«Լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանն իր ախպերներին վտարեր երկրից, փողերը լցներ, ասեր՝ ժողովո՛ւրդ, կներե՛ք, էլ չեմ գողանա». Սերգեյ Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ):

– Պարո՛ն Դանիելյան, ապրիլից հետո Հայաստանում ինչ-որ բան փոխվելո՞ւ է: Իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանը ժողովրդավարության ճանապարհով է գնալու, բայց մենք կարծես տեսնում ենք, որ միապետական համակարգ է ձևավորվում:

– Մենք տեսնում ենք, որ լճացման մեջ ենք: Եվ ոչ մի բան չի կարող Հայաստանում փոխվել, քանի դեռ այս իշխանությունները կան: Եթե այս իշխանությունն էլ փոխվի, կարող է գալ ավելի վատ իշխանություն, որովհետև մենք դեռ չենք ձևավորել որևէ իշխանություն, որը կլինի լավը: Տիգրան Մեծից մինչև այսօր ես նորմալ ղեկավար չեմ տեսել: Կային առանձին էլեմենտներ, բայց որպես լավ իշխանություն, ցավոք, մենք չենք ձևավորել:

– Ինչո՞ւ:

– Մենք նախ չգիտենք, թե ի՛նչ իշխանություն ենք ուզում: Եթե կոռուպցիայի դեմ պայքարող իշխանություն լինի, չենք կարողանա երեխեքին բանակից փողով ազատել կամ ինստիտուտ ընդունել: Ո՞նց պիտի անենք: Եթե այս իշխանությունը մնա, ամեն ինչ այդպես էլ մնալու է, սիստեմը դա է՝ միշտ որոշում է վարչակարգը: Այդ կազմն է որոշելու, թե ի՛նչ է լինելու քո հետ, և վերջ:

-Եվ ապրիլից հետո ամեն ինչ մնալու է նո՞ւյնը:

-Իհարկե մնալու է նույնը: Միշտ Սինգապուրի մասին են խոսում, բայց այնտեղ կար արդար ու լեգիտիմ իշխանություն, որն ուզում էր երկիրը փոխել: Կարևոր չէր` ինքը դեմոկրա՞տ էր, թե՞ ֆաշիստ: Սինգապուրը բավական կոշտ ու ավտորիտար երկիր էր, բայց ժողովուրդը երջանիկ ապրում էր, որովհետև նախագահն իր շրջապատի մեծ մասին գնդակահարեց կամ կախեց, հանեց գործից ու վտարեց երկրից, իսկ ինքը աշխատանքի էր գնում ոտքով: Եվ այդ երկրում բոլորը հավասար էին օրենքի առաջ: Ա՛յ դա եղավ նորմալ երկիր, իսկ մեզ մոտ դեռ դրա հոտը չկա:

– Նկատելի է, որ Սահմանադրության փոփոխություններն ու դրանից բխող օրենսդրական փոփոխությունները մեկ անձի՝ վարչապետի համար են արվում, նրան մեծ լիազորություններ են տրվելու ապրիլից հետո: Ո՞վ կարող է լինել այդ անձը:

– Միշտ լծակները ստեղծվում են Սերժ Սարգսյանի շուրջ: Հիմա` նա կլինի վարչապե՞տ, թե՞ ЖЭК-ի պետ` կապ չունի, միշտ իր շուրջն են եղել զարգացումները: Նա եղել է այս երկրի տերը, և իր շրջապատը` նույնպես: Ա՛յ, եթե նա Սինգապուրի այն ղեկավարի պես բարեխիղճ լիներ, շատ լավ կլիներ: Օրինակ՝ լավ կլիներ, որ իր ախպերներին վտարեր երկրից, փողերը լցներ, ասեր՝ ժողովո՛ւրդ, կներե՛ք, էլ չեմ գողանա, էն հին նախագահներին բերեր ու թափ տար, և երկիրը կկառուցվեր: Դա իմ երազանքն է, քանի որ ես թուլամիտ եմ, նման բաներ եմ երազում: Որևէ այլ խելամիտ մարդ նման բան չի երազի:

– Այսինքն՝ դուք նկատում եք, որ այս ամենը նորից Սերժ Սարգսյանի համա՞ր է արվում:

– Ես նրա պլանները չգիտեմ, նա շախմատիստ է, ինձանից ավելի խելոք է, բայց ես՝ որպես քաղաքացի, չեմ զգում, որ ա՛յ սա կփոխվի, և որ լավ է լինելու: Չեմ տեսնում այդպիսի պատրաստ մի թիմ, որ կգա իշխանության ու բոլոր ոստիկաններին աշխատանքից կհանի, ամբողջ իրավապահ համակարգը կքանդի և նորից կսարքի: Ես ուղղակի չեմ տեսնում այդ մարդուն:

– Իշխանություններն արդեն քանի տարի է՝ հայտարարում են, որ պայքար են մղում կոռուպցիայի դեմ: Արդյունք տեսնո՞ւմ եք:

– Երբեք կոռուպցիայի դեմ պայքար չի եղել այս երկրում:

– Սերժ Սարգսյանը 2014 թվականին հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո չի հավակնելու ո՛չ նախագահի, ո՛չ էլ վարչապետի պաշտոնին: Այսօր արդեն գնահատականներ են հնչում, որ նա խաբեց ժողովրդին:

– Աշխարհում ոչ մի նախագահ, որքանով ես եմ տեղյակ, իր նախընտրական խոստումները չի կատարել: Նախագահները ինչ-որ բաներ են խոստանում, որպեսզի իրենց ընտրեն: Մի՛ ասեք՝ Սերժ Սարգսյանը խաբեց, ինչու` նրանից առաջ չէի՞ն խաբում: Ընդունված բան է, նախագահը պետք է խաբի, իսկ ժողովուրդը պետք է լինի հոտ, որը իր հետևից գնա: Շատ պետություններում է այդպես: Մեկ էլ պետության մեջ լինում է ինչ-որ փոփոխություն՝ կամ էվոլյուցիոն, կամ ռեվոլյուցիոն: Բայց Աստված չանի, որ լինի ռեվոլյուցիոն, գոնե էվոլյուցիոն փոփոխություն լինի, գոնե այդ դեպքում կապրենք: Չէ՛, չե՛նք ապրի, վե՛րջ:

– Իսկ ինչպե՞ս պետք է լինի այդ փոփոխությունը, ո՞րն է ճանապարհը: Մենք տեսնում ենք, որ մարդիկ՝ որպես բողոքի ճանապարհ ընտրել են արտագաղթը:

– Ես կարծում եմ` պետք է ինչ-որ տարածաշրջանային փոփոխություն լինի: Այդ փոփոխությունը պետք է դրսից լինի: Մեր հարևան  բոլոր երկրներին ձեռնտու է, որ Հայաստանը նման խնդիրների մեջ է: Դրանք իլյուզիաներ են, թե ժողովուրդը հիմա կկազմակերպվի, բան կփոխվի: Ոչ մի բան էլ չի փոխվելու, եթե ռեգիոնալ փոփոխություն չլինի:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am