Աշխարհում առաջին անգամ տղամարդը խոզի երիկամով ապրել է 9 ամիս

ԱՄՆ-ում 66-ամյա տղամարդը գենետիկորեն փոփոխված խոզի երիկամի փոխպատվաստումից հետո 271 օր՝ շուրջ ինը ամիս, ապրել է առանց դիալիզի։ Բժիշկների խոսքով՝ սա կենդանի մարդու մոտ խոզի երիկամի փոխպատվաստումից հետո առանց դիալիզի ապրելու՝ մինչ այժմ գրանցված ամենաերկար ժամանակահատվածն է։

Ինչպես հաղորդում է The Independent-ը⁠, Նյու Հեմփշիրից Թիմ Էնդրյուսը երիկամային անբավարարության վերջնական փուլում էր, որը զարգացել էր 2-րդ տիպի շաքարային դիաբետի հետևանքով։ 2025 թվականի հունվարին ԱՄՆ-ում նրան փոխպատվաստել էին Յուկատանի մանրատեսակ խոզից վերցված և գենետիկորեն փոփոխված երիկամ։ (The Independent⁠)

Խոզի երիկամը գենետիկորեն փոփոխվել էր՝ մարդու իմունային համակարգի հետ ավելի համատեղելի դարձնելու նպատակով։ Այն սկսել էր աշխատել փոխպատվաստումից անմիջապես հետո։ Բժիշկները կենդանու օրգանը դիտարկել էին որպես ժամանակավոր «կամուրջ», որը Էնդրյուսին հնարավորություն կտար առանց դիալիզի սպասել մարդու դոնորական երիկամի։

Մոտ վեց ամիս անց փոխպատվաստված երիկամի արյունատար անոթներում վնասումներ են առաջացել, որոնք աստիճանաբար հանգեցրել են օրգանի աշխատանքի դադարեցմանը։ 271 օր անց խոզի երիկամը հեռացվել է, և Էնդրյուսը կարճ ժամանակ կրկին դիալիզ է ստացել։ Հետագայում նրան փոխպատվաստել են մահացած մարդու դոնորական երիկամ, որը սկսել է աշխատել անմիջապես։ (The Independent⁠)

Հետազոտողները նշում են նաև, որ ամբողջ ժամանակահատվածում հիվանդի մոտ խոզից փոխանցված վիրուսներ կամ այլ հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Դեպքի արդյունքները հրապարակվել են «The Lancet» բժշկական ամսագրում։

Բժիշկների գնահատմամբ՝ այս դեպքը ցույց է տալիս, որ կենդանիներից մարդկանց օրգանների փոխպատվաստումը՝ քսենոտրանսպլանտացիան, ապագայում կարող է օգնել հաղթահարել դոնորական օրգանների պակասը։ Մասնավորապես, խոզի գենետիկորեն փոփոխված երիկամները կարող են ժամանակավորապես փոխարինել չաշխատող երիկամին՝ հնարավորություն տալով հիվանդներին առանց երկարատև դիալիզի սպասել մարդու դոնորական օրգանի։