Յո՞ երթաս. ըստ վերլուծաբանների՝ ԲՀԿ-ն «հոգեբանորեն անցումային փուլում» է

Յո՞ երթաս. ըստ վերլուծաբանների՝ ԲՀԿ-ն «հոգեբանորեն անցումային փուլում» է
Յո՞ երթաս. ըստ վերլուծաբանների՝ ԲՀԿ-ն «հոգեբանորեն անցումային փուլում» է

Երկուշաբթի կայացած ասուլիսի ընթացքում ԲՀԿ մամլո քարտուղար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կրկին հստակ ձևակերպումներ չի տվել, թե արդյոք ի՞նչ մարտավարություն է որդեգրել կուսակցությունը, ո՞ր դաշտում է խաղալու:
«ԲՀԿ-ի համար դժվար չէ այլընտրանքային ուժ լինելը»,- ասել է Ուրիխանյանը:
Այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն բոլորի համար անսպասելիորեն հրաժարվեց իշխանական կոալիցիայի մաս կազմելուց, շատերը սկսեցին սպասել, թե ընդդիմադիրի կեցվածք ընդունած ԲՀԿ-ն որքա՞ն հեռու կգնա:
Իսկ ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրարանցումից հետո, երբ ԱԱԾ-ն փողերի լվացման մեջ մեղադրեց նրան, Օսկանյանը խոսեց «քաղաքական հաշվեհարդարի» մասին, ինչին իշխանական ՀՀԿ մամլո քարտուղարը հակադարձեց` նշելով, որ «այդ ժամանակներն անցել են»:
Չնայած ԲՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին` շատերը դժվարությամբ են հավատում իշխանական կոալիցիայի ամուր սյուներից մեկի` ընդդիմության դաշտում հայտնվելու մասին նկրտումներին:

Եթե մի դեպքում խոսքն այն մասին էր, որ ԲՀԿ-ն ժամանակ է ձգում իշխանական կառավարման մարմիններում ավելի հարմարավետ տեղավորվելու համար, մյուս կողմից` լռությունն ու արդեն իսկ կորցրած նախարարական և այլ բարձրաստիճան պաշտոնների պորտֆելները կրկին մտորելու տեղիք են տալիս, թե արդյոք Գագիկ Ծառուկյանն ի՞նչ քայլեր է նախատեսում առաջիկայում:

«Քանի որ ԲՀԿ-ն կոալիցիա չկազմեց ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ, նա արդեն ընդդիմադիր է, անկախ նրանից` հայտարարո՞ւմ է այդ մասին, թե՞ ոչ»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Ըստ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանի՝ «ԲՀԿ-ն հոգեբանորեն գտնվում է անցումային փուլում»:

«Երկար ժամանակ լինելով իշխանության մեջ՝ ԲՀԿ-ի համար նոր երևույթ է ընդդիմադիր լինելը, այդ իսկ պատճառով նրանք ասում են, որ այլընտրանք են` ո´չ ընդդիմություն, ո´չ իշխանություն: Բայց դա ընդամենը բառախաղ է, ընդդիմության էլեմենտներից մեկը»,- ասում է Բոզոյանը:

Նա նշում է, որ լիարժեք ընդդիմադիր լինելն էլ հարաբերական է. «Եթե հիշում եք, առաջ Գեղամյանը խիստ ընդդիմադիր էր, այսօր նա իշխանության կազմում է, իսկ ԲՀԿ-ն` ոչ: Հայաստանում քաղաքական ուժերը գործում են` տարածության և ժամանակի մեջ հստակեցնելով իրենց դիրքը, այսինքն` հետագայում կարող է նորից փոխվել՝ այսօրվա ընդդիմությունը դառնա իշխանությունը և հակառակը»:

Արմեն Բադալյանը նույնպես ԲՀԿ-ի անորոշ մոտեցումը համարելով «տրանսֆորմացիոն փուլ»` հավելում է, որ ժամանակ է անհրաժեշտ, որ ԲՀԿ-ն նոր ուղենիշներ գտնի ու դուրս գա այդ բարդույթից:

«Բայց դա չպետք է երկար տևի, որովհետև եթե այս անորոշությունը երկարի, ԲՀԿ վարկանիշը կընկնի և կբերի ընտրազանգվածի նվազում»,- հավելում է Բադալյանը:

© Medialab.am