Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա «Հայփոստի» Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի

Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա «Հայփոստի» Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի

Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա «Հայփոստի» Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Կենսաթոշակառուների բողոքների արդյունքում «Հայփոստ» ՓԲԸ 17-րդ փոստային բաժանմունքի աշխատակազմը կփոխվի: Փոփոխության նպատակը արատավոր երևույթին վերջ տալն է:

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը ամիսներ առաջ պայմանավորվել էին ակտիվացնել համագործակցությունը՝ հիմքում դնելով կենսաթոշակառուների շահն ու բարեկեցությունը, վերջ դնելով կենսաթոշակառուներից գումար գանձելու արատավոր սովորությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել էին ընթացք տալ կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր քաղաքացու դիմում-բողոքի: Ուստի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը դիմած կենսաթոշակառույի բողոքը, որ փոստատարը, կենսաթոշակը վճարելիս, ամեն ամիս նախապես վերցնում է 200-500 դրամ, ներկայացվել էր նաև «Հայփոստ» ՓԲԸ մեր գործընկերներին: 

Համատեղ իրականացված ստուգման  արդյունքում, գտնելով բողոքի համար բավարար հիմքեր, «Հայփոստ» ՓԲԸ տնօրինությունը որոշում է ընդունել փոխել փոստային բաժանմունքի աշխատակազմը:

Նշենք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հիմնական գործընկեր «Հայփոստ» ՓԲԸ համագործակցությունն այս ուղղությամբ շարունակական է լինելու, և ոչ մի դիմում անարձագանք չի մնալու»: