տուրերով:

«Հետաքրքիր է, որ Գանձասար, Շուշի միշտ գնացել ենք մեքենայով, իսկ հիմա հնարավոր է այն տեսնել նաև վերևից: Բավականին մեծ զգացողությունների հորդանք է լինում, երբ արագ թռչում ես ինքաթիռով: Ես միշտ զբաղվել եմ այն սպորտաձևերով, որոնք որ կապված են երկնքի հետ: Աշխատում եմ տեղյակ պահել շատերին, կիսվել իմ տպավորություններով, որ գան փորձեն: Հիմնականում այն երիտասարդներն են գալիս, ովքեր ինձ հետ պարապլանով թռչում են»,- «Մեդալաբին» ասում է Արմենը:

Արցախ 2 Նա հավելում է, որ այսպիսի օդային տուրերով Արցախը գովազդվում է և այս շարժը մեծ հետաքրքրություն է առաջացնում տեսարժան վայրերի նկատմամբ:

Օդաչու Սամվել Թավադյանը պատմում է, որ մարդիկ թռիչքից հետո ոտքը հողին են դնում մեծ տպավորություններով:

«Այնքան ուժեղ է ադրենալինը և զգացողությունները, որ մարդիկ չեն ուզում իջնել օդանավից: Նույնիսկ մինչև 3-4 ժամ թռիչքներ եմ ունեցել ուղևորների հետ: Շատերը խնդրում են, որ ցածր թռչենք, էսքտրեմալ թռիչքներ են սիրում: Իսկ մեկ անգամ փորձելուց հետո, անպայման երկրորդ անգամ էլ են ցանկություն հայնտում այցելելու»,-ասում է Թավադյանը:

Նա նշում է, որ ԼՂՀ-Ադրբեջան սահմանի մոտ թռիչքներ չեն կատարում անվտանգության կանոններից ելնելով և հաշվի առնելով լարվածությունը սահմանամերձ գոտիներում:

«Ուղղակի այս մեկ տեղանոց ինքնաթիռների հնարավորությունները շատ փոքր են: Եթե մյուս տարի մի քանի օդանավ ավելացնենք՝ 4 կամ  6 տեղանոց, ապա ավելի շատ մարդ կարողանա օգտվել: Որովհետև շատերը ուզում են ամուսիններով կամ երեխայի հետ թռչել, բայց չեն կարողանում: Այս օդանավերում միայն օդաչուի ու մեկ ուղևորի տեղ կա»,-ասում է Թավադյանը:

Քաղավիացիայի վարչության պետը նույնպես պնդում է, որ ավիացիայով Արցախում տուրիզմը զարգացնելու համար պետք է 4-6 տեղանոց ինքնաթիռներ բերել:

«Մենք այդ հարցով զբաղվում ենք և ծրագրի մեջ ներառել ենք 4 տեղանոց ինքնաթիռ ձեռք բերելու և աշխատացնելու համար: Այս տուրերը շարունակական են լինելու ամբողջ տարվա ընթացքում: Թռիչքների համար կարևորը եղանակային բարենպաստ պայմաններն են»,-ասում է Ադբաշյանը:

Հրավիրվել են նաև օդաչուներ Երևանից` Ստեփանակերտի օդանավակայնում աշատելու համար, քանի որ հետագայում մեկ օդաչուով դժվար կլինի մեծածավալ տուրեր կազմակերպելը:

Իսկ ավելի շատ զբոսաշրջիկների գրավելու համար Ստեփանակերտում բացվել է նաև ավիաընկերություն, որը զբաղվելու է տուրիստական խմբերին Արցախ տանելու և օդանավերով տուրերին ներգրավվելու համար:

«Սա հնարավորություն է մարդկանց համար ոչ միայն Ղարաբաղը տեսնելու, այլև ինքնաթիռ նստելու,-ասում է պարապլանիստ Արմեն Սարգսյանը,- Միգուցե հետագայում սա ծառայի Երևան –Ստեփանակերտ չվերթների համար: Քանի որ այդ ճանապարհը մեքենայով շատ ժամանակատար է,  Կառավարությունը պետք  հասկանա, որ նման փոքր թռիչքները զարգացնելը շատ կարևոր է, մանավանդ, որ շատ էժան հաճույք է: 25-30, նույնիսկ 15 հազար դոլարով դոլարով  կարելի է գնել այս օդանավերը»:

Ադբաշյանը ասում է, որ օդանավերի կիրառումը շատ կարևոր է Արցախի համար:

«Եթե մի երկիր չունենա իր սեփական ավիացիան, չի ունենա նաև լիարժեք սուվերենություն»,-համոզված է նա:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը չվերթներ իրականացնելու համար, Ադբաշյանը ասում է.

«Ես որպես օդաչու, որպես ինժիներ իմ կողմից ամեն ինչ ապահովել եմ: Մենք տեխնիկական առումով պատրաստ ենք ցանկացած պահի շահագործել, հենց որ համապատասխան որոշում կընդունվի, ինչը իմ ուժերից և իրավունքներից վեր է»,-հավելում է Ադբաշյանը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=-k4DPG6JM8I