Մակրոնը դատապարտել է ցուցարարների կողմից «դեռահասի մահվան շահագործումը»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Ֆրանսիայում երեք գիշեր շարունակվող բռնի ցույցերի ժամանակ «դեռահասի մահվան անընդունելի շահագործումը»։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականը։

Հեռուստաուղերձի ժամանակ Մակրոնը նշել է նաև, որ  համազգային ցույցերը զսպելու համար կներգրավվեն անվտանգության լրացուցիչ ուժեր։

Ֆրանսիայի նախագահը նաև ծնողներին կոչ է արել իրենց երեխաների հեռու պահել փողոցներից անկարգությունների ընթացքում, իսկ սոցիալական ցանցերին հորդորել է հեռացնել անկարգություններ հրահրող բովանդակությունը։

Ֆրանսիայում արդեն երեք օր շարունակվում են ցույցերը և անկարգությունները, որոնք սկսվել են ոստիկանի կողմից 17-ամյա վարորդի սպանությունից հետո։ Այս գիշեր երկրի տարբեր քաղաքներում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 870 հոգու։