Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է Policy and Management Consulting Group-ին (PMCG)՝ որպես ավագ խորհրդական։ Այս մասին հայտնել է ընկերությունը։
PMCG-ն նշում է, որ Գրիգորյանն ունի պետական կառավարման բարձր մակարդակներում աշխատանքի մեծ փորձ՝ ռազմավարական կառավարման, դիվանագիտության, միջազգային հարաբերությունների, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ճգնաժամային կառավարման և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում։
Ընկերության հաղորդմամբ՝ նրա մասնագիտական գործունեության կարևոր ուղղություններից են եղել Հարավային Կովկասին վերաբերող բարդ խնդիրները՝ երկխոսությունը, բանակցությունները, տարածաշրջանային անվտանգությունը, հակամարտությունների կարգավորումը, խաղաղության և կայունության խթանումը։
PMCG-ում Գրիգորյանն արդեն ներգրավված է TRIPP-ի իրագործելիության գնահատման աշխատանքներում։ Նախաձեռնությունը վերաբերում է Հայաստանի տարածքով կապակցվածության ամրապնդմանը և տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու տնտեսական զարգացման հնարավորությունների գնահատմանը։
Ընկերությունը նաև նշում է, որ պետական ծառայությունից դուրս Գրիգորյանը շարունակել է զբաղվել հետազոտական և վերլուծական աշխատանքով ու ակադեմիական գործունեությամբ։ Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել նրա նոր գրքի շնորհանդեսը։



















