Քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների, գերեվարվածների ընտանիքներները նույնպես կօգտվեն սոցաջակցությունից

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառման և աջակցության տրամադրման կարգում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այսօր ընդունված նախագծով նախատեսվում է ընդլայնել սահմանված շահառուների ցանկը՝ դրանում ներառելով նաև քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվարների ընտանիքների անդամներին, ինչպես նաև երկարացնել դիմումների ընդունման ժամկետը:

Դիմումների ընդունման ժամկետ է սահմանվել մինչև 2021 թվականի մայիսի 1-ը՝ ապրիլի 1-ի փոխարեն, բացառությամբ անհայտ կորածների ընտանիքների անդամների կողմից ներկայացվող դիմումների, որոնց համար ներկայացման ժամկետ է սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 1-ը: