Էրդողան․ «Աֆղանստանի նոր իշխանությունների հետ ամեն տեսակ համագործակցության պատրաստ ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Թալիբան» շարժման կողմից զավթված Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումներին, գրում է Ermenihaber.am-ը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ավելի վաղ էլ հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել «Թալիբանի» իշխանությունն  Աֆղանստանում և իր այդ մոտեցումը չի փոխել։ «Ողջունում ենք Թալիբանի առաջնորդների ոչ ծայրահեղական, չափավոր հայտարարությունները։ Պատրաստ ենք ամեն տեսակ համագործակցության՝ հանուն աֆղան ժողովրդի խաղաղության, այդ երկրում ապրող մեր թուրք ազգակիցների բարեկեցության ու մեր երկրի շահերի պաշտպանության», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նշել է նաև, որ Աֆղանստանում գտնվող թուրքական զորքը նոր իշխանությունների տրամադրության տակ է ու կարող է հեշտացնել միջազգային ասպարեզում նրանց գործունեությունը։

Մյուս կողմից՝ Էրդողանը հայտնել է, որ Իրանի հետ սահմանակից Աղրը, Հաքքարի, Իգդիր և Վան նահանգների սահմաններին շարունակվում է փախստականների ներհոսքը կանխարգելելու նպատակով պարիսպների կառուցումը։ Նա հերքել է ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի այն պնդումը, թե Էրդողանը Ջո Բայդենի հետ համաձայնության է եկել՝ աֆղան փախստականներին ապաստան տալու հարցում։