Թուրքերը Աղթամարի խաչը դրեցին ծածուկ, գիշերով

Թուրքերը Աղթամարի խաչը դրեցին ծածուկ, գիշերով
Թուրքերը Աղթամարի խաչը դրեցին ծածուկ, գիշերով

Թուրքական իշխանությունները Վանի Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու գմբեթին վերջապես խաչ են տեղադրել։

Ըստ տեղեկությունների` խաչը եկեղեցու գմբեթին տեղադրվել է սեպտեմբերի 30-ի գիշերը: Հիշեցնենք, սակայն, որ դեռևս  սեպտեմբերի 19-ին, երբ  ավելի քան 95 տարի դադարից հետո, առաջին անգամ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցվեց, թուրքական իշխանությունները հրաժարվեցին տեղադրել խաչը, մեկ պատճառաբանելով թե այն շատ ծանր է, մեկ էլ ասելով, թե տեխնիկական խնդիրներ են առաջացել:

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, մեկնաբանելով Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին գիշերը տեղադրված խաչի մասին լուրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրականում խնդիրն այն է, որ խաչը պետք է տեղադրվեր առանց հայերի ներկայության:

«Սա շատ կարևոր էր։ Խաչի տեղադրումն արարողության ժամանակ կամ արարողությունից առաջ խիստ հուզական և կարևոր խորհրդանշական իմաստ պետք է ունենար, և սա չէր կարող հաշվի չառնել թուրքական կողմը։ Նրանց համար շատ կարևոր է, որ այդ գործողությունը կրեր զուտ մեխանիկական բնույթ»,- ասել է Հայկ Դեմոյանը:

Հետաքրքրական է, որ նույն օրը հայկական մեկ այլ եկեղեցում ` Անի Մայր տաճարում նամազ (մահմեդական աղոթք) են արել Թուրքիայի ծայրահեղական «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները: Արարողությունը կատարվել է պաշտոնական Անկարայի թույլատվությամբ:

 

© Medialab.am