Դիմորդների բողոքները ստանում են քաղաքական երանգ․ դրանցում ներգրաված անձանցից մեկը Քոչարյանի սատարողներից է․ Արայիկ Հարությունյան․ Տեսանյութ

Դիմորդների բողոքները ստանում են քաղաքական երանգ, քանի որ այստեղ ներգրաված ու դրանք կազմակերպող անձանցից մեկը Ռոբերտ Քոչարյանի սատարողներից է։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ուզում եմ դիմորդների ու նրանց ծնողների ուշադրությանը հրավիրել այդ հանգամանքի վրա, որպեսզի չընկնեն այդ հոսանքների մեջ», -հավելեց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ անցած շաբաթ քննությունների արդյունքներից դժգոհ խումբը նախարարությունում հանդիպման արդյունքներով ստացել էր իրենց հուզող հարցերի պատասխանները և բավարարվել։ Սակայն մի քանի օր անց նորից սկսել են բողոքի ակցիաներ։

Նախարարի ներկայացրած տվյալներով, ընդհանուր եղել է 9372 դիմորդ, որոնք դրական գնահատական են ստացել։ Նրանցից 8706-ը ընդունվել է։ Այնուհետև թափուր տեղերի համար մրցույթին դիմել է մոտ 520 դիմորդ, որոնցից չեն ընդունվել 49-ը, ընդունվել՝ 472-ը։

«Այս ամենի արդյունքում մենք ունեցել ենք այնպիսի իրավիճակ, որ չընդունվողների թիվը եղել է 200։ Ինչ վերաբերում է բարձր բալ հավաքած և բուհ չընդունված դիմորդներին, մենք նրանց առաջարկել էինք դիմել թափուր տեղերի մրցույթին և ընդունվել։ Բացի այդ, նրանց առաջարկել ենք այս գնահատականներով դիմելով բուհեր հեռակայի քննության ժամանակ, գնալ սովորել», -ներկայացրեց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում

Հարցազրույց Արայիկ Հարությունյանի հետ

Ընդունելության քննությունների և կրթության նոր չափորոշիչների մասին Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Posted by Լուրեր on Monday, July 27, 2020