«ՀՀԿ-ն կործանվելու է` իր փլատակների տակ թաղելով այն աղբը, որն իր ողջ գարշահոտությունը տարածեց երեկ խորհրդարանում». Հայկ Ա. Մարտիրոսյան

«ՀՀԿ-ն կործանվելու է` իր փլատակների տակ թաղելով այն աղբը, որն իր ողջ գարշահոտությունը տարածեց երեկ խորհրդարանում». Հայկ Ա. Մարտիրոսյան
«ՀՀԿ-ն կործանվելու է` իր փլատակների տակ թաղելով այն աղբը, որն իր ողջ գարշահոտությունը տարածեց երեկ խորհրդարանում». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

– Պարո՛ն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։ Երեկ, ըստ էության, ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրությունը։

– Վիճակն, իհարկե, ծայրահեղ լարված է: ՀՀԿ-ն, այո՛, տապալեց ընտրությունը, բայց նաև տապալեց ինքն իրեն: ՀՀԿ-ն գնաց դրան, որովհետև գործընթացը ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանը, որ հսկայական ռեսուրսներ ունի, և հեղափոխության հաղթանակի պարագայում` կորցնելու շատ բան: Սակայն Քոչարյանը, անշուշտ, անպարտելի չէ: Որևէ մեկը չի կարող դիմադրել ժողովրդական այսպիսի ապստամբությանը: Մեկ անձ, որքան էլ հարուստ լինի և ինչ կապեր էլ ունենա, հաստատ չի կարողանալու դա անել:

– Ի՞նչ է լինելու հետո։

– Հետո ՀՀԿ-ն կործանվելու է` իր փլատակների տակ թաղելով այն աղբը, որն իր ողջ գարշահոտությունը տարածեց երեկ խորհրդարանում: Երեկվա նիստը հատուկ էր նախևառաջ նրանով, որ ծառայեց որպես հզոր ինքնակործան ռումբ ՀՀԿ-ի խմբակցության համար և որպես հզոր գործիք` Նիկոլ Փաշինյանի ողջ խարիզման և պետական այր լինելու հանգամանքը ի ցույց դնելու:

– Արդյոք այս ամենը կհանգեցնի՞ արտահերթ ընտրությունների, թե՞ ՀՀԿ-ն ամեն գնով կփորձի այս մեկ շաբաթվա ընթացքում վարչապետի թեկնածու առաջադրել։

– Չգիտեմ: Կարծում եմ` Ռոբերտ Քոչարյանը պլան ունի վարչապետի պաշտոնում առաջադրելու կա՛մ Արմեն Գևորգյանին, կա՛մ մեկ այլ անձի: Ո՞վ գիտի, թե ի՛նչ են հիմա դավում Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

– Պարո՛ն Մարտիրոսյան, տեսակետ կա, որ իրավիճակը դուրս է եկել ներհայաստանյան խնդիր լինելուց, և հիմա Ռուսաստանն է միջամտում իշխանությունների միջոցով։ Համամի՞տ եք արդյոք:

– Ո՛չ, համամիտ չեմ և ասեմ ինչու: Կրեմլում մտածող մարդիկ են նստած: Ենթադրենք` ինչ-որ անհավանական սցենարով` ՀՀԿ-ին հաջողում է մնալ իշխանության: Ինչպե՞ս են կառավարելու այս երկիրը: Դա անհնար է լինելու: Ռուսաստանին Հայաստանը վերահսկել կարողացող ուժ է անհրաժեշտ որպես գործընկեր:

Եվ մի ուժ, որ Հայաստանում իր ներկայությամբ հակառուսական տրամադրություններ է հրահրելու, չի կարող այդպիսին հանդիսանալ: Կրեմլին ավելի ձեռնտու է գործ ունենալ Փաշինյանի իշխանության հետ, որը հավասարակշռված գործընկեր է լինելու և որևէ հակառուսական տրամադրություններ չի հրահրելու:

Միաժամանակ` ունենալու է վստահության հսկայական ռեսուրս: Գոնե` իշխանության սկզբնական փուլում: Այո՛, Ռուսաստանում կան ուժեր, որոնք սատարում են Քոչարյան-Սարգսյան տանդեմին, բայց դա Կրեմլը չէ: Եվ երբ տեսնեն, որ այդ աջակցությունն ավելի վտանգավոր է դառնում սեփական շահերի տեսանկյունից, նրանց էլ կլքեն, ինչպես լքեցին Սարգսյանին, երբ նախագահ էր, և Կարեն Կարապետյանին: Սա դատապարտված պայքար է տանդեմի համար: Այս երկյակը չունի որևէ ժողովրդական աջակցություն, չունի նաև ուժայինների իրական աջակցություն: Այն աշխատում է բլեֆի և շանտաժի սկզբունքով: Իսկ այդ սկզբունքները երկար ժամանակ արդյունավետ լինել չեն կարող:

Մանե Հարությունյան

MediaLab.am