Սևանի շրջակայքում 1901.5մ-ից ներքև գտնվող ապօրինի շինությունները կապամոնտաժվեն

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն արտագնա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Սևան» ազգային պարկում։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ազգային պարկի ղեկավար անձնակազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել ենք առաջիկայում մեկնարկող մի քանի կարևոր նախաձեռնություններ, ապա վերլուծել ընթացիկ գործընթացները, որոնց թվում է «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակը։

Այս պահին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առկա են «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման» և «Հողամասի վարձակալության» մասին պետական գրանցում ստացած 917 պայմանագրեր (տարեկան 177 929 499 վարձավճար, 2094, 2 հա)։ Նշված պայմանագրերով դեբիտորական պարտքը 2021 թ․ նոյեմբերի 8-ի դրությամբ կազմում է 256 274 316 ՀՀ դրամ։

Ներկայումս դատավարության փուլում են գտնվում թվով 47 գումարի բռնագանձման և/կամ պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման պահանջների մասով հայցադիմումներ՝ 32 738 557 ՀՀ դրամ հայցագնի չափով: Դատական ակտերով սնանկ են ճանաչվել 7 վարձակալներ, որոնց պարտավորության գումարի չափը կազմում է 31 660 678 ՀՀ դրամ։

Թվով 34 վարձակալներին ներկայացված պայմանագրերի միակողմանի վաղաժամկետ լուծման առաջարկները ետ են վերադառնում «չպահանջված», «տեղափոխված», «բացակա» և այլ նշումներով, որոնց պարտավորության գումարի չափը կազմում է 55 094 339 ՀՀ դրամ:

18 վարձակալներ մահացել են, որոնց պայմանագրային պարտավորությունների գումարը կազմում է 16 362 440 ՀՀ դրամ: 33 քաղաքացիական գործերով կատարողական թերթերը ներկայացվել են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կատարման, որոնց պարտավորության գումարը կազմում է 61 756 145 ՀՀ դրամ: Կրկին կարևորել եմ ՊՈԱԿ-ի արդյունավետ ֆինանսական կառավարման անհրաժեշտությունը, որից էլ բխում է գույքագրված խնդիրերի լուծումն ու արձանագրված առերևույթ խախտումների վերացմանն ուղղված գործընթացների հաջող ընթացքը։

Հաջորդիվ քննարկել ենք «Սևան» ազգային պարկի» տեխնիկական վերազինումը և հնարավորությունների հզորացումը, որը ծառայելու է լճի ափամերձ հատվածը ապօրինի կառույցներից ազատելու կարևորագույն նպատակին։

Ազգային պարկը վերազինվել է նոր տեխնիկայով, որով ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում շարունակվելու է ապօրինի շենք շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը, ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքև գտնվող, ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ, ինչպես նաև՝ լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվելու են անտառաշերտի մաքրման աշխատանքները։ Քննարկել ենք նաև սիգի արդյունագործական ձկնորսության խնդիրը։

Այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ նոր մոդել է մշակում, որպեսզի արդյունագործական ձկնորսության որսաշրջանի դադարեցումը տարածաշրջանում որևէ սոցիալական խնդրի չհանգեցնի»,-գրել է նախարարը։