«Պարսիկը միշտ սխալ է, իսկ հայը՝ ճիշտ». Ինչո՞ւ են այլազգիները Հայաստանում ոչ բարյացակամ վերաբերմունքի արժանանում

Արխիվային լուսանկար

Այս ամառ եւս Երեւանում բազմաթիվ էին իրանցի զբոսաշրջիկները, թեեւ նրանց նկատմամբ հայ հասարակության վերաբերմունքը շարունակում է բացասական մնալ: Իր արձակուրդը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնող 26-ամյա Դարիուսը եւս հայերի կողմից արժանացել է ոչ բարյացակամ վերաբերմունքի:

«Մի անգամ ակումբներից մեկում սեղան էինք ռեզերվ արել, մինչ մենք կհասնեինք ակումբ, մի խումբ հայ տղաներ ցանկացել էին մեր սեղանը զբաղեցնել, մատուցողը հայտնել էր, որ այն արդեն զբաղված է: Երբ մենք տեղ հասանք, եւ այդ տղաները տեսան, որ հայ չենք, հարձակվեցին մատուցողի վրա, հետո մեզ մոտեցան ու հայերենով ինչ-որ տհաճ բաներ էին ասում: Մատուցողը մեզ պատմեց, որ այդ տղաներն իրեն ասել են, թե ինչու մենք չենք կարող մեր երկրում նստել որտեղ ուզում ենք, իսկ պարսիկները կարող են»,- «Մեդիալաբին» պատմում է Դարիուսը:

Նախքան Երեւան ժամանելը Դարիուսին ընկերները զգուշացրել են, որ խուսափի հայ տղաների հետ վեճի բռնելուց: «Անկեղծ ասեմ ձեզ, ես երբեմն վախով եմ քայլում Երեւանի փողոցներով: Հաճախ հանդիպում եմ չարությամբ լցված հայացքներ, բայց փորձում եմ չնկատել կամ ժպտալ, որպեսզի լարվածություն չստեղծվի»:

Հայերը ազգային խտրականություն ցուցաբերում են ոչ միայն իրանցի զբոսաշրջիկների, այլեւ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

Ազգությամբ եզդի Ամարյանների ընտանիքը նույն դառնության ու դժվարությունների միջով է անցել, ինչ հայերը. նրանց տունը քանդվել է 1988 թվականի երկրաշարժից, իսկ տան տղամարդը մասնակցել է Արցախյան պատերազմին: Այդուհանդերձ, նրանց նկատմամբ եւս դրսեւորվում է խտրական վերաբերմունք:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակից Կարեն Միլիտոնյանը Ամարյաններին իրենց տնից վտարելու ընթացքում վեճի է բռնվել 27-ամյա Յուրա Ամարյանի հետ: Պատճառը եղել է եզդիների հասցեին հնչեցված հայհոյանքը:

«Ինքը էդ պահին կատաղեց ու ասեց՝ ես ձեր եզդի լավը…Ասեցի՝ եզդին ո՞րն ա, ազգությունն ի՞նչ կապ ունի, ինչի՞ ես մեզ քրվում: Տղես մոտեցավ, հարցրեց, թե ինչ ա եղել: Տղուս ասեց՝ դու քո գործն արա, թե չէ վատ կլնի»,- «Մեդիալաբին» պատմում է Նազիկ Ամարյանը:

«Ես իմ ազգությունն եմ փորձել պաշտպանել, ինչի՞ են քրֆում եզդիներին, ի՞նչ վատ բան են տեսել մեզնից»,- հարցնում է Յուրան:

ԴԱՀԿ երեք աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել Յուրային ու թեեւ նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել, հարուցված քրեական գործի շրջանակներում եզդի երիտասարդին է մեղադրանք առաջադրվել, իսկ Կարեն Միլիտոնյանը հանդես է գալիս որպես տուժող:

Ըստ մեղադրանքի՝ Յուրա Ամարյանը, գտնվելով ոչ սթափ վիճակում, քաշքշել է ԴԱՀԿ աշխատակիցներին,քարեր նետել նրանց ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է Կարեն Միլիտոնյանի աջ ձեռքի ափին, վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։

«Ուրեմն իրենք ծեծեն-ջարդեն, հետո սարքեն, թե իբր Յուրան մենակով երեք հոգու ծեծել ա»,- ասում է մայրը՝ Նազիկ Ամարյանը:

Սա հայաստանյան իրավապահ համակարգում գրանցված առաջին դեպքը չէ, երբ այլազգի երիտասարդը իբր ծեծի է ենթարկել հայ տղաներին, իսկ վերջիններս նույնիսկ չեն դիմադրել:

2010 թվականի ապրիլի 2-ին Երեւանի «Արջանոց» ռեստորանում վեճ էր տեղի ունեցել Հայաստանում բարձրագույն կրթություն ստացող իրանցի երկու երիտասարդների եւ երեք հայ տղաների միջեւ: Դարձյալ օտարազգիների նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել, իսկ հայ տղաները հանդես էին գալիս որպես տուժող:

Հետաքրքրականն այն էր, որ այս դեպքում եւս հայ տղաները իբր դիմադրություն ցույց չէին տվել իրենց ծեծող պարսիկներին:

«Դուք պատկերացնո՞ւմ եք նման իրավիճակ, որ երկու հոգով ծեծեն երեքին, իսկ վերջիններս չպատասխանեն նրանց»,- հռետորական հարց է տալիս իրանցի տղաների դատապաշտպան Սեդա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ քննչական մարմինը նախաքննության ընթացքում առաջնորդվել է ոչ թե քրեական դատավարության օրենսգրքի պահանջներով, այլ «մերոնք ճիշտ են, պարսիկները` սխալ» սկզբունքով:

«Քննիչը արժանահավատ է համարել միայն հայերի ցուցմունքները եւ անտեսել է պարսիկների ցուցմունքները, նույնքան կողմնակալ են եղել նաեւ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները»,- դատարանում հայտարարել է փաստաբան Սեդա Սաֆարյանը` ընդգծելով, որ «հայրենասեր» քննիչի անցկացրած անորակ քննության արդյունքում մեր հայրենիքն իրականում ավելի է տուժում, քանի որ դրանով վնասվում է Հայաստանի հեղինակությունը:

Արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Մոհամադ Շառիֆյանն ու Սինա Շաքերհոսեինի դատապարտվեցին «խուլիգանության» համար, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց, եւ իրանցի ուսանողները կարողացան լքել Հայաստանը:

«Ես ամեն օր աղոթում էի, որ այս դատավարությունը վերջանա, որ կարողանամ հեռանալ Հայաստանից: Կարծում եմ, որ այլեւս երբեք չեմ վերադառնա այս երկիր, որտեղ արդարադատությունը այսպես ստորացվում է, որտեղ պարսիկը միշտ սխալ է, իսկ հայը՝ ճիշտ»,- «Մեդիալաբին» ասել է Սինա Շաքերհոսեինին:

«Խտրականությունը ինքնության հստակեցման ձեւ է, այն տալիս է «ես» լինելու զգացում: Խտրականություն նշանակում է՝ կա մեկ ուրիշը եւ կամ ես: Եվ ես պետք է պաշտպանվեմ այդ մեկ ուրիշից»,- խտրականության ծագման պատճառներն է բացատրում բժշկական հոգեբան Նարե Գրիգորյանը:

Երեւանի պետական բժշկական համալսարանաի դասախոսը «Մեդիալաբի» հետ զրույցում նշում է, որ այլազգիների նկատմամբ հայերի ագրեսիվ վերաբերմունքը ինքնապաշտպանվելու բնազդով է պայմանավորված:

«Հայը զգացում ունի, որ իր ինքնությունը վտանգի տակ է, այդ պատճառով էլ փորձում է պաշտպանել այն ագրեսիայի միջոցով: Պարսիկները մահմեդական են, իսկ հայերը մահմեդականների հետ լավ փորձ չունեն, նույնիսկ այսօր հայերը ենթագիտակցորեն գիտեն, որ իրենք վտանգված են որպես քրիստոնյաներ»,- ասում է հոգեբանը:

«Հայաստանում չի կարող չլինել ազգային խտրականություն, երբ կա այնպիսի բաժանում և խտրականություն ինչպիսին է՝ ղարաբաղցի, լեննականցի, երևանցի, արտաշատցի: Հայաստանում ազգային հողի վրա սպանություններ ինքս չեմ հիշում, սակայն խտրականության դեպքեր շատ են եղել: Եվ սա կարծում եմ համընդհանուր խնդիր է»,- «Մեդիալաբին» ասում է «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին:

Որպես խտրականության դրսեւորում Բորիսը օրինակ է բերում ՀՀ նախագահի ելույթները.

«Երբ նախագահը Նոր տարվա ուղերձում ասում է «սիրելի հայ ժողովուրդ», կարծում եմ, բավական է: Երկրի նախագահի համար պետք է կարևոր լիներ ՀՀ քաղաքացին՝ մարդը, ով հարգում է ՀՀ օրեննքերը և իր կողմից ամեն ինչ անում է երկրի պաշտպանության և զարգացման համար»:

Խտրականությունը հնարավոր է հաղթահարել միայն գիտակցության շնորհիվ՝ նշում է հոգեբանը:

«Խնդիրը շատ խորն է ու բարդ է, պետք է հաղթահարվի վաղը, հստականա հայկական «ես»-ը: Սակայն դա հեշտ չի լինի, քանի որ մեր վախերը այսօր էլ են ակտուալ: Հայերը ամեն օր լսում են, որ ադրբեջանցիները կրակում են մեզ վրա, որ ռուսները մեզ «քցելու» են, որ Ամերիկան ուզում է վերացնել ազգությունները գլոբալիզացիայի միջոցով… Իսկ մեր տարածաշրջանում իրավիճակը շատ լարված է, այնպես որ երկար ժամանակ կպահանջվի»,- կարծում է Նարե Գրիգորյանը: 

Արման Ղարիբյան 

Լուսանկարը՝ Իննա Մխիթարյանի

© Medialab.am