«Երջանի՞կ չես, փոխի՛ր կյանքդ»․ Իրինա Թովմասյանը՝ տիտղոսներին չենթարկվողը

Իրինա Թովմասյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, «Դափնե»)

«Դափնե» նախագծի հաջորդ պատմությունը Իրինա Թովմասյանի մասին է: «Դափնեն» նախագիծ է, որը պատմում է մարդկանց մասին, որոնք անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և առաջ քայլել: «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մյուս հերոսների պատմությունները  www.DaphneArmenia.com կայքում:

Խոսելիս Իրինան գրեթե միշտ մեղմ ժպտում է, սակայն ասելիքը հստակ է, ապրած օրերը՝ լիքը, և, ինչպես ինքն է ասում՝ իր համար կարևորը ներդաշնակությունն է իր մարմնի, մտքի ու կյանքի միջև։ Նա հաստատ գիտի՝ իր գեղեցկությունը պարզության և հանգստության մեջ է, ոչ թե սանտիմետրերի, կիլոգրամների կամ տարբեր ժամանակներում պարտադրվող գեղեցկության ի հայտ եկող նոր մոտեցումների. 

«Չկա ոչ մի կանոն կամ չափանիշ, որին արժի ենթարկվել, եթե դա քեզ երջանկություն չի պարգևում։ Ինքդ պետք է սահմանես քո բոլոր կանոններն ու արժեքները, որովհետև միակ մարդը, որին դու հաշվետու ես քո արարքների կամ դրանց բացակայության համար, միայն ինքդ ես»,– ասում է «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանը, որի կյանքը լի է ճակատագրական որոշումներով, որոնցից, ինչպես ինքն է ասում, երբեք չի վախեցել, որովհետև միշտ իմացել է՝ «երջանի՞կ չես, փոխի՛ր կյանքդ»։

Նա մինչև հիմա հանդիպումների գնում է հին ինքնագլորով ու լայն ժպիտով։ Մայրն ասում է՝ ամոթ է, բայց ինքը գիտի՝ երբեք չի արել մի բան, որի համար արժեր ամաչել։ 20 տարի առաջ նա Հայաստանի տիտղոսակիր ամենագեղեցիկ կինն էր, այսօր՝ կատարյալը, գոնե իր համար։ 

Իրինան գեղեցկության ինդուստրիայում հայտնվեց պատահաբար՝ երթուղայինում ստացած առաջարկից հետո։ Ամիսներ շարունակ պատրաստվեց «Միսս Հայաստան» մրցույթին, որից հրաժարվեց վերջին պահին՝ անձնական պատճառներով․

«Դրանից հետո մեկ տարի էր անցել։ Արդեն սովորում և աշխատում էի, բոլորովին չէի մտածում բեմ վերադառնալու մասին, երբ մի օր հանկարծ տնօրենս հարցրեց, թե ինչո՞ւ չեմ մասնակցում «Միսս Հայաստան» մրցույթին։ Ասացի, որ ո՛չ ինքս եմ պատրաստ, ո՛չ հովանավոր ունեմ։ Այդ ժամանակ տնօրենն ասաց, որ ընկերությունը, որում ես աշխատում էի այդ ժամանակ, կհովանավորի մասնակցությունս։ Որոշ ժամանակ անց տեղի տվեցի նախ նրա, ապա մորս հորդորներին ու մրցույթից ընդամենը 4 օր առաջ դիմեցի՝ մասնակցելու համար»,– հիշում է Իրինան։

Խոստովանում է՝ հաղթելու մասին չէր էլ մտածում․ մասնակիցներից շատերն էին պատմում ազդեցիկ տղամարդկանց հետ մտերմության և իրենց խոստացված տիտղոսների մասին։ Ինքն ուներ միայն ծնողների աջակցությունն ու մի զգեստ, որ «կորավ» բեմելից առաջ։ Իրինան ասում է՝ երբ ստացավ «Միսս Հայաստան» տիտղոսն ու թագը, ոչ ոք այդպես էլ չնկատեց, որ կոշիկներից մեկի կրունկը կոտրված է․

«Դա ինձ համար շատ լավ փորձառություն էր։ Նախ՝ հասկացա, թե ինչպիսին կարող են լինել մարդիկ, հետո հասկացա՝ ինչպիսին եմ ես։ Այդ տարիներին կարծիք կար, որ քաղաքի բոլոր գեղեցիկ կանայք ու աղջիկները ինչ-որ մեկի սիրուհին կամ մտերիմն են։ Իհարկե այդ զրույցները շատ դեպքերում անհիմն չէին։ Բայց ինձ երբևէ նման առաջարկներով որևէ մեկը չի դիմել մի պարզ պատճառով․ բոլորը գիտեին՝ ես ով եմ, որովհետև ես ինքս դա գիտեի։ Եվ անգամ այդ տարիքում այդ իմացությունս բեկանելի չէր»,– ասում է Իրինան։

«Միսս Հայաստան» մրցույթում հաղթելուց հետո «Միսս Եվրոպայի» լավագույն վեցնյակում էր։ Դրանից հետո՝ IMG հանրահայտ ընկերության հետ պայմանագիրն էր, որը նրա առաջ բացելու էր մոդելային աշխարհի բոլոր դռները․

«Այդ պայմանագիրը լավագույն հնարավորությունն է, որ կարող է ստանալ այս ոլորտում աշխատող յուրաքանչյուր մարդ։ Դա ոչ միայն կարիերայի աճ էր ապահովելու ինձ համար, այլև շատ լուրջ ֆինանսական ապահովություն։ Բայց ես հետ կանգնեցի դրանից և որոշեցի ամուսնանալ ու երեխա ունենալ»,– ասում է Իրինան։

Կարճ ժամանակ անց, սակայն, բաժանվեց և 20 տարեկանում վերադարձավ հայրական տուն՝ երեխայի հետ։ Ասում է՝ գիտեր, որ բարդ է լինելու․ սովորում էր, տան միակ աշխատողն էր։ Բայց նաև վստահ էր՝ այդպես է պետք։ Իրինան ասում է՝ իր ամուսնալուծված լինելու փաստը երբեք չի դարձել քննարկման թեմա ո՛չ ընտանիքում, ո՛չ դրանից դուրս․

«Ես որքան էլ մեղմ եմ, սիրալիր ու ջերմ, բայց անգամ այդ տարիքում հասկանում էի, որ սա իմ կյանքն է, միայն իմը։ Եվ ես երբեք թույլ չեմ տվել, որ հասարակությունն ազդի իմ որոշումների վրա։ Ես ուզում էի ամուսնանալ, որովհետև սիրահարված էի, ամուսնացա՝ չնայած ծնողներս դեմ էին։ Հասկացա, որ սխալվել եմ, բաժանվեցի։ Ինձ համար այդ որոշումները երբեք բարդ չեն եղել, որովհետև ես միշտ համոզված եմ եղել, որ ճիշտ եմ, և հաշտ եմ եղել որոշումներիս հետ»,– ասում է նա։

Իրինան ասում է՝ այստեսակ ինքնավստահությունը ծնողների անվերապահ աջակցության և դաստիարակության արդյունքն է, որի շնորհիվ ձևավորվել են իր արժեքները.

«Ապահարզանից կարճ ժամանակ անց հանդիպեցի երկրորդ ամուսնուս, որի հետ հարաբերությունները շատ սահուն սկսվեցին։ Երբ ասացի, որ դուստր ունեմ, նրա արձագանքը մեկն էր` ավելի ուրախ եմ։ Նույնքան սահուն և սիրով լի են նաև նրա հարաբերությունները մեծ դստերս հետ։ Հետո ծնվեցին երկու փոքր դուստրերս, որոնք մեր երջանկությունը լիակատար դարձրեցին։ Ամուսինս ամեն կերպ աջակցում է ինձ և դուստրերիս, որոնք արդեն վաղուց իրենց կարիերան են անում»,- ասում է նա։

Իրինան ասում է, որ իր կյանքում և ընտանիքում հանգստությունն ամենակարևորն է։ Վստահությունը միմյանց և ինքն իր նկատմամբ այդ հանգստության գրավականն են.

«Հատկապես վերջին տարիներին հասկացա, որ չի կարելի մեր կյանքի թանկ ժամանակը վատնել՝ մտածելով այլոց կարծիքների մասին։ Ազատությունը բարդույթներից ձերբազատվելու միակ ձևն է։ Քո կյանքն է, քո որոշումները, քո ազատությունը։ Սա շատ պարզ մեխանիզմ է, որն աշխատում է անխափան։ Եվ դրանք կարող են լինել ամենապարզ որոշումները՝ փոխել մազերի գույնը կամ երկարությունը, նիհարել կամ թույլ տալ քեզ ազատություն՝ երեկոյան քաղցր ուտելու»,– ասում է Իրինան։

Նա չի ափսոսում ոչ մի «հետքայլի» համար, որ արել է կյանքում․ եթե չլինեին այդ որոշումները, չէր լինի կյանքի այն հանգրվանը, որում այսօր է։ Համոզված է՝ յուրաքանչյուր կյանք որոշումների շղթա է․ ինքը որոշել է երջանիկ ու հանգիստ լինել․

«Խիզախությունը շատ կարևոր է կնոջ համար։ Ես շատ ուրախ եմ, որ չեմ վախեցել կյանքիս կարևոր որոշումները ընդունելիս։ Եթե չհրաժարվեի IMG-ի պայմանագրից, չէր ծնվի աղջիկս։ Եթե վախենայի փոխել կյանքս, չէի հանդիպի երկրորդ ամուսնուս, որի հետ անսահման երջանիկ ընտանիք ունենք։ Եթե չլինեին դժվարությունները, որոնք ստիպված էի հաղթահարել, այսքան ամուր չէի կանգնի ոտքերիս վրա»,– ասում է Իրինան։

Իրինան ասում է` բոլոր կարծրատիպերը, այդ թվում նաև՝ գեղեցկության չափանիշները, մտքի ազատության պակասից են գալիս։ Նա հիշում է, որ 20 տարի առաջ արտասահմանում առաջին անգամ տեսավ վիրահատված կրծքով և քթով մոդելների և հասկացավ` երբ միտքդ բաց է աշխարհի համար, գեղեցիկը տեսնում ես ամեն ինչի մեջ:

«Ես ոչ մի կոսմետիկ վիրահատություն չեմ արել, գուցե երբևէ դիմեմ ինչ-որ միջամտության, բայց ոչ հիմա: Կարծում եմ, որ չի կարելի թույլ տալ, որ գեղեցիկի մասին ուրիշների պատկերացումներն ազդեն ձեր ինքնագնահատականի, ինքներդ ձեր նկատմամբ սիրո վրա»,- ասում է Իրինան։ 

Նախկին «Միսս Հայաստանը» չի վախենում «սովորական» լինելուց, ասում է՝ չափանիշները, այդ թվում նաև՝ գեղեցկության, պայմանական են։ Այդ պատճառով էլ որևէ տիտղոս չի համեմատի հանգստության հետ, որ ունի այսօր․

«Երբ ես մասնակցում էի գեղեցկության մրցույթի, ես պատրաստ էի նիհարել՝ հանուն հաղթանակի։ Հիմա ես դա չեմ ուզում, որովհետև ինքս ինձ համար շատ գեղեցիկ եմ, անգամ կատարյալ, որովհետև հաշտ եմ մարմնիս, նոր քաշիս ու տարիքիս հետ։ Ես սիրում եմ ամենը, ինչ ունեմ, և դա երջանկացնում է ինձ։ Ես համոզված եմ՝ մարդուն կա՛մ սիրում են, կա՛մ ոչ: Եթե ձեզ սիրում են, ոչ մի չափանիշ առաջ չեն քաշում։ Եթե չեն սիրում, դուք երբեք չեք համապատասխանելու որևէ չափանիշի։ Սա է գաղտնիքը»,– ասում է նա։