«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը՝ «Այստեղ հաց, այստեղ կաց», շատ քննարկվեց, և այդ քննարկումները հիմնականում հումորային բնույթի էին։ Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի այդ կոչին, ըստ ձեզ՝ ինչո՞ւ լուրջ չընկալվեց նրա կոչը:
– Կարծում եմ՝ Կառավարությունում հատուկ նիստ են գումարել, վարչապետին զեկուցել են, որ Հայաստանում արտագաղթի տեմպերը վախեցնող են, մարդիկ Մեքսիկայով փախչում են երկրից, մեկն այդ ժամանակ կարծիք է հայտնել, թե իշխանությունը մեղավոր չէ, այլ ժողովուրդն է հոգով քոչվոր ու առաջնորդվում է «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով։ Այդտեղ վարչապետի միտքը «փայլատակել է», ու նա բոլորին վստահեցրել է, որ այնպիսի մի կոչ կանի, որ մարդիկ այլևս չեն արտագաղթի, ու ծնվել է «Այստեղ հաց, այստեղ կաց» ֆեյսբուքյան գրառումը։
Ինձ համար ոչինչ չկա զարմանալի այդ գրառման մեջ, որովհետև վարչապետի մտքի այս «փայլատակումը», բառախաղն ամբողջությամբ համապատասխանում են մեր իշխանության հավաքական կերպարի մտածողությանը, մոտեցմանն ու ճաշակին։ Բոլոր մակարդակներում՝ և՛ քաղաքական, և՛ հասարակական, և՛ սոցիալական, արժեքային նշաձողերը նրանք իջեցրել են Մարիանյան իջվածքի մակարդակին, հետևաբար այսպիսի արտահայտությունները գնալով ավելի շատ են լինելու։
– Այդ նշաձողերի իջեցմա՞մբ է պայմանավորված, որ նման վերաբերմունքի արժանացավ այդ գրառումը։
– Մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե իշխանությունը, որը համարվում է երկրի քաղաքական էլիտան, ինչպես կարող է այսքան պարզունակ և կենցաղային գրառումներով մարդկանց զբաղեցնել։ Հիմնական պատճառը սա է, որ մարդիկ ծաղրանքով են մոտենում, բայց ես միևնույն ժամանակ այդ մարդկանց ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը լավ է ճանաչում ժողովրդին ու հասկանում է, որ իր իրական ընտրողին այսպիսի արտահայտությունները դուր են գալիս։
– Այսինքն՝ նման գրառումներն արվում են իրական ընտրողների՞ համար։
– Այո՛, այսպիսի պարզունակ մոտեցումները, բնականաբար, ավելի հասկանալի, մատչելի են Նիկոլ Փաշինյանի ընտրողին, նա դա գիտի, այդ իսկ պատճառով օգտագործում է այդ մոտեցումը։
Գիտեք, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ընտրված վարչապետ է, այսինքն՝ ժողովուրդն է ընտրել։ Կոպիտ օրինակ բերեմ. եթե ես ընտրեմ ինչ-որ հագուստ հագնելու համար, ապա ես արժանի կլինեմ այդ հագուստին, որովհետև դա լինելու է իմ ընտրությունը։ Այո՛, Նիկոլ Փաշինյանին ընտրել են բազմաթիվ քաղաքացիներ, ու նա լեգիտիմ ընտրված է, այնպես որ, մարդիկ բողոքելու, հատկապես Նիկոլ Փաշինյանի ընտրողները, տեղ չունեն։
Այլ հարց են այն մարդիկ՝ ինտելեկտուալ, մտածող փոքրամասնությունը, որոնց դուր չի գալիս այս իշխանության մոտեցումը, մտածողությունը և ոչ էլ ճաշակը, բայց, դե, դեմոկրատիայի թերություններից մեկն էլ դա է, որ փոքրամասնությունը միշտ պետք է հաշվի նստի մեծամասնության հետ։
– Դուք ասում եք, որ արտագաղթի տվյալները անհանգստացնող են, բայց իշխանությունը գրեթե բոլոր ոլորտներում աճի ցուցանիշներ է ներկայացնում, այսինքն՝ իրենք ստեղծել են ապրելու համար բարեկեցիկ պայմաններ մարդկանց համար։
– Հակառակը լինել չի կարող, որևէ իշխանություն չի խոստովանում, որ ինքը չի կարողանում ստեղծել աշխատատեղեր, որ չի կարողանում զարգացնել տնտեսություն, չի կարողանում ապահովել բարեկեցիկ միջավայր իր քաղաքացիների համար, որևէ իշխանություն դա չի խոստովանելու: Իշխանության խնդիրն է բոլոր հնարավոր միջոցներով՝ վիճակագրական տվյալներով, ինչ-որ թվերով, մարդկանց ուշադրությունը շեղել ու ստեղծել այնպիսի տպավորություն, թե իրենք զարգացնում են տնտեսությունը, կանխում են արտագաղթը, երկրում ամեն ինչ լավ է։
Դրա համար են նաև փորձում զվարճացնել ժողովրդին տարատեսակ միջոցառումներով, ինչ-որ գործողություններով, որպեսզի մարդիկ հնարավորություն չունենան կենտրոնանալ, մտածել ու հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում այս երկրում և իրենց հետ, իշխանության այսօրվա խնդիրը սա է։ Երբ հնչեցնում են այսպիսի մտքեր, հայտարարություններ, դրանք ևս նպատակադրված են արվում, որպեսզի մարդիկ զբաղվեն նման քննարկումներով ու չկենտրոնանան այլ խնդիրների վրա։ Այդ նպատակով է արվում նաև վարչապետի հեծանվային արշավները։
– Կարո՞ղ ենք արձանագրել, որ մինչև այս պահը Նիկոլ Փաշինյանին հաջողվում է այդ մեթոդներով շեղել մարդկանց երկրում առկա բուն խնդիրներից։
– Դրա լավագույն չափելի տարածքը սոցիալական ցանցերն են, եթե վերցնենք այդ տարածքն ու ուսումնասիրենք, ապա կհասկանանք, որ, այո՛, հաջողվում է։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















