Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ևս մեկ անդամ կալանավորվել է, պարագլխի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ շարունակում է իրականացնել մեծածավալ քննչական գործողություններ և անհրաժեշտ միջոցառումներ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Է.Ջ.-ն ղեկավարել է իր կողմից ստեղծված, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը. դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»:

Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երեք անդամի նկատմամբ ավելի վաղ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, և  նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում քրեական ենթամշակույթ կրող հանցախմբի անդամներից մեկը՝ Վ.Մ.-ն, ներկայացել է Քննչական կոմիտե, ձերբակալվել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Նշվում է, որ հանցախմբի պարագլուխ, Իսպանիայի Թագավորությունում գտնվող «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Է.Ջ.-ի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: