«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարց է բարձրացնում՝ որտեղի՞ց հայտնվեց այն գումարը, որով իշխանությունը պատրաստվում է բարձրացնել կենսաթոշակները, եթե ընդամենը երկու ամիս առաջ այդ հնարավորությունը, ըստ կառավարության ղեկավարի, չէր դիտարկվում։ Պատգամավորն այս որոշումը բացատրում է հունիսին կայանալիք ընտրություններով և կենսաթոշակների բարձրացումը համարում պետական մակարդակով «ընտրակաշառք թոշակառուներին»:
Հիշեցնենք՝ շուրջ երկու ամիս առաջ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարեց. «Թոշակառուների թոշակը ամսեկան 10 հազար 400 դրամով ավելացնեք, ի՞նչ ա անելու թոշակառուն, էդ գումարը ի՞նչ ա անելու, ինչի՞ վրա ա ծախսելու»:
Փաշինյանի խոսքերը բուռն արձագանք եւ դժգոհության ալիք բարձրացրեցին հատկապես թոշակառուների շրջանում, որոնք ի պատասխան տարբեր լրատվամիջոցներով հայտարարում էին, որ եթե կառավարության ղեկավարը գիտի, թե ինչի վրա ծախսի միլիոնավոր դրամների պարգևավճարները, իրենք գիտեն, թե ինչպես տնօրինեն իրենց թոշակները:
Մինչդեռ այսօր վարչապետը շատերի համար անսպասելի հայտարարեց, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան՝ «համեմատաբար ցածրերը՝ 10 հազար դրամով, բարձրերը՝ ավելի փոքր չափով»՝ ընդգծելով, որ սա եղել է իրենց նախընտրական խոստումներից մեկը։
«Այս որոշումը պայմանավորված է սոցհարցումներով: Ակնհայտ է, որ թոշակառուների վերաբերյալ նախորդ հակասոցիալական հայտարարությունները իրենց հետքը թողել են ու վատ են ազդել նախընտրական վարկանիշի վրա: Նիկոլ Փաշինյանն իր քարոզչությունն է իրականացնում, թոշակների բարձրացումն իհարկե լավ է, բայց ինչո՛ւ դա չի արվել պետական բյուջեով ու մի քանի ամիս առաջ, եթե հնարավոր էր անել: Պետք չէր սպասել նախընտրական փուլին ու թոշակների բարձրացումը վերածել ընտրակաշառքի»,- «Մեդիալաբին» ասում է Քրիստինե Վարդանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը խնդրահարույց է համարում այն, որ իշխանությունը չորս տարի ոչինչ չի արել ու ընտրություններից ամիսներ առաջ միայն սկսել է իրականացնել նախընտրական խոստումները: Վարդանյանը փոփոխությունները կապում է առաջիկա ընտրությունների հետ:
«Սա ուղիղ ընտրակաշառք է, ես այլ տրամաբանություն չեմ տեսնում, բայց հույս ունեմ, որ հասարակությունը չի տրվի դրան, որովհետև պետք է հստակ գիտակցի՝ իրեն պե՞տք է իշխանություն, որը սկսում է աշխատել միայն նախընտրական շրջանում: Մարդկանց բարեկեցիկ կյանքն ապահովելը իշխանության պարտավորությունն է, նախ կենսաթոշակները պետք է ինդեքսավորվեն, այսինքն՝ աճեն գնաճին համապատասխան, որովհետև դեռ հարց է՝ այս 10 հազար դրամը բարձրացո՞ւմ է, թե՞ ընդամենը գնաճի ծածկում»,- ընդգծում է Վարդանյանը:
Պատգամավորը նշում է, որ իշխանությունը վերընտրվելու նպատակով պատրաստ է ամեն ինչի՝ պետական մակարդակով կաշառք տալուց մինչև սպառնալիք ու շանտաժ, վերջինի վառ օրինակ պատգամավորը մատնանշում է օրերս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունը առ այն, որ եթե հունիսի 7-ին ՔՊ-ն չհաղթի, ապա «ո՛չ կլինի TRIPP, ո՛չ կլինի արհեստական բանականություն, ո՛չ՝ խաղաղություն»:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















