«Միասնության թևեր» կուսակցությունը ևս պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ Այս մասին հետընտրական իրավիճակին և արձանագրված խախտումներին նվիրված ասուլիսի ընթացքում հայտարարել է կուսակցության անդամ Արմեն Գալստյանը։
«Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան և վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները։ Բարձրացնելու ենք ինչպես բովանդակային, այնպես էլ ընթացակարգային բոլոր խնդիրները՝ նպատակ ունենալով հասնել ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչմանը։ Այս պահին չեմ մանրամասնի, թե ինչ իրավական ընթացակարգով ենք շարժվելու, սակայն մեր պահանջը մեկն է՝ ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն»,- նշել է Գալստյանը։
Նրա խոսքով՝ ընտրություններն անցկացվել են ոչ մրցակցային պայմաններում, իսկ ընտրողների նկատմամբ կիրառվել է ապօրինի ազդեցություն։
«Մենք պնդում ենք, որ ընտրությունների արդյունքները պետք է ամբողջությամբ անվավեր ճանաչվեն։ Թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, այս պահին չենք կարող կանխատեսել։ Հույս ունենք, որ դատարանը կդրսևորի անկախություն, չի ենթարկվի որևէ ճնշման և կկայացնի օրենքից ու ներկայացված փաստերից բխող որոշում»,- ընդգծել են կուսակցության ներկայացուցիչները։



















