Ճանապարհների ապաշրջափակումը կարող է ծառայել որպես Պարսից ծոցը՝ Սև ծովին, Կասպից ծովը՝ Միջերկրական ծովին միացնող խաչմերուկ. Հակոբ Արշակյան

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը եւ Արեն Մկրտչյանը, աշխատանքային այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում է:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, պատվիրակության անդամները հանդիպել են Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդահ Սաբբաղի հետ:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Սիրիան Հայաստանի եւ հայ ժողովրդի համար յուրահատուկ նշանակություն ու դերակատարում ունի: Նա գոհունակությամբ արձանագրել է Սիրիայի հետ ավանդական ջերմ եւ գործընկերային հարաբերությունները՝ խարսխված մեր ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի եւ փոխվստահության ամուր հիմքերի վրա:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի միասնության եւ ինքնիշխանության պահպանման ու համապարփակ երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին:

«2019 թվականից ի վեր Սիրիայում հայկական մարդասիրական առաքելությունն ականազերծել է գյուղատնտեսական նշանակության գրեթե 2.400.000 քմ տարածք, ինչպես նաեւ բուժօգնություն է ցուցաբերել ավելի քան 60.000 բնակչի: Բացի այդ, Հայաստանը 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ կանգնեց Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին՝ ուղարկելով մոտ 55 տոննա մարդասիրական բեռ»,- նշել է փոխխոսնակը:

Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, քննարկվել տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ չնայած բոլոր բարդություններին եւ մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական կամք՝ գնալ խաղաղության ճանապարհով: Մենք դա հնարավոր ենք համարում երկու կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա: Ճանապարհների ապաշրջափակումը մեր տարածաշրջանում կարող է ծառայել որպես Պարսից ծոցը Սեւ ծովին եւ Կասպից ծովը Միջերկրական ծովին միացնող մի խաչմերուկ, որին անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ»,- շեշտել է ԱԺ փոխխոսնակը:

Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդահ Սաբբաղը խոսել է երկու երկրների եւ ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, կարեւորել Սիրիայի հայ համայնքի դերն ու նշանակությունը՝ կառավարման հարցերից մինչեւ տնտեսական եւ մշակութային կյանքը:

Խոսելով խաղաղության մասին՝ նախագահ Սաբբաղն ընդգծել է, որ իրենք կիսում են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների կարեւորությունը:

ՀՀ ԱԺ փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսքենյանի եւ բարեկամական խմբի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ խորհրդարանական կապերի խորացումը, որի գործում մեծ է բարեկամական խմբերի դերը՝ որպես օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության շարժիչ ուժ:

Նախագահի տեղակալն ընդգծել է, որ պատգամավորական բարեկամական խմբերը լրացուցիչ խթան են հանդիսանում երկու երկրների փոխըմբռնման ու փոխվստահության ամրապնդման գործընթացին, ինչպես նաեւ միասնական տեսակետների շրջանակի ընդլայնմանը:

Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսքենյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ ջանքեր կգործադրվեն համատեղ օրակարգային հարցերը հասցեագրելու եւ երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի ամրապնդման ուղղությամբ: