«Ամերիկայում թույլ չեն տալիս խմբով խանութ մտնել, անպայման դրսում սպասում ենք, քիչ-քիչ են ներս թողնում, դիմակներով». Նանո Հովսեփյանը՝ Լոս Անջելես քաղաքից

«Կորոնավիրուսի կանխարգելման քայլերը Ամերիկան մի փոքր ուշացումով արեց, կարող էին տանը փակվելու հրահանգն ավելի շուտ տալ, և այդքան շատ չտարածվեր։ Այն, ինչ հիմա կատարվում է Նյու Յորքում, իհարկե շատ վատ է, բայց առաջնակարգ ամեն ինչ ձեռնարկվեց: Հիմա Նյու Յորքում՝ նավահանգստում, նավ է կանգնած, պատրաստ է ընդունելու հիվանդներին, նույնը կա և Կալիֆոռնիայում, բայց հուսով եմ՝ դրան դեռ չենք հասել»,- ասում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում բնակվող նկարիչ-դիզայներ Նանո Հովսեփյանը։

Նա նշում է, որ այժմ Կալիֆոռնիայի իշխանությունը հրահանգ է տվել, որ առանց դիմակի չեն կարող տնից դուրս գալ: «Պարտադիր պետք է դիմակներով տնից դուրս գանք, և խանութները ներս չեն թողնի, եթե դիմակ չեք կրում»,- նշում է նա։

Հովսեփյանը պատմում է, որ սկզբում մարդիկ լուրջ չէին, բավական ժամանակ շատ մարդ կար դրսում, մինչև իրավիճակը ավելի ծանրացավ․ «Մարդիկ հասկացան, որ պետք է պահեն կանոնները և փակվեն տանը։ Արդեն 24 օր է՝ փակված ենք տանը, և աշխատում ենք և դաս անում, տնից դուրս ենք գալիս ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ առևտուր պետք է անենք, հիմնականում ուտելիքի համար ենք դուրս գալիս»։

Նա նշում է, որ մարդաշատ վայրերում պետք է պահպանել 2 մետր հեռավորություն միմյանցից, խանութներում արդեն նշաններ են դրված, Նանո Հովսեփյանի խոսքով՝ խանութի աշխատողները խանութ մտնողների սահմանափակում են իրականացնում: «Ամերիկայում թույլ չեն տալիս խմբով խանութ մտնել, անպայման դրսում սպասում ենք, քիչ-քիչ են ներս թողնում»,- նշում է նա։

Կինը նշում է, որ իր ընտանիքը նույնպես փորձում է պահպանել կանոնները, դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտ դեպքերում․ «Ներս գալուց առաջ լվացվում ենք, ձեռնոցները հետներս տուն չենք էլ բերում, հնարավորինս պահում ենք կանոնները, որ բակտերիան տուն չբերենք»։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսի վերաբերյալ համացանցում կեղծ ինֆորմացիան շատ է և խուճապ է ստեղծում, կարանտինի հենց սկզբից Նանո Հովսեփյանը տուրիզմի մասնագետ Մայա Թոխալյանի հետ համատեղ ֆեյսբուքում նախաձեռնություն են ստեղծել, որի նպատակն է կեղծ ինֆորմացիան զտել և ամերիկահայերին ճիշտ ինֆորմացիա հասցնել կորոնավիրուսի վերաբերյալ։ Խումբը ավելի քան 2000 հետևորդ ունի Ֆեյսբուքի տիրույթում:

«Պլատֆորմը ստեղծելու հիմնական պատճառը ապատեղեկատվությունն էր, որ էսօր լցված է ամբողջ ինտերնետը: Մարդիկ տանը փակված՝ միայն ինտերնետով կարող են շփվել արտաքին աշխարհի հետ, ու տեսնում ենք ինֆորմացիաներ, որ սուտ են, սխալ են: Բնականաբար, ինձ դա շատ էր բարկացնում, ու որոշեցինք ունենալ խումբ, որտեղ կտեղադրենք ճիշտ ինֆորմացիա, կոչվում է COVID19 USArmenian Women’s support group:

Այն նախատեսված է հիմնականում ամերիկահայության համար, նրանց համար, ովքեր նոր են եկել, անգլերեն լավ չեն հասկանում, հիմնականում տատիկ-պապիկները կամ չեն կարողանում կարդալ և լիարժեք հասկանալ ինֆորմացիան: Խումբը բացվեց, ու ամեն առավոտ աշխատում ենք տեղադրել թարմ նյութեր և ճիշտ ինֆորմացիա տալ մարդկանց»։

Նա նշում է, որ բացի ինֆորմացիա տալուց նաև խմբի պլատֆորմում կազմակերպում են միջոցառումներ՝ անգլերեն լեզվի ուսուցում, ասմունքի երեկո։

Որպես հարթակի հիմնադիր՝ Նանո Հովսեփյանը հորդորում է ինտերնետում ինֆորմացիա տեսնելիս աղբյուրը ստուգել, չհավատալ կեղծ լուրերի և վատ վիճակի մեջ հայտնվել։

«Եթե չգիտեք ինֆորմացիայի աղբյուրը, արագ մի տարածեք այդ ինֆորմացիան, այդպիսի ինֆորմացիան ավելի խանգարում է: Ինձ անընդհատ Ֆեյսբուքում նամակներ են գալիս՝ վայ, տեսել եք էս մի բանը: Ամերիկայում շատ մարդիկ կան, որ իրենց տանը պարապ նստած՝ ամեն օր մի վիդեո են սարքում, դնում: Ուշադիր նայեք, օրինակ՝ կարող է վիդեոյում գերբը, որ դրված է, որ պետական գերբ է, կեղծ է: Հենց երկու օր առաջ նման վիդեո կար, բոլորին դա էի գրում՝ նայեք գերբին, մի տարածեք սխալ ինֆորմացիա, պետք է ավելի զգոն լինենք»։ 

Նանո Հովսեփյանը նշում է, որ կորոնավիրուսով պայմանավորված վիճակը ոչ միայն անդրադառնում է մարդկանց հոգեկան աշխարհի վրա, նաև տնտեսական առումով խնդիրներ է ստեղծում։

«Տնտեսական տեսանկյունից սա շատ մեծ հարված էր Ամերիկային և անհատ մարդկանց համար նույնպես, որովհետև մարդիկ ի վիճակի չեն իրենց տան վարձերը և մնացած հարցերը լուծելու: Ամերիկյան կառավարությունը հիմա քննարկում է օգնության փաթեթը, որն արդեն ընդունվել է, բայց տեղաբաշխելը և փոխանցելը դեռ քննարկման փուլում են»։

Նանո Հովսեփյանը հայրենակիցներին կոչ է անում՝ տանը մնալ և չվտանգել ավելի խոցելի խմբերին։

«Շատ ուրախ եմ, որ կան մարդիկ, որ չեն վախենում հիվանդանալուց, բայց դուք ունեք ընտանիք, մեծեր ձեր ընտանիքում, մարդիկ, որոնք ունեն հիվանդություններ և թույլ իմունիտետ: Խնդրանքս պիտի լինի՝ մտածեք նրանց մասին, դուք կարող եք հիվանդանալ և հեշտությամբ վերականգնել ձեր առողջությունը, բայց կարող եք վնասել ձեր ընտանիքի անդամներին։ Գիտակցորեն մոտեցեք և օգնեք բոլորին, մնացեք տանը, որ էս ամեն ինչը արագ վերջանա, և բոլորս դուրս գանք տնից։ Մենք դիմակայել ենք ամեն ինչին, սա էլ կհաղթահարենք»,- նշում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am