Սահմանների անձեռնմխելիության հարցի լուծումը ՀԱՊԿ-ում կամ ՄԱԿ-ում չէ, Հայաստանում է․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մենք պետք է արձանագրենք առանցքայինը՝ սահմանների անձեռնմխելիության հարցի լուծումը ՀԱՊԿ-ում կամ ՄԱԿ-ում չէ, Հայաստանում է, մեր զինված ուժերում, տնտեսությունում, քաղաքական կայունությունում եւ տեղեկատվական անվտանգությունում:

Մնացյալ բոլոր ռեգիոնալ կամ միջազգային հարթակներում մեր խնդրի որեւէ արտահայտում ուղիղ համեմատական է այդ լուծումների արդյունավետությունից:Երասխում ու Գեղարքունիքում հայկական զինուժը կասեցրել է ադրբեջանցիների առաջխաղացման փորձը: Սա է, այլ բան չկա:Չես կասեցրել՝ գալու են առաջ: Ինչ է անելու օրինակ ՄԱԿ ԱԽ: Հայ-ադրբեջանական սահմանի որեւէ մեկ կամ մի քանի կմ որեւէ առանցքային նշանակություն չունի ՄԱԿ ԱԽ ոչ մի անդամի համար:

Սա պետք է ամրագրել մեր գլուխներում: Եվ, ոչ թե որովհետեւ ԱԽ անդամները վատն են, այլ որովհետեւ այդպիսին է համաշխարհային քաղաքականությունը՝ որեւէ մեկը որեւէ մեկին լավություն չի անում, հատկապես աշխարհակարգային վերափոխումների այս չափազանց թանկ ժամանակաշրջանում:Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը գործիք է բոլոր ուժայյին կենտրոնների համար, բոլոր, առանց բացառության: Դարձյալ, սա չի նշանակում «թքել միջազգային հանրության վրա»:

Հակառակը, սա նշանակում է այդ հանրության հետ աշխատել առավել ինտենսիվ եւ աշխատել առավել փութաջան: Բայց պետք չէ լինել միամիտ ու մտածել, թե միջազգային որեւէ՝ որեւէ հարթթակ հետաքրքրված է լինելու հայ-ադրբեջանական սահմանային բախումների հարց լուծելով, առնվազն քանի դեռ այդ բախումները իրական վտանգ չեն ներկայացնի միջազգային խաղաղության համար: Իսկ միջազգային խաղաղության համար դրանք բացարձակապես վտանգ չեն: Անգամ Արցախի դեմ պատերազմը չդիտվեց այդպիսի վտանգ, հակառակ դեպքում ՄԱԿ ԱԽ պատերազմի ժամանակ կդրսեւորեր բոլորովին այլ վարքագիծ:Կրկնեմ, սա չի նշանակում

Չաշխատանք միջազգային հանրության, առավել եւս ԱԽ մշտական անդամների հետ: Բայց պետք չէ ունենալ լուծումներ ստանալու կամ Ադրբեջանին զսպելու միամտություն:

Ադրբեջանին զսպում ենք կամ մենք, կամ այքլ կզսպեն այն դեպքում միայն, երբ Ադրբեջանը կանցնի իրենց կարմիր գծերը: Իսկ այդ կարմիր գծերը Բաքուն գիտե եւ խաղում է դրանցից հեռու: Ի դեպ, հիմա արժե նաեւ սերտ աշխատել Հնդկաստանի հետ, որը օգոստոսին ստանձնում է ՄԱԿ ԱԽ նախագահությունը, եւ տեսնել, կստացվի՞ արդյոք ՄԱԿ ԱԽ նախագահող երկրի կարգավիճակում որեւէ հայտարարություն ստանալ Դելիից, թեեւ Հնդկաստանը Չմիավորվածների շարժման անդամ է, որտեղ Ադրբեջանը իր ռեսուրսներով ստեղծում է որոշակի տրամադրություն, եվ ի դեպ նախագահող երկիրն է:Եվ, դարձյալ, ի դեպ, հուլիսին նախագահողն էր մեր բարեկամ Ֆրանսիան:

Հետաքրքիր է, ինչու՞ Փարիզն այդ կարգավիճակում չփորձեց անել որեւէ հայտարարություն՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Ընդ որում, դրա համար բոլորովին չկար Հայաստանի դիմումի կարիք: Նախագահողը կարող է անել հայտարարություն մամուլի համար, որը իհարկե ընդամենը հայտարարություն է, բայց համենայն դեպս չէր խանգարի ոչնչով: Թեեւ, այդ համատեքստումհարցի պատասխանը դարձյալ պետք է փնտրել Ֆրանսիայի դեսպանի մեծ ուշադրոության արժանացած, բայց թերեւս քիչ հասկացված հարցազրույցում, հատկապես նախագահ Մակրոնի հնարավոր այցի վերաբերյալ պատասխանում:

Կրկնեմ, միջազգային խաղացողներին պետք չէ բաժանել լավի ու վատի, պետք չէ հիանալ, որ հետո հիասթափվել, պետք չէ ունենալ ավելորդ սպասումներ մեկ կամ անգամ մի քանի հայտարարություններից, որովհետեւ համաշխարհային քաղաքականությունը միայն հրապարակային հայտարարություններից չէ բաղկացած, եւ ավելին՝ բոլորովին հրապարակային հայտարարություններից չէ բաղկացած:Եվ ինչպես լուսահոգի Իգոր Մուրադյանն էր ասում Հայաստանում այդօրինակ հիմքերով վերլուծությունների վերաբերյալ՝ «նրանք շաաատ ուշադիր կարդում են միջազգային մամուլը»:

Հ.Գ. հա, խնդրում եմ չհասկացվի, թե ասում եմ, որ միջազգային մամուլ կարդալ պետք չէ: Պարզապես համաշխարհային քաղաքականությունը շատ ավելի խորն է, ու հազիվ թե դա լինի վիճարկելի»։