ՄԻԵԴ-ն ընդունել է անդամահատված զինծառայողների ընտանիքների անունից ներկայացված գանգատը

ՄԻԵԴ-ն ընդունել է անդամահատված զինծառայողների ընտանիքների անունից ներկայացված գանգատը
ՄԻԵԴ-ն ընդունել է անդամահատված զինծառայողների ընտանիքների անունից ներկայացված գանգատը

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետեւ գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` Դատարան):

Իրավաբան-իրավապաշտպանների խմբի անդամ, Արտակ Զեյնալյանն այսօր տեղեկացրել է, որ դիմողներն իրենց խախտված իրավունքների պաշտպանության համար դիմել են Դատարան` զոհվածների նկատմամբ միջամտության հետեւանքով իրենց հանդեպ դրսեւորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցների, ինչպես նաեւ ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու խնդրով:

Ապրիլի 9-ին և 15-ին Դատարանը գրանցել է գանգատները եւ այդ մասին տեղեկացրել է դիմողների ներկայացուցիչներին: Դատարանը սեփական նախաձեռնությամբ գանգատներին տվել է անանունություն՝ սահմանափակելով այդ վարույթների շրջանակում ընդունվող որոշումների եւ այլ փաստաթղթերի հանրային հասանելիությունը: Այս հանգամանքով պայմանավորված՝ դիմողները եւ նրանց ներկայացուցիչները չեն կարող ապահովվել հանրությանը տեղեկատվության լիարժեք հասանելիությունը: Դատարանի ընթացակարգային կանոնների խախտումը դիտարկվում է իրավունքների չարաշահում եւ կարող է հանգեցնել ընդհուպ դատարանի կողմից դիմումների քննության դադարեցմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրվում է լրագրողներին եւ այլ անձանց զերծ մնալ գործերի մանրամասների վերաբերյալ զոհերի ընտանիքների անդամներին եւ նրանց ներկայացուցիչներին հարցեր առաջադրելուց, ինչպես նաեւ այլ աղբյուրներից ստացված, չճշտված տեղեկատվության հանրայնացումից՝ գործերի քննության ընթացքին չվնասելու նկատառումներով:

Հավաստիացնում ենք, որ դիմողների ներկայացուցիչները հանրությանն անհրաժեշտ տեղեկատվությունը բարեխղճորեն կտրամադրեն` իրենց նախաձեռնությամբ` Դատարանի ընթացակարգային կանոններին համապատասխան: