Ես հրաժարական կտայի, եթե իմ պաշտոնավարման ժամանակ նման դեպք լիներ. Սեյրան Օհանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը

– Պարո՛ն Օհանյան, 15 զինվորի կյանք խլած ողբերգական դեպքի վերաբերյալ տրված պաշտոնական բացատրություններն ինչպե՞ս կգնահատեք։ Կոնկրետ դեպքի մասով ի՞նչ կարող եք ասել։

– Պաշտոնական տեղեկություններին ամբողջությամբ չեմ տիրապետում, բայց արտակարգ պատահարներից հետո ՊՆ-ում գոյություն ունի գործողությունների ընթացակարգ։ Հրամանատարական ղեկավար կազմը ստեղծում է հանձնաժողովներ, որոնք մանրակրկիտ ծառայողական քննությամբ վեր են հանում բոլոր պատճառները, ինչի հետևանքով եղել է տվյալ արտակարգ պատահարը, այնուհետև տեղեկացնում են իրավական համակարգին ու քրեական վարույթ են սկսում։

Ինչո՞ւ առաջին հերթին հրամանատարները, որպեսզի անմիջապես կանխարգելման միջոցառումներ իրականացվեն, որ նման դեպքեր այլ վայրերում չլինեն։ Հետո որոշվում է պատասխանատվության հարցը՝ և՛ վարչական պատասխանատվության են ենթարկվում, և՛ քրեական գործեր են հարուցվում։ Ընթացակարգն այսպիսին է։

Կոնկրետ դեպքի մասով՝ ես կարծում եմ, որ պետք է մանրամասն քննություն իրականացվի, և պատճառները վեր հանվեն, որովհետև ընդհանուր դեպքը, նախևառաջ, շատ ցավալի ու աղմկահարույց է։

Ի՞նչն է եղել պատճառը, որ զինծառայողները նույնիսկ հրդեհից հետո չեն կարողացել դուրս գալ։ Պետք է ճշտվի՝ իրենք գիտակի՞ց վիճակում են եղել, թե՞ չէ, միգուցե ծխահարված են եղել, բայց այդ դեպքի համար անհրաժեշտ է ոչ միայն վարչական, հրամանատարական պատասխանատվություն, այլ նաև քաղաքական պատասխանատվություն։

Այս տարիների ընթացքում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, պատասխանատվություն կրելու, հրաժարականներ տալու պատճառներ ամեն տարի են եղել, ընդ որում՝ տարին մի քանի անգամ, բայց իրենք այդ պատասխանատվությունը կրե՞լ են։ Իրավիճակային առումով այս թիմն ամբողջությամբ պետք է հրաժարական տա։

– Նախնական վարկածը, պարո՛ն Օհանյան, որ «հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց խոսքը ավտոբենզինի մասին է, որ հնարավոր չի եղել հետագայում մարել», ինչպե՞ս եք ընդունում, բացատրում կատարվածը։

– Իմ դիտարկմամբ՝ չի կարող նման բան լինել, այլ խնդիրներ են առկա եղել, որովհետև նույնիսկ բռնկված հրդեհի դեպքում, եթե մարդիկ գիտակցությունը կորցրած չեն եղել, կարող էին արագ դուրս գալ, եթե անգամ չունենային տարհանման պլան։ Բայց այս իշխանությունների գործելաոճն է՝ ամեն ինչ բարդել մարտավարական ներքևի օղակի ու նաև բանակի վրա։

Այս դեպքում, իհարկե, բանակի ղեկավարությունն է պատասխանատու, բայց վերջին տարիների իրողությունները խոսում են այն մասին, որ միայն բանակը չէ պատասխանատու։ Պատասխանատվություն պետք է կրեն նաև այլ պաշտոնյաներ՝ սկսած երկրի առաջին դեմքից՝ վարչապետից։

– Կոնկրետ այս դեպքի մասով արդեն ութ սպա պաշտոնանկ է արվել։ Այս պաշտոնանկությունները կատարվածի համար համապատասխա՞ն պատիժ են։

– Չեմ կարծում, թե այդ հետաքննությունն իրենք ամբողջությամբ անցկացրել են, որից հետո նոր միայն ազատել են այդ պաշտոնյաներին։ Ծառայողական քննության համար նվազագույնը երեք օր է անհրաժեշտ, պետք է ճշտել պատճառները, հետո նոր որոշում ընդունել՝ ում ազատել պաշտոնից։

Քանի որ այս իշխանության ներկայացուցիչները փիառ մասնագետներ են, բանակի նկատմամբ քաղաքականությունը կենցաղային մակարդակի իջեցրած այսօրվա ղեկավարությունը նշված դեպքից հետո միանգամից ուզում է հանրությանը ցույց տալ, թե՝ տեսեք, ազատեցինք։

Համոզված եմ, որ իրենք տարրական քննություն չեն անցկացրել մինչև ազատելը։ Դե թող ասեին, որ նշանակել են ծառայողական քննություն պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորությամբ, ասինչ հանձնաժողովով, որոնք զբաղվում են այդ հարցերով, հանգիստ եղեք, բոլոր պատասխանատուները ստանալու են համապատասխան պատիժը։

Դեպքից ժամեր անց արդեն մարդկանց են ազատում՝ փորձելով ամբողջ պատասխանատվությունը բարդել ներքին օղակների վրա, թեև դեպքը ներքին օղակի՝ կացարանում տեղի ունեցած է, բայց պետք է պարզել ամեն մանրուք․ այդ կացարանի վիճակն ինչպիսի՞ն է, ինչո՞ւ են իրենք այդտեղ գտնվել, որտեղ է այդ զորամասը և այլն։

– Հանրության շրջանում դժգոհություն է առաջացրել այն, որ զինծառայողների համար ջեռուցումն իրականացվում է վառարանով, այնինչ իշխանությունը հայտարարում է ու վստահեցնում մարդկանց, թե բանակում կահավորման ու այլ կարգի խնդիրներ չկան։

– Զինվորը կապրի զորանոցում, վրանում, հարմարեցված շինությունում, խրամատում թե որևիցե բաց դաշտում, միևնույն է՝ կան պահանջներ, որոնք վերաբերում են ծառայության կազմակերպմանը, ներքին ծառայության կանոնագրքին համապատասխան գործելուն, ջեռուցման խնդիրներին՝ այդ ամենի համար սահմանված պահանջներ կան, որ պետք է իրականացնել ցանկացած վայրում։

Հասկանալի է, որ հակառակորդը գնդակոծել է տվյալ հատվածի զորամասը, ու չկան զորանոցներ, իրենք գտնվում են հարմարեցված շինությունում, բայց պետք է այդտեղ լինեն նորմալ պայմաններ, պետք է պատուհանները փակ լինեն, պետք է լինի վառարան, ու այդ վառարանի շուրջը պետք է ստեղծված լինեն անվտանգության պայմաններ՝ հրահանգի համաձայն, որը կապահովի ներքին ծառայությունը։

Ջեռուցման նորմալ համակարգեր լինում են զորամասերի մշտական տեղակայման վայրերում, ժամանակավոր շինություններում լինում են ժամանակավոր ջեռուցման պայմաններ, պարզապես պետք է անվտանգության կանոնները ապահովվեն։

– Պարո՛ն Օհանյան, եթե նման դեպք ձեր պաշտոնավարման ժամանակ տեղի ունենար, հրաժարական կներկայացնեի՞ք։

– Իմ պաշտոնավարման ժամանակ նման դեպք չի եղել։ Եթե նման դեպք լիներ՝ խիստ կերպով կպատժվեին բոլոր պատասխանատուները, բայց այս իշխանությունները՝ պատերազմից սկսած մինչ օրս, բազմիցս ունեցել են պատճառներ հրաժարական տալու, տվե՞լ են։

– Դուք հրաժարական կներկայացնեի՞ք։

– Ես կներկայացնեի, եթե այդպիսի դեպք լիներ, այո՛։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am