«Դրոշի այս պատմությունը քաղաքական մտքի սնանկության դրսևորումներից է». Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հանրային, քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը 

– Պարո՛ն Միսկարյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում Արցախի Հանրապետության դրոշի շուրջ ծավալվող քննարկումներն ու գործողությունները։ Այսօր խորհրդարանում տեղի ունեցողն ինչպե՞ս կգնահատեք։

– Եվս մեկ անգամ ասեմ, որ Հայաստանում քաղաքական մտքի սնանկություն կա, ու ներկա վիճակը մեծապես կապված է դրա հետ։ Ըստ էության, դրոշի այս պատմությունը քաղաքական մտքի սնանկության դրսևորումներից է, որը տևական ժամանակ է՝ ինչ ընթանում է։

Այս գործընթացն իրենից ոչ մի բան չի ներկայացնում, ուղղակի սեփական գոյության մասին այլ կերպ հայտնել հանրությանը, քան նման պոպուլիստական քայլերով, այս մարդիկ չեն տեսնում։ Մի կողմից ընդդիմությունը, մյուս կողմից էլ՝ կառավարող ուժը նույն հռետորաբանությամբ սպասարկում են միևնույն օրակարգը։ Այնպես որ, նոր բան չկա և, մեծ հաշվով, ասելու բան էլ չկա, ակնհայտ է այդ ամեն ինչը։

– Այսինքն՝ ընդդիմության փաստարկումները, թե ինչու պետք է Արցախի Հանրապետության դրոշը կանգնեցնել Հայաստանի տարբեր վայրերում, հիմնավոր չե՞ք համարում։

Այդ դրոշի լինել-չլինելը բացարձակապես ոչինչ չեն փոխում, մարդիկ դրանից ոչ ավելի հայրենասեր ու արժանապատիվ են դառնում, ոչ սակավ։ Հետևաբար, այդ օրակարգն ընդամենը մարդկանց շեղելն է:

Չնայած չեմ էլ կարծում, թե իրենց նպատակը մարդկանց շեղելն է, որովհետև չկա որևէ բան, որից կարելի է շեղել, առհասարակ, քաղաքական օրակարգ չկա, ու արվում է այն, ինչ արվում է։ Պոպուլիզմի դեմ պայքար է գնում պոպուլիզմի գործիքներով՝ երկու կողմից էլ։

– Ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ հերթական նիստերը՝ մեկնելով Արցախ, ԱԺ նախագահն էլ խորհուրդ տվեց ընդդիմադիրներին վայր դնել մանդատները, եթե որոշել են այդ քաղաքականությունը որդեգրել։ Համակարծի՞ք եք խորհրդարանի նախագահի հետ ու ի՞նչ գնահատական կտաք խորհրդարանի աշխատանքներին։

– Ազգային ժողովում չկան ընդդիմություն ու իշխանություն, այսինքն՝ այդտեղ ներկայացված քաղաքական ուժերը չեն ներկայացնում Հայաստանի պետական շահը, ի զորու չեն լուծելու այն հիմնախնդիրները, որոնք կան, և ընդամենը սովորական, էժան պայքար է գնում իշխանության համար։

Այնպես որ, այս կամ այն կերպ Ազգային ժողովի արդյունավետությունը բարձրացնելուց կամ այս կամ այն քայլն անելու պարագայում գնահատել դա որպես ոչ արդյունավետ աշխատանք, այնքան էլ տեղին չէ։ Իմ կարծիքով՝ չկա բացարձակապես ոչինչ, որը կարելի է համարել արդյունավետ, հետևաբար այդ անարդյունավետության մեջ ինչ էլ անեն, նույն մակարդակի գործողություններ են լինելու։

– Պարո՛ն Միսկարյան, ընդդիմության այս գործողությունը իշխանության որոշ ներկայացուցիչներ բնորոշեցին պատերազմ հրահրելու քայլ, սադրանք, քայլ, որը նպատակ ունի խանգարելու իշխանության որդեգրած քաղաքականությանը՝ խաղաղության դարաշրջան բացելը։ Համաձա՞յն եք ու հնարավոր համարո՞ւմ եք այս պայմաններում տարածաշրջանում խաղաղության դարաշրջան հաստատելը։

– Նախորդ պատասխանից պետք է բխեցնեմ նաև այս հարցի պատասխանը. եթե խորհրդարանում չկան Հայաստանի պետական շահը սպասարկող քաղաքական ուժ ու քաղաքականություն, ապա այդ շրջանակներում ինչ էլ արվի, եթե նույնիսկ այդ քայլերը բխեն Հայաստանի պետական շահերից, դրանք ոչ թե մեր պետական այրերի պետականամետ մտածողության արգասիք կլինեն, այլ արտաքին ազդեցության ճնշմամբ է լինելու։

Այսինքն՝ Հայաստանը կնստի՞ Ադրբեջանի հետ բանակցելու, թե՞ չէ՝ դա ո՛չ ԱԺ ընդդիմությունից է կախված, ո՛չ իշխանությունից, դա կախված է արտաքին բևեռների ազդեցությունից, որովհետև մենք՝ ի դեմս կառավարության ու ընդդիմության, չունենք միջազգային հարաբերությունների լիիրավ անդամ սուբյեկտներ, որոնք կարող են մեր պետության ռեսուրսները ճիշտ օգտագործել ու ճիշտ բանակցել, այսինքն՝ նրանք ընդամենը կամակատար են՝ լավ կամ վատ իմաստով, որովհետև միշտ չէ, որ նրանց իրականացրած քայլերը պետք է հակասեն մեր պետական շահին, բայց այնպես էլ չէ, որ եթե պարտադրվի պետական շահին հակառակ գնալ, ու այդ պարտադրանքը կոշտ լինի՝ կարող են ընդդիմանալ։

– Այս պարագայում, երբ պնդում եք, որ առաջնային մանդատ ունեցող քաղաքական ուժերն ազգային շահը չեն սպասարկում, մյուս քաղաքական ուժերը, ազգային շահի համար իսկապես մտածող անձինք ի՞նչ պետք է անեն, որ այդ վիճակից երկիրը դուրս բերվի, ի՞նչ ելք եք տեսնում այս իրավիճակից։

– Պետք է նախ հասկանալ, որ Հայաստանում 30 տարի կառավարել են ավտորիտար համակարգի կողմնակիցները, և արտաքին ազդեցությունը Հայաստանի, այդ թվում նաև՝ Արցախի հիմնախնդիրը շահարկելով, առավելապես սպասարկվել են ավտորիտար արտաքին ուժերի շահերը, կոնկրետ՝ Ռուսաստանի։ Հիմա պետք է հասկանալ, որ այս շրջափուլից դուրս գալու համար պետք է համախմբվեն այն անհատները, խմբերը, որոնք իրապես ցանկանում են Հայաստանը տեսնել ժողովրդավար, որտեղ կլինեն ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք ի վիճակի կլինեն սպասարկելու Հայաստանի պետական շահը։

Առանձին անհատներն ու խմբերը 21-րդ դարում շատ փոքր գործոն են, իհարկե կարևոր, բայց փոքր են արդյունավետ քաղաքականություններ իրականացնելու համար, և, հետևաբար, մենք այդ մարդկանց հետ պետք է համախմբվենք Հայաստանում ժողովրդավարական կարգեր հաստատելու համար։

Ժողովրդավարական ինստիտուտներից առաջինը պետք է լինի քաղաքական դաշտը կամ քաղաքական ուժերը, որոնք իրապես ժողովրդավարության կրող են ու առաջնորդվում են ազատության, արդարության, համերաշխության գաղափարով։ Այդ քայլն անելուց հետո մնացածն ինքնաբերաբար ստացվելու է։

– Հայաստանն այսօր ժողովրդավարական երկի՞ր չէ։

– Հայաստանում էլեկտորալ ժողովրդավարություն է, այսինքն՝ միայն ընտրություններն են, որ հատուկենտ կամ բովանդակային առումով նման են ժողովրդավարությանը, բայց պետք է հաշվի առնել, որ այդ ընտրությունները ժողովրդավարության մեջ ամենավերջին գործընթացներն են, մինչ այդ պետք են անկախ դատական համակարգ, խոսքի ազատություն, բայց ոչ այն ձևով, ինչպես հիմա ենք ընկալում:

Պետք են կայացած քաղաքացիական հասարակություն ու ինստիտուտներ ու շատ այլ բաղադրիչներ, որոնք հատուկ են ժողովրդավար պետություններին։

– Պարո՛ն Միսկարյան, եթե ընդդիմությունն ու իշխանությունը շարունակեն նույն գործելաոճը, ի՞նչ զարգացումներ սպասել։

– Քանի որ չունենք ընդդիմություն ու իշխանություն, հետևաբար չեղած բանն ինչ էլ անի՝ ոչինչ չի լինելու: Այդ տեսանկյունից մենք, բացի այն շոուներից, որոնց ականատեսն ենք, այլ բան ակնկալել չենք կարող, ինչ էլ որ կարող է լինել՝ կախված չի լինելու ձեր ասած քաղաքական ուժերից։

– Այսինքն՝ ամբողջությամբ արտաքին ուժերի քմահաճության ներքո՞ ենք հիմա։

– Առավելապես այո՛։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am