Բայրամովը «ամենակոշտ պատասխանով» է սպառնացել Հայաստանին՝ մեղադրելով «ռազմական սադրանքի» մեջ. Factor

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում խոսելով հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից՝ նշել է, որ այս ձևաչափով հանդիպումների ընթացքում քննարկվում են բոլոր հրատապ հարցերը՝ խաղաղության պայմանագիր, սահմանազատման գործընթաց, հաղորդակցությունների ապաշրջափակում և հումանիտար հարցեր։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Այնուհետև Բայրամովը ռազմական ուժի կիրառման սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա հայտարարել է, թե Ադրբեջանը «Հայաստանի ցանկացած ռազմական սադրանքին կպատասխանի ամենակոշտ ձևով»։ «Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է. ադրբեջանցի զինվորի նկատմամբ ցանկացած սադրանք կստանա ամենախիստ պատասխանը։ Սա պետք է հասկանան բոլորը և, առաջին հերթին, Հայաստանը»,- ասել է Բայրամովը։

Նա նշել է, թե Հայաստանը, իբր, «նման սադրանքներով միայն մեկ նպատակ է հետապնդում՝ խաթարել բանակցային գործընթացը»։