Սուրեն Խաչատրյանին ազատեցին մարզպետի պաշտոնից

Սուրեն Խաչատրյանին ազատեցին մարզպետի պաշտոնից
Սուրեն Խաչատրյանին ազատեցին մարզպետի պաշտոնից

Կառավարության նիստի մեկնարկին այսօր Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի առաջարկով օրակարգում ընդգրկվեց նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականի հարցը: 

Փոխնախարարն առաջարկեց կառավարությանը ազատել Սյունիքի մարզպետին զբաղեցրած պաշտոնից, ինչը և արեց գործադիր մարմինն առանց ավելորդ քննարկումների: Հիշեցնենք. Իր տան մոտ հնչած կրակոցներից և որդու կալանավորումից հետո մարզպետարանի կայքում հայտնվել էր հայտարարութուն, որում մարզպետը մասնավորապես նշում էր. «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:

Փաստորեն, մարզպետը միանձնյա որոշում էր կայացրել և ինքն իրեն ազատել իր պարտականությունները կատարելուց: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության 88.1. հոդվածը հստակ նշում է. «Մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից»: Մոտավորապես նույն բովանդակությունն ունի դեռևս 1997թ-ին ստորագրված և առա այսօր գործող «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը:

Նշենք նաև, որ Սյունիքի մարզպետի` սեփական լիազորությունները վայր դնելու մասին հայտարարությունից ի վեր որևէ պաշտոնական տեսակետ այս հարցի շուրջ մինչ այս պահը չէր հնչել: Կառավարության լրատվության պատասխաատուներն օրեր շարունակ անհասանելի էին դարձել լրագրողների համար` խուսափելով անգամ հստակեցնելուց ի վերջո գրել է Սուրեն Խաչատրյանը իր հայտարարության տեքստին համահունչ դիմում, թե ոչ: Փաստորեն, մարզպետը նախապես հայտարարել էր «ժամանակավոր» հրաժարականի մասին, բայց կառավարությունը նրան ընդմիշտ ազատեց 2004 թ. մարտի 25-ից առ այսօր զբաղեցրած այդ պաշտոնից:

«ՓԱՍՏԻՆՖՈ»