Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը կազմում է ընդհանուրի 80%-ը

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Ոչ վարակիչ հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհի բժիշկներին առավելագույնս անհանգստացնող թեմաների շարքում։ Ինչպես ցույց են տալիս վիճակագրական հետազոտությունների արդյունքները, դրանց վրա է ընկնում հիվանդացության և մահացության հիմնական բեռը: Հայաստանում պատկերը գրեթե նույնն է, ինչ եվրոպական տարածաշրջանի մյուս երկրներում:

Ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը կազմում է ընդհանուրի 80%-ը: Առաջին տեղում են սրտանոթային հիվանդությունները: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջազգային գիտաժողովին, որը թե՛ առցանց հարթակում և թե՛ առկա տարբերակով համախմբել է ոլորտի գիտակներին՝ աշխարհի տարբեր երկրներից:

Անահիտ Ավանեսյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշել է, որ կառավարությունը հաստատել է առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի բաղադրիչներից մեկն էլ բնակչության առողջության պահպանման և ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցման համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է։

Նախարարի պաշտոնակատարն ավելացրել է, որ վերջին երեք տարիների ընթացքում մշակվում են մի շարք նոր ծրագրեր, որոնք պետք է նպաստեն բժշկական օգնության հասանելիության բարձրացմանը: