«Պետությունը չի մաքրվել, ի՞նչ կադրերով են նման կառույց ստեղծում». Կառավարությունը Արտաքին հետախուզական ծառայություն է ստեղծում

Լուսանկարը՝ ՊՆ-ի

Հայաստանում Արտաքին հետախուզական ծառայություն է ստեղծվում, որը Կառավարությունը խոստանում է դարձնել աշխարհի «10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը»: Այդ մասին մշակված նոր օրենքի նախագիծը դեկտեմբերի 8-ին հաստատվել է Կառավարության նիստում, որից հետո քննարկման փուլ կանցնի Ազգային ժողովում: Այսօր նաև Կառավարությունը որոշել է այս նախագիծը խորհրդարանում հրատապ քննարկման թեմա դարձնել, այսինքն՝ Կառավարությունն ԱԺ-ի առջև խնդիր է դրել շատ արագ ընդունել այն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն»,- Կառավարության նիստին նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը:

Օրինագծի 1-ին հոդվածով բացատրվում է՝ արտաքին հետախուզությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է, որն ուղղված է արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության և պետության պաշտպանությանը: Արտաքին հետախուզական ծառայությունը գործելու է վարչապետի ենթակայությամբ, և արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերվածտեղեկատվությունը տրամադրվում է վարչապետին՝ վերջինիս սահմանած կարգով:

Մասնավորապես, վարչապետին է տրամադրում արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն:

«Հաշվի առնելով Արցախյան 2016 և 2020 թվականների պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում եղած խնդիրները, հետախուզական տեղեկատվության օպերատիվության և որակի բարելավման անհրաժեշտությունը՝ Հայաստանն ունի նոր որակի հետախուզություն ունենալու և սեփական հետախուզական դպրոցը ձևավորելու հրամայական՝ հետախուզական գործունեության անընդհատության և ոլորտի բարելավման ապահովման նպատակով: Հետախուզության առանձին կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ առայժմ չունի առանձին հետախուզական ծառայություն»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ասել է նաև, որ հնարավորություն են ընձեռելու նորաստեղծ մարմինը համալրել այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, որոնք «իրենց փորձով, գիտելիքներով, արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզության ծառայության կայացմանը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է՝ գործող հետախուզական ծառայությունների կյանքում այս օրենքի ընդունմամբ ոչինչ չի փոխվի, նրանք կշարունակեն աշխատել, մինչև նորաստեղծ կառույցը կայանա:

«Աշխարհում հետախուզական մեթոդներն ու ձևերը զարգանում են, և ժամանակն է, որ մենք մեր կարողությունները տրանսֆորմացնենք ու զարգացնենք ժամանակակից պայմաններին ու պահանջներին համապատասխան: Այս առումով որոշում ենք կայացրել ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա մարմին: Հույս ունենք, որ այսպես էականորեն կզարգացնենք մեր երկրի արտաքին հետախուզական կարողությունները»,- իր հերթին նշել է Փաշինյանը:

Իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը թերահավատ է՝ ինչպե՞ս է հնարավոր ստեղծել ու կայացնել այնպիսի կառույց, այն էլ՝ հետախուզական, երբ պետական մարմինները մաքրված չեն: «Լյուստրացիա չի կատարվել, մարմինները չեն մաքրվել, պետությունը չի մաքրվել, ի՞նչ կադրերով են նման կառույց ստեղծում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ գործող իշխանությունը դեռ 2018-ին քաղաքական գնահատական չի տվել նախորդ իշխանությունների կառավարմանը, չի իրականացրել լյուստրացիա, ավելին՝ 5 տարի է՝ պետությունից զավթած գույքը չի վերադարձվում պետությանը, ինչպե՞ս է նման պայմաններում ստեղծվում շատ ծանրակշիռ մի կառույց:

«Մտնում ես աղբանոց, գոնե պետք է հատուկ արտահագուստ ունենաս, պետք է հականեխես, մաքրես այդ տարածքը: Այդ ամենի մասին ամենալավը գիտեր Նիկոլ Փաշինյանը, այնպես չէ, որ ինքը չգիտեր ու եկավ դարձավ իշխանություն: Շատ լավ գիտի, թե ինչ աղբանոցում (նկատի ունի կառավարումը.- հեղ.) է դարձել իշխանություն: Պետք է շտկումներ աներ, չի արել, հիմա կոսմետիկ ինչ-որ փոփոխություններով… Հավանաբար «Լյուբյանկայից» կադրեր կբերեն, որ համակարգը նորմալ աշխատի»,- նշում է Բարսեղյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am