«Արարատ Միրզոյանի ուշագրավ հայտարարությունն ակնարկ էր՝ ուղղված Ռուսաստանին». Արմեն Վարդանյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը

 – Պարո՛ն Վարդանյան, Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի այցը Հայաստան, ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հնչած մտքերն ինչպե՞ս եք գնահատում: Ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք արտգործնախարարների խոսքից:

– Ամենակարևոր շեշտադրումն այն էր, որ Իրանը ևս մեկ անգամ հաստատեց, որ  «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական ծրագիրն իր համար անընդունելի է, ու ինքն ամեն կերպ փորձելու է խափանել այդ ծրագիրը: Շատ հստակ նշվեց, որ Իրանը կողմ է, որ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքը հենց Հայաստանի միջով անցնի, և Հնդկաստանը նույնպես դառնա այդ ծրագրի մասնակից:

Տնտեսական երկկողմ կապերի մասով նշվեց, որ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները հասել են 700 մլն դոլարի, որը ռեկորդային է, և երկու երկրները պայմանավորվել են առաջիկայում այդ թիվը հասցնել 1 մլրդ դոլարի:

Իհարկե, արտգործնախարարը հայտարարեց, որ Իրանը դեմ է Հայաստանում ու Ադրբեջանում օտարերկրյա զինվորների տեղակայմանը, ինչը նաև Հայաստանի հասցեին թափանցիկ ակնարկ էր, բայց, վստահ եմ, որ հայկական դիվանագիտությունը կփարատի իրանական կողմի մտահոգություններն առ այն, որ այդ դիտորդները կարճաժամկետ են, ու Հայաստանը չի անի քայլ, որն ուղղված կլինի Իրանի շահերի դեմ:

Երբ Իրանը նշում է, որ չի հանդուրժելու տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականության խախտումներ, նկատի ունի միայն Սյունիքի՞ հատվածը:

 – Մասնավորապես Սյունիքը, որովհետև Ադրբեջանը հենց Սյունիքով է ուզում միջանցք ստանալ, բայց ընդհանուր առմամբ էլ՝ կլինի Սյունիքում, Ջերմուկում, իրենց համար միջանցքի գաղափարն անընդունելի է: Անընդունելի է, որ Հայաստանի տարածքը կիսվի, ամբողջ խնդիրն այս է:

– Չնայած Իրանի այս հստակ դիրքորոշմանը, ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում Թուրքիայի հետ միաբերան պնդել այդ գաղափարը:

– Իրենք ամեն կերպ ուզում են ստանալ ցամաքային կապ, բայց դա լինի այնպիսի կապ, որը որ չի վերահսկի Հայաստանը, ամբողջ հարցը հենց դա է, որ իրենք ուզում են ավելին:

– Պարո՛ն Վարդանյան, Կապանում այսօր տեղի ունեցավ Իրանի հյուպատոսության բացումը: Հյուպատոսության առկայությունը ի՞նչ նոր հնարավորություններ է ստեղծելու հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու սերտացման գործում:

– Տնտեսական կապերն ավելի կուժեղանան, ընդհանրապես հյուպատոսությունն ավելի շատ տնտեսական  հարաբերություններին է միտված, բայց ամեն դեպքում սա շատ կարևոր քայլ է դիվանագիտական, քաղաքական առումով՝ երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:

– Մինչ այս կային տարբեր կարծիքներ հարցի վերաբերյալ, որ եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով ստանալ «Զանգեզուրի միջանցքը», ապա Իրանը կդիմի՞, թե՞ չի դիմի կտրուկ գործողությունների, ընդհուպ՝ ռազմական: Իրանի արտգործնախարարի երեկվա խոսքից հետո ձեր դիրքորոշման մեջ ինչ-որ բան փոխվե՞ց այս առումով:

– Ես միշտ միանշանակ չեմ կարողացել ասել, հիմա էլ չեմ կարող ասել, թե որքան հեռու կգնա Իրանը, արդյոք կգնա՞ ռազմական ճանապարհով հարկադրելու Ադրբեջանին, որ զերծ մնա Սյունիքում միջանցք բացելու գաղափարից:

Իրանը մի քիչ անկանխատեսելի երկիր է, այս գործոնը պետք է հաշվի առնել, բայց նաև պետք է հաշվի առնել մեկ այլ՝ շատ կարևոր գործոն, որ Իրանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունի  շատ լուրջ հարաբերություններ, առևտրատնտեսական կապեր, ու չեմ կարող պնդել, որ Իրանը ռազմական միջամտություն կցուցաբերի:

Հնարավոր է, որ դրա կարիքն ընդհանրապես չլինի, որովհետև, բացի Իրանից, սեպտեմբերի 13-14-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ Արևմուտքն էլ է շատ կտրուկ դեմ այդ գաղափարին: Արևմուտքի այս կոշտ հայտարարությունները ևս շատ կարևոր զսպող գործոն են ու սրան գումարած Իրանի հայտարարությունները: Կարծում եմ՝ միջանցք ստանալու ադրբեջանական բոլոր ծրագրերը կձախողվեն:

– Ինչպե՞ս եք գնահատում Իրանի հետ հարաբերություններն ավելի խորացնելուն միտված Հայաստանի ջանքերը:

– Շատ լավ: Իրանը մեզ համար շատ կարևոր երկիր է, ու պետք է որքան հնարավոր է զարգացնենք ու խորացնենք հարաբերություններն այդ երկրի հետ, մենք նաև բնական դաշնակիցներ ենք:

Երեկ նաև շատ ուշագրավ հայտարարություն արեց Արարատ Միրզոյանը, նշելով, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին անսպասելիորեն կողմ են արտահայտվում նաև երրորդ երկրները, իհարկե ակնհայտ էր, որ այդ ակնարկն ուղղված էր Ռուսաստանին, որովհետև ռուսական կողմը, ոչ բացահայտ, բայց ակնարկում է, որ միջանցք պետք է լինի: Իսկ Իրանը վճռականորեն դեմ է արտահայտվում այդ գաղափարին, իհարկե, միամիտ չպետք է լինել ու մտածել, որ սա Իրանն անում է բացառապես մեզ համար, չէ՛, ուղղակի մեր շահերն այս հարցում համընկնում են:

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am